«Պետք է այնպես անել, որ և՛ գայլերը կուշտ լինեն, և՛ ոչխարները՝ ապահով». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Գազավորված ըմպելիքների, ծխախոտի, վիսկիի և այլ ապրանքատեսակների ակցիզային հարկի դրույքաչափերը բարձրացնելու շարժառիթները տարբեր կարող են լինել, բայց շատ դեպքերում այն չի կարող էական ազդեցություն ունենալ սպառման ծավալների վրա, համոզված է «Սպառողների խորհրդատվական կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը: Ու եթե համեմատենք բրենդային կամ տեղական արտադրության գազավորված և շաքար պարունակող ըմպելիքները, ապա բնական է, որ տեղական ընկերությունները կարող են ավելի շատ վնասներ կրել:
«Խոսքը նոր աշխատատեղեր բացելուն, վերազինվելուն է վերաբերում: Բայց չեմ կարծում, որ ակցիզային դրույքաչափի բարձրացման պատճառով սպառման ծավալները շատ պակասեն, քանի որ եթե մարդիկ սովոր են նման ընպելիքներից օգտվել, միևնույն է, կշարունակեն գնել. 5 հատի փոխարեն՝ 3 հատ կգնեն և չեն նայի, որ 50 դրամ թանկացել է: Ինչ վերաբերում է տնտեսվարողներին, ապա այն ճնշում կառաջացնի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների վրա, քանի որ եթե արտադրամասն ընդլայնելու կամ ապրանքի որակն ավելի բարձրացնելու խնդիր ունեին, ապա այս դեպքում առայժմ նման քայլերի չեն գնա: Դրան զուգահեռ՝ մյուս կողմից հարկավոր է նաև ուսումնասիրել, թե ընդհանրապես ինչ որակի արտադրանք է շուկա հանվում և որքանո՞վ է այն վնասակար առողջության համար: Այսինքն, հարցը միայն ակցիզային հարկերը բարձրացնելով չէ, հարկավոր է ապրանքների որակական հատկանիշները ևս ուսումնասիրել և այդ մասին մարդկանց իրազեկել: Եվ դրանից հետո, թող մարդիկ մտածեն, թե որ ապրանքից են ցանկանում օգտվել, որից՝ ոչ»,- ասաց Կ. Չիլինգարյանը:
Խոսելով մեծ աղմուկ բարձրացրած վիսկիի ակցիզային հարկը 7000 դրամով բարձրացնելու մասին՝ կազմակերպության ղեկավարը նշեց, որ դա այն ապրանքը չէ, որը շուկայում մեծ սպառում ունի: Ուստի այդ ապրանքատեսակի ակցիզային հարկը բարձրացնելը նույնպես չի կարող մեծ ազդեցություն ունենալ սպառման ծավալների վրա:
«Էժանագին վիսկիի սպառումն, անշուշտ, կնվազի, սակայն 100-150 հազար դրամանոց վիսկիի սպառումն, իմ կարծիքով, կմնա նույնը, քանի որ այն սպառողները, ովքեր պատրաստ են այդքան գումար վճարել, ուշադրություն չեն դարձնի այն 7000 դրամով թանկացե՞լ է, թե՞ ոչ: Դա այն խմիչքը չէ, որն ամեն օր կամ հաճախակի է օգտագործվում մեր սպառողների կողմից: Մեզ մոտ ավելի շատ սպառվում են ավանդական համարվող խմիչքները՝ գինին, օղին, կոնյակը: Ուստի չեմ կարծում, որ ակցիզային հարկի դրույքաչափը բարձրացնելը մեծ օգուտ կբերի բյուջեին»,- ասաց Կ. Չիլինգարյանը:
Խոսելով հակածխախոտային պայքարի շրջանակներում ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման մասին՝ կազմակերպության ղեկավարը նշեց, որ պետք է ոչ միայն դրույքաչափերը բարձրացնել, այլ բոլոր ուղղություններով հավասարապես համալիր պայքար մղել:
«Պարզ է, որ կառավարությունն առաջին հերթին պետք է բնակչության առողջության մասին մտածի, բայց պետք է նաև այնպես անել, որ և՛ գայլերը կուշտ լինեն, և՛ ոչխարները՝ ապահով: Իմ կարծիքով, պետք չէ միանգամից արգելել, որ սրճարաններում ու ռեստորաններում ծխելն արգելվի, այլ հարկավոր է ինչ-որ տեղ ավելի վատ պայմաններ հատկացնել նրանց համար, որպեսզի մարդիկ ինքնակամ սկսեն հրաժարվել նման վայրերում ժամանակ անցկացնելուց: Այսինքն, պայքարը պետք է համալիր մղել, մի կողմից բացատրական աշխատանքներ իրականացնել, մյուս կողմից խրախուսել չծխողներին, ինչպես շատ երկրներում են վարվում: Կան երկրներ, որտեղ չծխողներին ավելի շատ են վարձատրում, քան ծխողներին, կամ բուհական հաստատություններում չծխողներին ավելի բարձր կրթաթոշակ են տրամադրում, քան ծխողներին: Ամեն դեպքում ես չեմ կարծում, որ այդ խնդիրը պետք է լուծվի միայն տուգանքներով և հարկերը բարձրացնելով: Ամեն ինչ պետք է համաչափ իրականացվի, որպեսզի բոլորը՝ և՛ հասարակությունը, և՛ արտադրողը, և՛ ներկրողը չտուժեն: Ամենաճիշտ ուղին, այնուամենայնիվ, իմ կարծիքով, բացատրական աշխատանքների ճիշտ կազմակերպումն է, և այն ոչ թե պետք է հատվածային բնույթ կրի, այլ լինի երկարատև և շարունակական, որպեսզի հնարավոր լինի առանց տույժ-տուգանքային մահակներ օգտագործելու ավելի շատ դրական արդյունք արձանագրվել»,ասաց Կ. Չիլինգարյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում