ՀՕ-ի «հակառակ երեսը»
AnalysisՕրերս կառավարության շենքի առջև տեղի ունեցավ բողոքի զանգվածային ակցիան, որը կապված էր գազավորված ընպելիքների թանկացմանը և փոխանակման կետերի պետտուքի ավելացման հետ, իրականում ունենք մի իրավիճակ երբ կառավարությունը փաստացի տանուլ է տալիս այս «ճակատում»:
Նկատենք, որ 2018-ի նոյեմբերին, երբ ներկայացվում էին ՀՕ-ում սպասվելիք փոփոխությունները, ֆիննախի տեղակալ Արման Պողոսյանն ասել էր, որ գազավորված ըմպելիքների ակցիզային հարկից գները չեն բարձրանա: Նա նշել է, որ առաջարկվում է ակցիզային հարկը սահմանել 10 %-ի չափով, բայց ոչ պակաս 30 դրամ՝ 1 լիտրի համար։ Նաև հավելել, որ ամեն դեպքում, ամեն ինչ կախված է իրավիճակից, մրցակցությունից, և հնարավոր է, որ արտադրողն այդ ամբողջ ծախսը վերցնի իր վրա, որպեսզի գնի բարձրացում տեղի չունենա:
Միանշանակ տարօրինակ է, որ նախարարի տեղակալն իր պաշտոնին ոչ հարիր վերլուծություն է անում։ Անգամ տարրական դասարանի աշակերտի համար էլ պարզ է, որ եթե ակցիզային հարկը տասը տոկոս է կազմելու, ապա մեկ լիտր ըմպելիքը, ինքնաբերաբար, կթանկանա ոչ պակաս, քան 30 դրամով։ Երրորդ՝ ինչու՞ պետք է արտադրողն ավելացած այդ ամբողջ ծախսը վերցնի իր վրա, որպեսզի գները չբարձրանան։ Ի՞նչ նորագույն մոտեցում է սա, աշխարհում ընդունված տնտեսագիտական կանոններում ևս կարծրատիպե՞ր են փորձում կոտրել։
Հաջորդ լրջագույն և խնդրահարույց հարցն առնչվում է տարեկան պետտուրքին։ Արտարժույթի փոխանակման կետերի և գրավատների սեփականատերերի ու աշխատակիցների զայրույթը շատ տեղին է։ Առաջարկվող փոփոխությամբ արտարժույթի փոխանակման կետերի տարեկան տուրքը 50 հազարից դառնումէ 3 մլն դրամ, իսկ գրավատներինը՝ 100 հազարից՝ 6 մլն դրամ։ Ամենավտանգավորն այստեղ այն է, որ տնտեսաֆինանսական ոչ մի հիմնավորում չի ներկայացվում, թե ինչու, ինչ հաշվարկներից ելնելով են գրավատների և արտարժույթի փոխանակման կետերի համար սահմանել նման աստղաբաշխական թվեր։ Միևնույն ժամանակ նկատենք, որ թեև առևտրային բանկերի համար ևս բարձրացել է տարեկան պետտուրքի չափը, այնուհանդերձ, դա խիստ մեծ չէ, հաշվի առնելով բանկերի մեծ կապիտալիզացիան։ Նման մոտեցումն ինքնին նշանակում է, որ խնդիրներ են ստեղծվելու այս ոլորտի ՓՄՁ-ի համար
Ստացվում է այնպես, որ այդպիսով պետությունը փորձում է օրինականացնել հնարավոր մեծ եկամուտները, որոնք կարող են ունենալ նշված փոքր ֆինանսական հիմնարկները։
Փաստացի՝ արդեն այսօր ՀՕ-ի փոփոխությունները դրված են օրենսդիրի սեղանին։ Բողոքավորների կռիվը, ըստ երևույթին, կշարունակվի արդեն ԱԺ-ում։ Քննարկումը թեժ կլինի, սակայն սա չէ կարևորը, այլ այն, որ բարձրացված խնդիրը լուծում կստանա՞, թե՞ ոչ։ Մի կողմից իշխանությունը կարևորում է փոքր և միջին գործարար խավի «առողջացման» հարցը, մյուս կողմից, «վիրուսակիր» օրենքներ են ներմուծվում դաշտ, ինչը կարող է «ախտահարել» ներդրողներին։ Քանի որ բոլորի համար էլ պարզ է, որ ցանկացած ներդրող կարևորում է այն մոտեցումը, որ ցուցաբերում է պետությունն իր գործարար խավի նկատմամբ։
Անդրանիկ Հարությունյան