Մեծ Բրիտանիան կկորցնի՞ գերտերության կարգավիճակը
International newsՄեծ Բրիտանիայում կենացնեն օր օրի քաղցրանում են: ՆախօրեինՀամայնքների պալատը հանձնարարեց կառավարությանը ԵՄ-ից բրեկզիտի հետաձգում խնդրել: Հիմա գնդակը ԵՄ տիրույթում է և բերկզիտի հարցը պիտի վճռի հենց ԵՄ-ն: Համայնքների պալատը քվեարկեց փոփոխության օգտին, որն արգելում է Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից առանց համաձայնագրի: Կողմ քվեարկեց 412, դեմ 202 պատգամավոր:
Վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է հաջորդ շաբաթ ևս մեկ անգամ քվեարկության դնել արդեն երկու անգամ մերժված համաձայնագիրը: Եթե երրորդ փորձից նախագիծը հավանություն ստանա, Մեծ Բրիտանիան կխնդրի ընդամենը 3 ամսով հետաձգում` մինչև հունիսի վերջ, որպեսզի այդ ընթացքում ընդունի անհրաժեշտ օրենսդրական ակտերը: Հինգշաբթի ընդունված որոշումը կառավարության առաջին հաղթանակն էր խորհրդարան ու մեկօրյա քվեարկությունների մեջ: Մինչ այդ Համայնքների պալատը երկրոդ անգամ մերժեց բրեկզիտի համաձայնագիրը, հետո հակառակ կառավարության` ընդհանրապես արգելեց առանց համաձայնագրի բրեկզիտը: Լեյբորիստների ղեկավար Ջերեմի Կորբինը, հինգշաբթի օրը, քվեարկությունից հետո, ասաց, որ փակուղուց ելքը տեսնում է ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի մեջ, որի հիմքում կլինեն Լեյբորիստների առաջարկությունները: Նրանք ուզում են ԵՄ-ի հետ ավելի սերտ հարաբերություններ պահպանել, քան առաջարկում է Մեյի կառավարությունը:
Նշենք, որ ԵՄ-ն մարտի 21-22-ի համաժողովում կպատասխանի բրիտանական առաջարկին: ԵՄ տարբեր երկրների ու իշխանության կենտրոնական կառույցների ղեկավարներն արդեն ասել են, որ պատրաստ են Լոնդոնին ժամանակ տալ, բայց ուզում են հասկանալ` ինչու՞: Վերջին 3 օրերին մի քանի հայտարարություններ են եղել, որ կարճ ժամանակը չի հերիքի բրեկզիտի այլընտրանքային տարբերակ գտնելու համար, որը բավարարի Համայնքների պալատի բոլոր պատգամավորներին, ուստի լիովին հնարավոր է, որ բրեկզիտը հետաձգվի մեկ տարով կամ ավելի երկար: Երկարատև հետաձգման մասին հինգշաբթի խոսել է և Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:
Բրիտանիայի հետ ԵՄ գլխավոր բանակցող Միշել Բարնիեն ընդգծել է, որ ԵՄ-ն դեռ սպասում է նոր դրական առաջարկների, եթե Լոնդոնի հետ համաձայնեցված նախագիծը վճռականորեն չի բավարարում Բրիտանիայի խորհրդարանին: Տեսական հնարավորություն կա, որ Մեծ Բրիտանիան մարտի 29-ին ԵՄ-ից դուրսկգա: Եթե ԵՄ որևէ երկիր վետո դնի բրեկզիտի հետաձգմանը:
Ամփոփելով փաստենք, որ Մեծ Բրիտանիայում ընթացող վերջին զարգացումները ցույց տվեցին, որ այս երկիրը, որը հայտնի է իր խոհեմությամբ և ճշտապահությամբ, հանկարծ սկսեց բանանային հանրապետություն հիշեցնել, որը հապճեպ որոշումներ է ընդունում և խեղաթյուրում իրականությունը: Ըստ ամենայնի՝ բրեկզիտից հետո ՄեծԲրիտանիան կկորցնի գերտերության կարգավիճակը, իսկ եթե Բրիտանիան լքի ԵՄ-ն, վատ ազդեցություն կլինի թե Մեծ Բրիտանիայի, թե Եվրոպայի ու Արևմուտքի համար: Բրեկզիտի արտաքին քաղաքականության հետևանքներն ամենաքիչն են քննարկվում, բայց կարող են ամենալուրջը լինել: Եթե այն տեղի ունենա, մի քանի տարում Շոտլանդիան և Հս. Իռլանդիան կթուլացնեն կապերը Մեծ Բրիտանիայի հետ՝ Եվրոպայի հետ դաշինքը պահպանելու նպատակով: Այդ դեպքում Միացյալ Թագավորությունից կմնան 21-րդ դարի երեք տնտեսական բլոկներից որևէ մեկում չտեղավորվող Անգլիան և Ուելսը:
Անդրանիկ Հարությունյան