Փաստաբան. «Մենք խարխուլ հիմքերով կառուցվածի տանիքն ենք վերանորոգում՝առանց հիմքերն ամրապնդելու». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Կառավարությունը հաստատել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչն առաջացրել է փաստաբանական համայնքի ներկայացուցիչների դժգոհությունը: Փաստաբան Արայիկ Պապիկյանն օրենքի նախագծի շուրջ առկա քննադատությունները ավելի լայն խնդրի մեջ է դիտարկում: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ, առհասարակ, օրենքի փոփոխություններ միշտ են եղել, բայց խնդիրն այլ է:
«Փոխվում են ինչ-որ պաշտոնյաներ, բայց համակարգը, կառուցվածքը, որպես այդպիսին, չի փոխվում: Այդ համատեքստում է նաև փաստաբանական համայնքը, առկա խնդիրները: Հիմա կոսմետիկ վերանորոգումներ են կատարվում օրենքում, բայց բուն համակարգը պետք է առողջացվի: Երբ մենք օրենքի որևէ հոդված կամ նորմ ենք փոխում, հարմարեցնում ենք տվյալ իրավիճակին, մեկ է՝ համակարգին որևէ փոփոխություն չենք տալիս: Արդյունքում մենք շարունակում ենք մնալ այն լճացած վիճակի մեջ, որն ունեցել ենք տարիներ շարունակ: Հիմա նույն ձեռագիրն է շարունակվում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց նա՝ ընդգծելով, որ ոլորտում շատ լուրջ ու գլոբալ խնդիրներ ունենք:
«Օրինակ՝ առաջարկվում է քննարկման առարկա դարձնել փաստաբանների՝ մեկից ավելի պալատ ունենալու տեսակետը, ինչպես նաև ներկայիս փաստաբանների պալատի վարչական, կառավարչական առումով փոփոխությունների ու ընտրությունների հարցը: Ու թեև համակարգն առողջացնելու շատ ավելի լուրջ հարցեր կան, այդուհանդերձ, ինչպես նախկին իշխանությունների օրոք, այնպես էլ հիմա ճգնաժամային խնդիրները լուծելու փոխարեն դարձյալ հոդվածներ ու կարգավորումներ փոխելով ենք զբաղված: Ընդ որում՝ հետաքրքիր է, որ օրենքի փոփոխության նախագիծը նախորդ տարիներից ենք ժառանգություն ստացել: Փաստորեն, ստացվում է, որ դրա մեջ մեկ-երկու ստորակետ կամ նախադասություն ավելացնելով կամ խմբագրելով՝ նորից շարունակում ենք նույն թելը թելել»,-նկատեց մեր զրուցակիցը:
Նա ընդգծեց, որ զուտ «կոսմետիկ վերանորոգումների» կողմնակից չէ: «Ընդհանրապես համակարգն առողջացնելու շատ լուրջ ու արմատական խնդիր պետք է կատարենք: Կհամաձայնենք, թե չենք համաձայնի նախատեսվող փոփոխությունների հետ, իրավիճակը դրանից չի փոխվելու: Շատ լուրջ խնդիրներ կան. օրինակ՝ պետական մարմինները օրենքով սահմանված կարգով փաստաբաններին պատասխանատվության ենթարկելու մասին հարց բարձրացնելու լծակներ ունեն: Բացի այդ, փաստաբանների նկատմամբ նաև այսօր առկա հետապնդումները շատ ավելի մեծ ուշադրության կարիք ունեն: Եվ չնայած նշված խնդիրներին, շարունակում ենք հին համակարգի վրա ինչ-որ փոքրիկ փոփոխություններ կատարել: Չեմ ուզում վիրավորական հնչի, բայց սա ինքնախաբեության նման մի բան է: Մենք ինչ-որ բան ենք փոխում, տվյալ իրավիճակում թվում է, թե ինչ-որ տեղային խնդիր լուծեցինք, բայց իրականում ոչինչ էլ չենք լուծում: Այդպես մենք նույն համակարգի մեջ ենք մնալու՝ իր բոլոր խնդիրներով, իսկ հաջորդ օրը, նոր խնդրի դեպքում, նորից նոր նախաձեռնությամբ փորձելու ենք ինչ-որ բան փոխել, բայց այդպես չեն անում: Մենք խարխուլ հիմքերով կառուցվածի տանիքն ենք վերանորոգում՝ առանց հիմքերն ամրապնդելու: Կոնկրետ այդ փոփոխությունն ուղղված է խարխլված հիմքերով շինության պատուհանների վերանորոգմանը»,-ասաց նա՝ կարևորելով նաև համայնքի ներկայացուցիչներին լսելու անհրաժեշտությունը:
«Ես չեմ բացառում և ենթադրում եմ, որ Փաստաբանների պալատի ղեկավարությունը հանդիպումներ է ունենում տարբեր միջգերատեսչական մարմինների հետ: Բայց ես, գոնե վերջին 2-3 տարիների կտրվածքով, տեղեկություն չունեմ, որ այդպիսի հանդիպումներին մասնակցած լինեն այն փաստաբանները, որոնք քննադատում են, որոնց դիրքորոշումը տարբերվում է ՓՊ դիրքորոշումից և այլ առաջարկներ ունեն: Կան մեծ թվով պրոֆեսիոնալներ, որոնք ունեն առաջարկներ, ասելիք, բայց դուրս են մնացել որևէ ձևաչափով քննարկումներից, ինչը ևս պետք է մտահոգիչ լինի: Իհարկե, հասկանալի է, որ հնարավոր չէ այնպիսի քննարկում կազմակերպել, որին կմասնակցեն համայնքի բոլոր ներկայացուցիչները, բայց գոնե լավ կլինի, որ կազմակերպվի այնպես, որ յուրաքանչյուր հետաքրքրված կամ շահագրգռված անձ կկարողանա ներկա լինել այդ հանդիպումներին»,-եզրափակեց նա:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում