Ցուցեր Ղազախստանում, կան բերման ենթարկվածներ
International newsՂազախստանում ոստիկանությունն այսօր բերման է ենթարկել տասնյակ ցուցարարների, որոնք բողոքի ցույց են անցկացրել՝ Աստանան նախկին նախագահի պատվին Նուրսուլթան անվանելու դեմ։
Բերման ենթարկվածների թվում է նաև Current Time-ի թղթակից Սվետլանա Գլուսկովան։
Ոստիկանների և մի քանի ցուցարարների միջև քաշքշուկ է սկսվել, երբ ոստիկանները փորձել են ցուցարարների ձեռքից վերցնել պաստառները։
Երեկվա բողոքի ակցիաների ժամանակ մոտ երկու տասնյակ ակտիվիստներ են բերման ենթարկվել։
Ղազախստանի խորհրդարանը քաղաքի անունը փոխելու որոշումն ընդունեց մի քանի ժամվա ընթացքում: Առաջարկը ներկայացրել էր երկրի նոր նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ լիազորությունները ստանձնելուց անմիջապես հետո:
Վերջինս պաշտոնավարելու է մինչև 2020 թվականին կայանալիք ընտրությունները: Մի քանի թեկնածուներ արդեն հայտարարել են այդ ընտրություններին մասնակցելու մասին, նրանց թվում է նաև Ղազախստանի նախկին նախագահի ավագ դուստրը՝ Դարիգա Նազարբաևան, ով երեկ ստանձնել է խորհրդարանի խոսնակի պաշտոնը:
Ղազախստանը երեք տասնամյակ ղեկավարած Նուրսուլթան Նազարբաևը մարտի 19-ին հայտարարեց նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին, բայց չհեռացավ քաղաքականությունից՝ 78-ամյա Նազարբաևը կղեկավարի երկրի Անվտանգության խորհուրդը: