«Ով ինչպես ցանկանում, այնպես էլ ներկայացնում է Հայաստանը». գործունեության տեսակներ, որոնք խնդիրներ են առաջացրել. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Զբոսաշրջության ոլորտը բազմաթիվ կարգավորումների կարիք ունի, բայց կան խնդիրներ, որոնք առաջնային են: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը զբոսաշրջության քաղաքականության առաջնահերթ խնդիրների իր ցանկն ունի:
Խոսելով ոլորտի մասին՝ «Փաստի» հետ զրույցում նա ընդգծեց Հայաստանի ճանաչելիության բարձրացման կարևորության մասին, ինչը նախորդ տարի տեղի ունեցած իրադարձությունների արդյունքն էր:
«Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել թե՛ կուտակած ռեսուրսի, թե՛ ճանաչելիության բարձրացման վրա: Մենք պետք է կարողանանք այդ ամենից ճիշտ օգտվել: Մասնավորապես, մենք պետք է կարողանանք ճիշտ կառավարել զբոսաշրջիկների այն հոսքերը, որոնք սպասվում են: Սա նշանակում է, որ մենք առաջին հերթին պետք է մտածենք այն մասին, որ Հայաստան այցելած զբոսաշրջիկները մեր երկրից ոչ թե հիասթափված, այլ բարձր տպավորություններով գնան: Երբ բարձր տպավորություններով գնան, մեր երկրի մասին կպատմեն իրենց ընկերներին, հարազատներին: Իսկ եթե մենք սպասվող հոսքերից, զբոսաշրջիկների թվից գլուխներս կորցնենք ու ցածրորակ ծառայություններ մատուցենք, այդ դեպքում հակառակը կստացվի: Եթե լավի դեպքում մարդիկ հիմնականում բավարարվում են հարազատների ու ընկերների շրջանակով, ապա վատի դեպքում յուրաքանչյուր դժգոհ զբոսաշրջիկ մեր երկրի հանդեպ արդեն հարյուրավոր մարդկանց շրջանում բացասական կարծիք կձևավորի: Սա անպայման պետք է հաշվի առնենք ու շատ լրջորեն մտածենք ինչպես ծառայությունների որակի, այնպես էլ ճիշտ քաղաքականություն վարելու մասին»,-ասաց մեր զրուցակիցը:
Մեխակ Ապրեսյանը զբոսաշրջությանն առնչվող գործունեության մի քանի տեսակներ թվարկեց, որոնք պետք է կարգավորել նաև օրենսդրական դաշտում:
«Զբոսավար, զբոսաշրջային օպերատոր, զբոսաշրջային գործակալ: Ցանկը կարելի է շարունակել, բայց գործունեության այս տեսակներն առնվազն պետք է լիցենզավորվեն կամ առնվազն սահմանվեն որպես ծանուցման ենթակա գործունեության տեսակներ: Սա շատ կարևոր է մրցակցության, բարենպաստ ներդրումային միջավայր ապահովելու համար: Մեծ հաշվով, նշվածը կարևոր է նաև մեր երկիրը ճիշտ ու հավուր պատշաճի ներկայացնելու համար: Ինչու եմ սա նշում, որովհետև մենք այդ առումով այսօր խնդիր ունենք. ով ինչպես ցանկանում, այնպես էլ ներկայացնում է Հայաստանը: Այնպիսի իրավիճակ է, երբ չկարգավորված դաշտում զբոսավարի ծառայություն մատուցողները, որոնք նաև ոչ բավարար գիտելիքներ ունեն, կարող են ներկայացնել Հայաստանը: Բացի այդ, օտարերկրյա ոչ բարեխիղճ գործարարները մուտք են գործում Հայաստան, իրենց զբոսավարով այստեղ ծառայություններ են մատուցում և իրենց տեսանկյունից են ներկայացնում մեր մշակույթը, պատմությունն ու ժառանգությունը: Մենք այս առումով խնդիրներ ենք ունենում»,-նշեց Մ. Ապրեսյանը:
Բացի նշվածներից, տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը կարևորեց զբոսաշրջային ծառայություններ իրականացնող տրանսպորտային միջոցների աշխատանքը ավելի դյուրին դարձնելու անհրաժեշտությունը, մասնավորապես՝ մաքսային արտոնություններ տալը. «Սահմանային անցակետերում նշված տրանսպորտային միջոցների համար պետք է բարենպաստ միջավայր լինի: Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող զբոսաշրջային տրանսպորտը ևս պետք է ազատվի մաքսավճարից»:
Մեխակ Ապրեսյանն ընդգծեց, որ վերոնշյալ բոլոր խնդիրները և դրանց համալիր լուծումներն օրենսդրական նախաձեռնությունների տրամաբանության մեջ են:
«Զբոսաշրջության կոմիտեն այդ օրենքների նախագծերը մշակել է, և մենք մեր աջակցությունն ենք հայտնում դրանք կյանքի կոչելու համար: Առհասարակ, ոլորտի բարելավմանն ուղղված բոլոր միջոցառումները պետք է համալիր իրականացվեն: Մենք նպատակային ու մարքեթինգային քաղաքականություն պետք է վարենք, ինչը ևս կարևոր է: Բացի այդ, ապահովելով պետական և մասնավոր համագործակցություն, պետք է կարողանանք մեր առջև դրված նպատակներին հասնել»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում