Անդրանիկ Թևանյան. «Այդ ամենը ոչ թե տնտեսական լուրջ էֆեկտ, այլ կապիտալի փախուստի կբերի». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Արտահանման և արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշները լուրջ են և դրանք հուշում են, որ մենք արտաքին շուկաներ ենք կորցնում: Այս եզրահանգումը «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանինն է, որը «Փաստի» հետ զրույցում նախ ներկայացրեց առկա ցուցանիշները, հետո խոսեց պատճառների մասին:
«Այս տարվա փետրվարին 2018թ.-ի փետրվարի համեմատ արտաքին առևտրի ծավալները նվազել են 4,6 տոկոսով։ Իսկ 2019թ. հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 7,7 տոկոսով։ Մասնավորապես, արտահանման մասով 2019թ. փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ մենք 8,2 տոկոսով քիչ ենք արտահանել: Իսկ այս տարվա հունվար-փետրվարին 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը նվազել է 11,6 տոկոսով»,-ասաց նա:
Բիզնես միջավայրի վատացումը, ըստ մեր զրուցակցի, նշված ցուցանիշների պատճառներից մեկն էր. «Պատճառն այն էր, որ ԵՏՄ տարածքում նոր իշխանությունները չկարողացան աշխատել այնպես, որ տնտեսվարողների համար ստեղծվեն պայմաններ ապրանքներն արտահանելու համար: Ահա այդ ընդհանուր քաղաքականությունը բերեց նրան, որ նախորդ տարվա պես այս տարի ևս նույն պատկերն արձանագրվեց»
Ինչ վերաբերում է ավելի վաղ՝ օրինակ, 2017թ. ցուցանիշներին, Ա. Թևանյանը նշեց, որ 2017թ.-ին միտումները դրական են եղել:
«2017թ. ընդհանուր տնտեսական ակտիվության ցուցանիշի 7,7 տոկոս աճ ունեինք: Բնականաբար, ցուցանիշը չէր գոհացնում մեզ և այն ավելի բարելավելու խնդիր կար:
Այդուհանդերձ, թեև 2018թ. համար հայտարարվեց, որ տնտեսական առումով խնդիրներ չկան և իշխանափոխությունը խնդրի առաջ չի կանգնեցնի, ստացանք 5,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ: Իսկ 2019թ. համար, ինչպես գիտեք, կառավարույան ծրագրով նախատեսված է ընդամենը 5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ: Բայց եթե հաշվի առնենք, որ ինֆլ յացիան էլ պլանավորվել է 4 տոկոսի միջակայքում, ապա կարելի է ասել, որ տնտեսական քաղաքականության արդյունքում գործնականում մենք տեղում դոփելու ենք: Հաշվի առնելով նաև հարկային բեռի փաստացի
բարձրացումը՝ կարող ենք եզրակացնել, որ բիզնես միջավայրի համար այնքան էլ լավ օրեր չեն սպասվում: Բացի այդ, այս կառավարությունը գումարի խնդիր ունի՝ ներդրողների ներգրավման, հարկերի հավաքման տեսքով: Հաշվի առնելով այդ ամենը՝ կարող ենք ասել, որ այս տարի տնտեսական ցուցանիշները դրական առումով այդքան էլ հեղափոխական չեն լինելու»,-նշեց Ա. Թևանյանը:
Հարցին, թե այս պահին արտաքին առևտրաշրջանառության կարգավորման ի՞նչ հնարավորություններ և ուղղություններ կան, մեր զրուցակիցը պատասխանեց. «Տեսեք՝ մենք ԵՏՄ-ի անդամ ենք, և կան խաղի կանոններ, որոնք պետք է ադապտացվեն և իրենց հերթին պետք է հնարավորություններ տան, որ մենք արտաքին շուկաներ գտնենք: Բայց այդ ադապտացման գործընթացը նորմատիվների, խաղի կանոնների հետ է կապված, որոնք այս կառավարության կողմից չեն իրականացվում զուտ պրոֆեսիոնալիզմի բացակայության պատճառով: Կա շուկա, կան խաղի կանոններ, պայմաններ, և կառավարությունը պետք է բանակցի մեր արտաքին գործընկերների հետ, որ կարողանա բարենպաստ պայմաններ ստեղծել մեր արտահանողների համար: Նման աշխատանք, սակայն, չի իրականացվում կամ եթե անգամ իրականացվում է, ապա արդյունքները չեն երևում, իսկ եթե երևում են՝ միայն բացասական տեսքով»:
Անդրանիկ Թևանյանը շեշտեց, որ մեզ համար շատ կարևոր և առաջնային է արտահանման ուղղվածությունը, որովհետև փոքր տնտեսություն ունենք: «Եթե վիճակագրական ծառայությունն արդյունաբերական արտադրանքի աճ է արձանագրում, հարց է առաջանում, թե դրանք որտե՞ղ են սպառվելու, մանավանդ, որ ներքին շուկան այդքան էլ մեծ չէ: Եվ տնտեսական զարգացում ապահովելու միակ տարբերակը արտահանման ուղղությունն է, ինչպես նաև ներմուծման փոխարինումը: Այս երկու ուղղություններով էլ խնդիրներ կան»,-նշեց նա:
Դիտարկմանը, թե վերոնշյալ ցուցանիշները միայն առկա քաղաքականության հետևա՞նք են, արտաքին շուկայում խնդիրներ չկա՞ն, արձագանքելով՝ Ա. Թևանյանը նշեց, որ արտաքին միջավայրը, մեծ հաշվով, փոփոխությունների չի ենթարկվել: Նա հավելեց, որ նույնիսկ դրական հանգամանքներ կան, ինչպիսին, օրինակ, նավթի գնի իջեցումն է, բայց դա նույնպես որևէ ձևով ազդեցություն չի ունեցել:
«Ինչ վերաբերում է ներդրումային միջավայրին, ապա կառավարության թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական քայլերը հակառակ արդյունքն են տալիս: Եթե ներդրողների համար պայմաններ չեն ապահովվում, մարդիկ մտավախություն կունենան: Եթե խոսվում է այն մասին, որ մեղավորության կանխավարկածն է կիրառվելու, գույքի բռնագանձում է իրականացվելու առանց դատական վճիռների ու այդպես անցումային արդարադատություն է լինելու, ապա այդ ամենը ոչ թե տնտեսական լուրջ էֆեկտ, այլ ավելի շատ կապիտալի փախուստի կբերի: Սա նեոբոլշևիկյան մոտեցում է, և այն բավականին լուրջ խնդիրներ է առաջացնելու թե՛ տնտեսության մեջ ներգրավված բիզնեսի բոլոր շերտերի, թե՛ քաղաքացիների համար: Մեծ հաշվով, կուլակաթափություն ասվածը, բացի կապիտալի փախուստից, որևէ դրական արդյունքի չի կարող հանգեցնել»,-եզրափակեց նա:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում