Ալիևի հին ձեռագիրը, կամ` ամեն բան վերադառնում է ի շրջանս յուր. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է.
Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպման շուրջ ձևավորվել են որոշակի սպասելիքներ, ու թերևս դրա պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը դրանից առաջ ձևակերպել է Հայաստանի իշխանության նոր արցախյան քաղաքականությունը։ Մյուս կողմից՝ Վիեննայում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպումից առաջ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել է։
Նախօրեին ժամը 16։30-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևել յան հատվածում, մասնավորապես՝ Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, միջդիրքային տարածքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը։ «Չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է, ինժեներական աշխատանքները՝ կասեցվել», - ասված է Հայաստանի ՊՆ տարածած հաղորդագրությունում: Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը, բնականաբար, հերքել է հայկական կողմի պնդումները, ավելին՝ տեղեկացրել է, թե մերոնց «սադրանքների» հետևանքով մարտի 26-ի երեկոյան սպանվել է ադրբեջանական բանակի զինծառայող։ Անգամ եթե չլինեին այս միջադեպերը, ակնհայտ էր, որ մեծ ակնկալիքներ չէր կարելի ունենալ Փաշինյան-Ալիև հանդիպումից։ Մեթոդաբանական ու բովանդակային առումներով միանգամայն տարբեր են Երևանի ու Բաքվի օրակարգերը։ Հակամարտության կողմերը խոսում են տարբեր լեզուներով ու միանգամայն տարբեր է կարգավորման գործընթացից նրանց ակնկալիքները։ Ու բնավ պատահական չէ, որ Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ Բաքուն ռեստավրացրեց իր հին ձեռագիրը՝ սադրանքներ կազմակերպելով առաջնագծում։ Բաքուն հին մեթոդներով փորձում է ճնշում բանեցնել հայկական կողմի ու միջնորդների վրա։ ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևը կարծում է, որ Բաքվի քաղաքականությունը ներկա պահին առավել սադրիչ է դարձել, ինչը հաստատում են վերջերս տեղի ունեցող իրադարձությունները: Ինչ վերաբերում է Ղարաբաղում լարվածության թուլացմանը, փորձագետի կարծիքով՝ դա ժամանակավոր բնույթ է կրում, և ադրբեջանական կողմն ուղղակի սպասում է, որ կրկնի 2016 թվականի դեպքերը: Վերջին երկու օրվա իրադարձությունները հաստատում են ճանաչված փորձագետի գնահատականները։
Այս իրավիճակը մի քանի հետևությունների տեղիք է տալիս։
Նախ՝ հաստատվում են շատ փորձագետների այն պնդումները, որ, այսպես կոչված, «վերելակային դիվանագիտությունը» կարճաժամկետ էֆեկտ ուներ ու չէր կարող փոխարինել ինստիտուցիոնալ պայմանավորվածություններին։ Ավելին՝ հայկական կողմի առաջնահերթ խնդիրներից մեկն այն պետք է լինի, որ բովանդակային քննարկումներից առաջ դարձյալ պնդի Վիեննայի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության վրա։
Մյուս կողմից՝ սնանկ դուրս եկան այն բոլոր պնդումները, թե իբրև Նիկոլ Փաշինյանը ԼՂ հարցում պարտվողական քաղաքականություն է վարում, ինչի հետևանքով էլ Ալիևն իբրև թե «մեծահոգի» է դարձել։ Նախ՝ Փաշինյանի՝ Ստեփանակերտում ունեցած ելույթը հերքեց այս կեղծ փաստարկը, համենայն դեպս՝ վարչապետի շատ փաստարկներ համոզիչ էին, այլ խնդիր է, որ դրանք առայժմ կարգախոսային բնույթ ունեն ու իրականություն կարող են դառնալ միայն հետևողական դիվանգիտական աշխատանքի արդյունքում։ Երկրորդը՝ Ադրբեջանի վերջին օրերի պահվածքը հուշում է, որ Ալիևի իշխանությունը մեծ ակնկալիքներ չունի Փաշինյանի իշխանությունից ու, ըստ էության, շարունակում է նախկին քաղաքականությունը, որը մի կողմից բովանդակազրկում է բանակցային գործընթացը, մյուս կողմից՝ միտված է 2016թ. սցենարի կրկնությանը։
Ասվածն, իհարկե, չպետք է ավելորդ հոռետեսականության ու խուճապի առիթ ստեղծի։ Ցանկացած պարագայում բանակցային գործընթացի վերսկսումը դրական ազդակ է, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում գոնե պահպանել հարաբերական խաղաղությունն, ինչն արդեն իսկ կարևոր հանգամանք է։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում