Մանվել Սարգսյան. «Ադրբեջանն էլ է հասկացել, որ հայտնվել է բավականին ծանր վիճակում». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Ոչ թե բանակցություն, այլ ընդամենը մտքերի փոխանակում, որի թեման մեկնաբանությունների մեջ հստակեցում մտցնելն է: Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը այսկերպ է մեկնաբանում առկա իրավիճակը:
«Այսինքն, հստակեցում, թե առաջարկված սկզբունքների և էլեմենտների շուրջ ի՞նչ մեկնաբանություններ գոյություն ունեն: Այս ամենը պարզվելուց հետո միայն կարելի է խոսել բանակցային գործընթացի մասին: ՀՀ վարչապետն իր սկզբունքներն առաջ քաշեց՝ ասելով, որ խոսելու է միայն ու միայն ՀՀ-ի անունից, իսկ Արցախի անունից պետք է խոսի Արցախը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Մ. Սարգսյանը՝ ընդգծելով, որ ամեն ինչ շատ պարզ է:
«Ադրբեջանին առաջարկվել է հայտարարել, որ ցանկացած լուծում պետք է բխի կոնֆլիկտի 3 կողմերի շահերից: Եթե Ադրբեջանը դա չի անում, անիմաստ է շարունակել զրույցը: Ինչպես տեսանք, դա չեղավ: Հիմա խնդիրը ո՞րն է: Ի՞նչ է նշանակում այս ամենը: Այս ամենը նշանակում է կարևոր մի բան՝ Հայաստանի կողմից մտցվում է իրավունքների և պատասխանատվության հարց: Մի բան, որը երբեք չի եղել: Ով ինչի մասին ուզում, խոսում էր, ով ում անունից ուզում էր, խոսում էր»,-ասաց նա:
«Արցախի անունից Արցախն է խոսելու: Արցախն ունի Սահմանադրություն, սահմաններ, ընտրված իշխանություն: ՄԽ մանդատում գրված է՝ «ընտրված և այլ ներկայացուցիչներ են գալու»: Պետք է հստակեցնել՝ «այլ ներկայացուցիչներն» ովքե՞ր են: Թող պարզեն, Մինսկի խումբն էլ թող բացատրություններ տա՝ ի՞նչ իրավունքով է խախտել մանդատը և Արցախը դուրս հանել բանակցություններից: Նրանք այդ իրավունքը չունեին: Բացի այդ, ՄԽ-ն ընդունել է 1994թ. Բուդապեշտյան գագաթաժողովի որոշումը, որտեղ պարզ և հստակ ասված էր, որ բանակցային գործընթացի հիմքում դրված է լինելու 1992թ. զինադադարի եռակողմ պայմանագիրը»,հավելեց Մ. Սարգսյանը:
Նա համամիտ չէ տարածված այն կարծիքների հետ, թե ՄԽ ձևաչափը միակն է, որտեղ եռանախագահողները հակասություններ չունեն. «Մարդիկ ընդհանրապես շատ վատ են հասկանում այդ ֆորմատը: Հենց աշխարհաքաղաքական համատեքստում պետք է դիտարկել, թե ում են ներկայացնում այդ պետությունները. Ֆրանսիան ներկայացնում է Եվրոպան, Ռուսաստանը՝ իրեն, ԱՄՆ-ն՝ իրեն: Խոշորագույն խաղացողները գործընթաց են ստեղծել, որտեղ ինչպես կողմերը, այնպես էլ իրենք իրենց շահերն ունեն, իսկ ի՞նչն է բոլորիս միացնում՝ մանդատը: Հիմա այդ մանդատը խախտվում է, և այդ գործընթացը որևէ լեգիտիմություն չունի: Սա է այն, ինչ իրենք են արել, դրա համար հիմա մենք ենք թելադրում քաղաքականությունը՝ ասելով՝ եկեք պատասխանատվության խնդիր դնենք, և յուրաքանչյուրս զբաղվենք այն գործով, որի համար պատասխանատու ենք, ինչի իրավունքն ունենք: Եթե ոչ՝ դա բանակցություն չէ»:
Մանվել Սարգսյանի խոսքով, Ադրբեջանը հիմա շատ բարդ վիճակում է: Նա նշված համատեքստում է դիտարկում սահմանային լարվածության նվազումը:
«Դիտարկելով թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական հայտարարությունները, հարցազրույցները՝ կարելի է ասել՝ հասկացել են, որ, ելնելով ՀՀ-ի նոր մոտեցումից, բավականին ծանր վիճակում են հայտնվել: Փորձում են ձևեր գտնել, առաջարկներ անել: Երկրորդ հանգամանք էլ կա. 2016թ. Վիեննայի պայմանավորությունների ժամանակ Ռուսաստանի միջոցով մի կերպ կարողացան դուրս հանել հետաքննության մեխանիզմների ներդրման պայմանը: Եթե Ադրբեջանը որևէ պահի զգա, որ կարող է պատերազմել և հաջողություններ ունենալ, պատերազմելու է: Մենք պաշտպանում ենք մեր իրավունքները, իսկ իրենք իրենց ձեռքում պինդ պահում են ժամանակին անհիմն ձևով ձեռք բերած իրավունքները: Ուղղակի չպետք է միամիտ լինել, պետք է հանգիստ աշխատենք»,-եզրափակեց Մ. Սարգսյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում