Ուսխորհուրդների թնջուկը. որքանո՞վ է անօրինական նրանց գործունեությունը. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Դեռևս ամիսներ առաջ «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարեց, որ ԵՊՀ ուսանողական խորհրդի գործունեությունն անօրինական է: Պարզվում է՝ խոսքը միայն ԵՊՀ ուսխորհրդի մասին չէ. խնդիրն առկա է նաև այլ բուհերում: Դեռևս 2010 թվականի հոկտեմբերի 28-ին «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ պահանջվում է, որ բուհերի ուսխորհուրդները ձևավորվեն ու գործեն կրթության կառավարման լիազոր մարմնի՝ ՀՀ ԿԳ նախարարության հաստատած կանոնադրության համաձայն: Այնինչ բուհերի, այդ թվում պետական համալսարանի ՈւԽ կանոնադրությունները չեն հաստատվել ԿԳՆ-ի կողմից: Ըստ այդմ, կարծիք կա, որ դրանք օրենքից դուրս են գործում:
ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ իրենք կանոնադրությունն ուղարկել են ԿԳՆ, բայց մինչ օրս նախարարությունից հաստատված գրություն չեն ստացել:
«Բայց մեր հայտարարություններից մեկի մեջ հղում ենք տվել օրենքի մի կետի, որը մեզ հնարավորություն է տալիս, որ եթե մեկամսյա ժամկետում պատասխան չենք ստանում, առաջնորդվենք մեր կանոնադրությամբ: Այսինքն՝ մենք դիմել ենք, մեզ հասանելի բոլոր քայլերն արել ենք, բայց նախարարության անգործության պատճառով չենք ստացել պատասխան, ինչը մեզ թույլ է տալիս, որ ղեկավարվենք այդ կանոնադրությամբ, եթե դրանում չկա որևէ այլ օրենքի հակասող դրույթ: Իսկ կանոնադրության մեջ նման բան չկա, այն ամբողջությամբ ընդունվել է ուսանողների, ուսանողական խորհրդի համագումարի կողմից, որն ուսանողության ներկայացուցչական մարմինն է», - նշում է Ափոյանը՝ հավելելով, որ խոսակցություն է ունեցել նախարարության իրավաբանի հետ, և իրեն ասել են, որ որևէ խնդիր չկա հաստատելու կամ չհաստատելու հետ կապված, ամեն ինչ նորմալ է:
«Դրանից հետո մենք որոշակի պարզաբանումներ ենք ուղարկել նախարարությանը, որոնք մեզանից պահանջել էին, բայց կրկին պատասխան չենք ստացել: Անկեղծ ասած, հիմա չենք կենտրոնանում այդ հարցի վրա:
Ունենք ուսանողության վստահությունը, նրա ձայնը բարձրացնելու իրավունք և շարունակում ենք աշխատել», - ասում է ԵՊՀ ուսխորհրդի նախագահը :
Այս պատմությունն իրենով բավական հետաքրքիր ստացվեց: Մասնավորապես, ուսխորհուրդների անօրինական գործունեության հարցը բարձրացրեց ԵՊՀ «Ռեստարտ» նախաձեռնությունը՝ ասելով, որ օրինակ, ԵՊՀ ուսխորհուրդն անօրինական է գործում և այն պետք է լուծարել ու նոր ուսխորհուրդ ձևավորել: Սակայն այսօր մեր՝ այս թեմայով իրենց ուղղված հարցին ի պատասխան, ԵՊՀ «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ներողություն խնդրեց և ասաց. «Այդ թեմայով չեմ ուզում մեկնաբանություն տալ: Թող մի քիչ իրադարձությունները զարգանան, հետո էլի կխոսենք»:
Ուսխորհուրդների շուրջ ստեղծված իրավիճակի մասին զրուցեցինք նաև կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ: Այն դիտարկմանը, որ եթե ուսխորհուրդների աշխատանքը դիտարկենք զուտ օրենքի շրջանակում, ապա ստացվում է, որ եթե նրանց կանոնադրությունները ԿԳՆ-ն չի հաստատում, ապա նրանց գործունեությունն էլ կարելի է անօրինական համարել, այդ թվում՝ հոգաբարձուների խորհրդում ընդգրկվելը, պարոն Խաչատրյանը դրական պատասխան տվեց՝ սակայն նշելով, որ այս հարցի առնչությամբ իր կարծիքն այլ է:
«Ինքս չեմ կարծում, որ այդ կանոնադրությունները ինչ-որ ձևով պետք է հաստատվեն: Հաստատումն ինչ-որ չափով ինքնավարության սահմանափակում է: Ես, օրինակ, շատ կցանկանայի, որ այդ կանոնադրություններն ընդամենը հաստատվեն ուսխորհուրդների կողմից, և եթե անհրաժեշտություն լինի, կարելի է հաստատել նաև արդարադատության նախարարությունում, որպեսզի դրանք խտրական կամ այլ տեսակի խախտումների կետեր չպարունակեն: Սա զուտ իրավական առումով, բայց եթե ԿԳ նախարարությունն է հաստատում, սա արդեն որոշակի ազդեցության լծակ է դառնում»:
Զրուցակիցս միևնույն ժամանակ ասում է, որ զարմացած է, թե ինչու ուսխորհուրդներն իրենց կանոնադրությունները ժամանակին չեն ուղարկել հաստատման. «Զարմանալի է, թե ինչո՞ւ հետամուտ չեն եղել խնդրին: Ճիշտն ասած, սա մի քիչ տարօրինակ բացահայտում էր»:
Մյուս կողմից էլ, եթե օրենքը պահանջում է, որ ուսխորհրդի կանոնադրությունը պետք է հաստատվի, ինչը չի արվել, արդյո՞ք նույն այդ օրենքի տեսանկյունից անօրինական չէ նրանց մասնակցությունը բուհերի հոգաբարձուների խորհուրդներին: Պարոն Խաչատրյանը նշում է, որ ասեկոսեներ կային, որ թղթի վրա գրված որոշում էլ չկա, որով ուսխորհուրդը հաստատում է, որ այս-այս մարդիկ պետք է ներկայացնեն ուսխորհուրդը բուհի հոգաբարձուների խորհրդում:
«Եթե սա ճշմարտություն է, ապա ինչո՞ւ այդ ամենը չի փաստաթղթավորվել, շատ հետաքրքիր է: Ասում են՝ ցուցակ են տվել, որը բուհը ներկայացրել է, ասենք, կառավարության հաստատմանը, բայց չի փաստաթղթավորվել, որ այսինչ օրը կայացավ նիստ, որոշվեց՝ այս մարդիկ պետք է ներկայացնեն ուսխորհուրդը հոգաբարձուների խորհրդում: Լսել եմ, որ որոշ բուհերում այդ փաստաթղթերը չկան», - եզրափակեց մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում