Ատելության ու անհանդուրժողականության իրականություն. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է.
Հասարակությունս դարձել է պատժամոլ: Որ ցանկացած հանցագործություն պիտի անպատիժ չմնա, անկասկած է: Որ ցանկացած հանցանք պիտի արժանանա իրավական գնահատականի, դարձյալ անկասկած է: Կրկնում ենք՝ բացառապես իրավական գնահատականի, առանց անձնական վերաբերմունքի, առավել ևս՝ առանց քաղաքական հիմքերի: Բայց երբ իշխանության ես գալիս միայն «նստեցնելու», «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու» հռետորաբանությամբ, երբ հասարակական տրամադրություններն անընդհատ թեժ ես պահում ոչ թե կոնկրետ անելիքների, մարդկանց կենսամակարդակում աստիճանաբար, կաթիլ-կաթիլ դրական տեղաշարժեր ապահովելու միջոցով, այլ անցյալի հետ կռիվ տալով, մատ թափ տալով, երբ հարուցված գործերի մի զգալի մասն ուղեկցվում է մասկի-շոուով, իսկ առանձին դեպքերում խորքում ուղղակի անձնական վրեժխնդրությունն է «առկայծում», այս ամենն ի վերջո դոմինոյի էֆեկտ պիտի ունենա: Դրա համար էլ հենց մեկի մասին խոսք է լինում, հատկապես նախկիններից, մի առանձնահատուկ զանգված վրա է տալիս՝ կախել, մորթել, դատել, արտաքսել: Բոլորը դատավոր են դարձել ու դատախազ, բոլորը պատժող են դարձել: Եվ ո՛չ մի գրամ սեր, ո՛չ մի գրամ հանդուժողականություն, ոչ մի գրամ հարգանք՝ անցյալի, ինստիտուտների, արժեքների հանդեպ: Սևուսպիտակ ակնոցների բարդույթը վտանգավոր աստիճանի պարուրել է բոլորիս, անցյալը բացառապես սև է, ներկան՝ սպիտակ: Անշուշտ, նույնչափ վտանգավոր է նաև հակառակ մոտեցումը:
Սակայն ցավալի է, որ երկկողմանի այս չարության և ատելության մթնոլորտը հրահրվում ու խորացվում է սիրո և հանդուրժողականության անվան տակ իշխանության եկած մարդկանց կողմից: Սոցցանցերում հայհոյանքը դարձել է սովորական մի բան, անձնական վիրավորանքը՝ առօրեականություն, ու բոլորը պատժում են, պատժում են, պատժում են: Դժվար է ասել՝ որքանով է առաջնային այս դեպքում այն հանգամանքը, որ իրավապահ համակարգի հանդեպ վստահության շրիշակային աստիճան կա հասարակության մեջ, որքանով է ազդում այն հանգամանքը, որ հասարակությունը վստահ է՝ հեռախոսային մի զանգով կարելի է մեկին «փակել», մյուսին ազատ արձակել, ու այդպիսի վստահության համար փաստարկված հիմքեր ունի: Կարծում ենք՝ էապես է ազդում: Բայց շատ ավելի խորքային, հիմնովին է ազդում այն հանգամանքը, որ մենք մեր ներսում ուղղակի թշնամիներ ենք փնտրում, խոշորացույցով, իրավական հարթությունը ստորադասելով անձնական ու քաղաքական վերաբերմունքին: Թշնամին դրսում է, ոչ թե ներսում. Հայաստանի ոչ մի իշխանություն թշնամի չէ՝ սկսյալ Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Նիկոլ Փաշինյան: Սխալներ եղե՞լ են:
Անշուշտ: Սխալներ առկա՞ են: Անշուշտ: Եղե՞լ են արդյոք օրինազանցություններ: Կարծում ենք՝ եղել են, կարծում ենք՝ կան ու կլինեն:
Բայց ո՛չ մեր, ո՛չ հասարակության կարծելը էական չէ: Էականը իրավապահ մարմինների եզրակացությունն է: Բայց ոչ միակողմանի, ոչ անձնավորված, ոչ հրահանգավորված և ուղղորդված, առավել ևս՝ ոչ թիրախավորված հատուկ անձերի հանդեպ: Ինչի՞ հասավ իր հռետորաբանությամբ ու շոուներով ներկայիս իշխանությունը: Հասավ նրան, որ հիմա բոլորս իրար կասկածում ենք, բոլորս իրար վիրավորում ենք, բոլորս իրար անվանարկում ենք. ոմանք զոմբիներ են, մյուսները՝ դավաճաններ:
Երբ քննադատական խոսք հնչեցնող յուրաքանչյուր ոք հակահեղափոխական է որակվում, երբ իշխանության տեսլականից դուրս ցանկացած կարծիք որակվում է սերժական կամ ռոբական, երբ ամեն ինչում մեղավոր են ԶԼՄ-ները՝ 2-3 բացառությամբ, արդյունքը պիտի լիներ այն, ինչ կա: Իշխանությունը քննադատվելու է միշտ, այդպես է բոլոր երկրներում, բոլոր ժամանակներում, ու դրանից ոչ թե ցնցումների, հիստերիայի մեջ է պետք ընկնել, այլ ականջ ունենալ լսելու համար, գտնել առողջ հատիկն ու հաշվի առնել: Հակառակ պարագայում իրականությունից կտրվելը կա ու կա, իսկ դրա հետևանքները մենք արդեն տեսել ենք:
Անշուշտ, այնքան պարզունակ չի կարելի լինել՝ մտածելու, թե նախկինում սրված հակադրություններ, փոխադարձ վիրավորանքներ չեն եղել: Եղել են: Բայց այս աստիճանի սրվածություն, այս աստիճանի անհանդուրժողականություն գրեթե երբեք չի եղել: Վստահաբար սթափվելու կարիք ունենք բոլորս:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում