ԿԳՆ պաշտոնյաները ծնողներին համոզում են հատուկ դպրոցներից հանել երեխաներին
AnalysisՎերջին շրջանում քննարկվում է կրթության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու, մասնավորապես՝ միջնակարգ կրթությունն ամբողջությամբ ներառական դարձնելու ծրագիրը: Եվ որքան էլ փորձենք այն լավատեսական լույսի ներքո դիտարկել, այնուամենայնիվ պետք չէ մոռանալ, որ կրթության ոլորտին առնչվող ցանկացած բարեփոխում կոչվածի ամենաչնչին սխալ մի ակնթարթում կարող է չարափոխում դառնալ՝ իր հետ անդունդ գլորելով բազմաթիվ անմեղ երեխաների ճակատագրեր:
Այսինքն, այս ոլորտում ինչ-որ «մտահղացում» շրջանառության մեջ դնելուց առաջ հարկավոր է 100 անգամ չափել, նոր միայն բարձրաձայնել: Էլ չենք ասում կոնկրետ գործողություններ ձեռնարկելու մասին:
Orer.am-ին հայտնի դարձավ, որ օրերս հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար նախատեսված գիշերօթիկ դպրոցները նույնպես փակման վտանգի առաջ են: Եվ, որքան էլ զարմանալի է, բայց իրողություն է, որ այսպես ասած, «արայիկհարությունյանական» այդ պլանն իրականություն դարձնելու համար ԿԳ նախարության կողմից ինչ-որ խմբեր հերթով շրջում են նախարության կարծիքով փակվելու ենթակա դպրոցներով և երեխաների ծնողներին համոզում, որ վերջիններս իրենց երեխաներին տեղափոխեն այլ դպրոցներ:
Բնականաբար, խնդիրներ ունեցող երեխաների ծնողները հրաժարվում են առաջարկն ընդունելուց, լավ իմանալով, որ մտավոր խնդիրներ ունեցող իրենց երեխաների համար դա կարող է խորը հոգեբանական ցնում լինել:
Դա բնական է, քանի որ երեխաներին մի դպրոցից մյուսը տեղափոխելիս հաճախ բավական ժամանակ է անհրաժեշտ լինում նոր միջավայրին հարմարվելու համար: Իսկ խնդիրներ ունեցող երեխաների դեպքում նման կտրուկ փոփոխությունը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Եվ, որպես կանոն, նման դեպքերում ո՛չ նախարարներ, ո՛չ էլ որևէ պետական պաշտոնյա մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել, չնայած որ նման երեխաներիի ծնողներն ու հարազատները շատ դեպքերում ստիպված են եղել երեխաներին պատճառված հոգեկան ցնցումների պատճառով գուցե մինչև իրենց կյանքի վերջ տառապել:
Եվ այս պայմաններում հասկանալի չէ, թե ինչո՞ւ են ոլոտի պատասխանատուներն այս ամենն անտեսում և նախարարի ցանկությունն ի կատար ածելու համար գերատեսչության կողմից գործուղվելով շարունակում շրջել տարբեր դպրոցներ, հեռախոսային կապ հաստատել երեխաների ծնողների հետ և համոզել, որ այն ի կատար ածվի:
Մնում է հարց ուղղել կառավարությանը, թե ե՞րբ է վերջապես ավարտվելու կրթության ոլորտի անխնա քայքայումը, և այդ ճանապարհին ինչո՞ւ այդպես էլ հաշվի չի առնվում երեխայի շահը, ինչի հետևանքները շատ դեպքերում անդառնալի կարողեն լինել, հատկապես մտավոր խնդիրներ ուենցող երեխաների դեպքում:
Արմինե Գրիգորյան