Ինչո՞ւ պետք է ՏԻՄ-երը լինեն չկաշկանդված
AnalysisՏարածքային կառավարման մարմինների ձևավորման սկզբից՝ 1995թ․-ից, երբ ստեղծվեց այս ինստիտուտը բոլորը համարում էին, որ դա ժամանակավոր է և այն ժամանակ մարզպետներն իրենց գորունեությունը կազմակերպում էին առաջին նախագահի հրամանագրերով մինչև 2018-ի գարուն, երբ ԱԺ-ում այդ օրենքներում լրամշակումներ կատարվեցին:։ Դրանք բավական հնացած փաստաթղթեր էին, քանի որ հակասության մեջ էին շատ օրենքների հետ։
Ըստ էության՝ մարզպետարանների դերը համայնքների հետ կապը ապահովելն էր, նաև հսկողությունը, ինչը շատ դեպքերում պետական ուղղաձիգ կառավարման էր վերածվում։ Տեղական համայնքների ինքնուրույնության կորուստը հենց այդ ուղղաձիգ կառավարման պատճառով էր։
Քանիցս խոսվել է այն մասին, որ Հայաստանում ՏԻՄ համակարգը խնդրահարույց ոլորտ է, ի դեպ՝ դա այդպես է եղել սկզբնավորման առաջին իսկ օրից: Ակնհայտ է, որ առկա խնդիրները խորքային են և հասնում են մինչև սահմանադրական կարգավորումներ: ՏԻՄ ղեկավարներն ու ավագանու անդամները առաջնային մանդատ ունեցող, ընտրված ներկայացուցիչներ են, սակայն գործնական կյանքում նրանք ստորադասվում են, կախվածության մեջ են հայտնվում մարզպետներից: Այն դեպքում, երբ մարզպետներն առաջնային մանդատ չունեն, կառավարության կողմից նշանակված պաշտոնյաներ են և պետք է կատարեն կառավարության ներկայացուցչի գործառույթները տեղերում:
Սակայն կյանքը ցույց է տվել, որ մարզպետները վերածվում են համայնքապետերին վերադաս ու թելադրող պաշտոնյաների: Այդ հարցում էական դեր է խաղում ՏԻՄ մարմինների ֆինանսական կախվածությունը մարզպետարաններից ու մարզպետներից: Սա խնդիր է, որը պետք է լուծվի, եթե անգամ պահանջվեն սահմանադրական փոփոխություններ:
Խնդիրների մյուս համախումբը կապված է հենց ՏԻՄ ղեկավարի, նրանց՝ սեփական դերի ու պաշտոնների ընկալման հետ: ՏԻՄ ղեկավարների մեծ մասը ըստ էության չի զգում իրեն տրված քաղաքացիների քվեի իրական արժեքն ու նշանակությունը, իրեն չի համարում անկախ, պետական մարմիններից անկախ պաշտոնյա և գործում է խորհրդային «կոլխոզի նախագահի» տրամաբանությամբ: Այն դեպքում, երբ տեղական ինքնակառավարման համակարգը հանրային կառավարման համակարգի կարևորագույն ենթահամակարգերից է՝ ճիշտ այնպիսին, որպիսին են պետական իշխանության մարմինները, դատարանները կամ քաղաքացիական հասարակությունը:
Ցանկացած կառավարման համակարգ, ունենալով ավելի կամ պակաս ուժեղ կողմեր, արդյունավետ կամ ոչ արդյունավետ է դառնում մի շարք գործոնների հաշվառմամբ, ինչպիսիք են, օրինակ, տվյալ երկրում ժողովրդավարական քաղաքական ավանդութի առկայությունը, քաղաքական պրակտիկայի համապատասխանությունը Սահմանադրությանը, օրենքի գերակայությունը, հասարակության իրավագիտակցության մակարդակը և այլն: Այս տարրերի համախումբն այլ կերպ կոչվում է քաղաքական կամ սահմանադրական մշակույթ:
Առաջին հայացքից թվում է, թե ՏԻՄ-երը քաղաքական առումով պետք է լինեին ինքնուրույն, քանի որ ամեն համայնք ուղիղ ընտրություններով ընտրում է համայնքի ղեկավար, ավագանու անդամներ, բացի Երևան, Վանաձոր ու Գյումրի քաղաքներից, որտեղ համամասնական ընտրակարգով են ընտրությունները։ Բայց քանի որ նրանք ունեն շատ սահմանափակ լիազորություններ՝ սահմանափակ ֆինանսական ռեսուրսներով, սա առաջացնում է էական կախվածություն պետական մարմիններից։ Ֆինանսական թուլությունն ազդում է քաղաքական ինքնուրույնության վրա:
Կառավարությունը ներկայումս ձեռնամուխ է եղել մի նոր օրեսդրական նախաձեռնությամբ՝ ըստ որի, ավելի է ընդլայնում մարզպետարանների ֆունկցիոնալ առանձնահատկությունը, և մարզպետարանները դառնում են համայնքապետերի գլխին կախված «մահակ»: Վերջին շրջանում ականատես ենք լինում թե ինչպես են մարզպետներն անընդհատ թիրախավորում այս կամ այն համայնքապետին և մեկը մյուսի հետևից «բացահայտումների» ու «չարաշահումների» շղթաներ հայտնաբերում: Ունենք մի իրավիճակ, երբ իշխանություններն իրենց տեղական ներկայացուցիչներին օժտել են լայն լիազորություններ, որպեսզի հնարավոր բոլոր մեթոդներով ու ձևերով հանրության շրջանում ապահովեն ցանկալի տրամադրություն:
Անդրանիկ Հարությունյան