Շենքեր կառուցեցին, բոլորին տներով ապահովեցին, իսկ հետո՞. պետք է մտածել աշխատատեղ ստեղծելու մասին. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս Քաղաքաշինության կոմիտեի նախագահ, ճարտարապետ Վահագն Վերմիշյանն ասել էր, որ կոմիտեն բնակարանաշինական նոր նախագիծ է մշակում` մարզերի նորաստեղծ ընտանիքների համար։ Երևան գալու փոխարեն նրանք կկարողանան պետությունից 10 դոլարով բնակարան վարձել: Նախագիծն, ըստ էության, վատն անվանել չես կարող, չնայած այն հաստատվելու դեպքում մի շարք հարցեր առաջ կգան՝ կապված դրա իրագործման ժամկետների հետ: Հարցն ունի մի քանի բայցեր. մարզերից նորաստեղծ ընտանիքները և անհատները տեղափոխվում են մայրաքաղաք ոչ միայն այն պատճառով, որ բնակարան չունեն: Իրականում խնդիրն ավելի խորքային է: Մարզերում, հատկապես գյուղական համայնքներում, զարգացած չեն ենթակառուցվածքները, շատ դեպքերում ակտիվ չէ մշակութային կյանքը:
Ազգագրագետ Նիկոլ Մարգարյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ բազմաբնակարան շենքեր կառուցելու հարցը միշտ է քննարկվում: Որոշ ժամանակ առաջ, երբ Գյումրիում տնակների վերացման հարցը նոր թափ ստացավ, առաջարկ հնչեց, որ Շիրակի մարզում բազմաբնակարան շենքերը կիսով չափ կամ մեկ երրորդով են բնակեցված:
«Շատերը մեկնում են արտերկիր աշխատանք գտնելու, նորմալ պայմաններում ապրելու համար: Փակ դռները շատ են:
Շենք կառուցելը խնդրի լուծում չէ: Առաջին հերթին պետք է մտածել աշխատատեղ ստեղծելու մասին: Ընդ որում՝ նկատի չունեմ, որ պետությունը պետք է դա անի. մենք Խորհրդային Միություն չենք: Պետք է ուղղակի պայմաններ ստեղծել, որ մարդիկ մնան, աշխատեն, իրենց գործը «դնեն», ուրիշների համար աշխատատեղ ստեղծեն: Սա խնդիրներից մեկն է: Մյուս երկուսն էլ իրավական և սոցիալական միջավայրերն են, որ մարդիկ կարողանան օրենքների շրջանակում այդ ամեն ինչն անել, որ ստվերային արտոնություն ունեցող մարդիկ չլինեն, որ մարդիկ, որոնք «կտուրներ» չունեն, հարկայինի հետապնդումների չենթարկվեն և այսպես շարունակ», - ասում է Նիկոլ Մարգարյանը:
Ակնհայտ է, որ շատերն են նշում՝ չէին ցանկանա երկրից հեռանալ, ընտանիքից հեռու ապրել, բայց գոյատևելու խնդիր կա: «Բնակարանն առաջին հերթին տեղ է այն մարդկանց համար, որոնք մոտակայքում աշխատանք ունեն: Աշխարհի շատ երկրներում բնակարանն ուղղակի քնելու տեղ է: Բազմաթիվ երկրներում, որտեղ մարդիկ պարբերաբար փոխում են իրենց աշխատավայրը, իրենք չեն էլ հավակնում սեփական բնակարան ունենալ: Նրանք անընդհատ շարժման մեջ են: Սեփական բնակարան ունենալու խնդիրը վերանում է, նրանք ուղղակի վարձակալում են դրանք:
Եթե ենթակառուցվածքները լավ չեն աշխատում, աշխատատեղերի խնդիրը լուծված չէ, մարդիկ թողնում ու գնում են: Սա նշանակում է, որ բնակարանն այդ արժեքների սանդղակում առաջին տեղում չէ: Առաջնայինն աշխատանք ունենալն է»:
Հաճախ հարց է բարձրացվում, որ մարզերում քիչ են, օրինակ, ժամանցի վայրերը, մշակութային միջոցառումները, և այդ առումով Երևանը գրավում է երիտասարդներին: Ազգագրագետի դիտարկմամբ, այս հարցը պետք է այլ հարթության մեջ դիտարկել: «Շատ դեպքերում մարզերում բացվում են ժամանցի վայրեր, սակայն կարճ կյանք են ունենում, որովհետև, միևնույն է, երիտասարդները ձգտում են դեպի Երևան: Այստեղ կա ազատության խնդիրը: Երիտասարդը դուրս է գալիս իր տնից կամ թաղամասից և տեսնում նույն դեմքերը, ինչ-որ տեղ կաշկանդվում այդ մարդկանց միջավայրում: Իսկ Երևանում հակառակն է. նա շփվում է անծանոթների հետ, գենդերային բազմազանություն տեսնում»:
Զրուցակիցս նշում է՝ մարզերում գործում են բուհեր, որոնք մասնագիտություններ ընտրելու հնարավորություն են տալիս, բայց երիտասարդները նախընտրում են Երևանում սովորել: «Երիտասարդները ձգտում են հեռանալ ծնողների վերահսկողությունից, ստանալ լավ կրթություն և, եթե կարողանում են լավ մասնագետ դառնալ, ձգտում են խոշոր քաղաքներում հաստատվել: Հետո արդեն, երբ հասկանում են, որ լավ մասնագետի պահանջարկը քաղաքում շատ է, հաստատվում են մայրաքաղաքում: Շատ օրինակներ կան, որ նրանք նաև Երևան են տեղափոխում ընտանիքի անդամներին:
Նորից եմ կրկնում՝ բնակարանաշինությունը կարող է մեկ խնդիր լուծել. մարդիկ կարող են ներգրավվել դրա մեջ և չմեկնել արտագնա աշխատանքի: Դա կարող է նույնիսկ ավելի կարևոր լինել, քան բնակարան ունենալը: Ի վերջո, այդ շինարարությունը մի օր կավարտվի: Տեսականորեն համարենք, որ շենքեր կառուցեցին, բոլորին տներով ապահովեցին, իսկ հետո՞»:
Մարգարյանը կարծիք է հայտնում, որ նախկինում իշխանությունները շինարարությունն օգտագործում էին որպես քաղտեխնոլոգիա՝ իրենց վարկանիշը բարձրացնելու համար: «Շենքի բացում էին անում, գալիս, նկարվում: Հետո պարզվում էր, որ շենքերը բնակիչներին նորմալ վիճակում չեն հանձնել, կոյուղին ավարտված չի, մի շարք հարցեր լուծված չեն և այլն»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում