Էներգետիկայի ոլորտը պաշարածները մոլորեցնում են Փաշինյանին, որ իրենց ուզածին հասնեն
AnalysisԲազմիցս շեշտել, նշել, ասել ենք, որ էներգետիկան բավականին բարդ և միևնույն ժամանակ հետաքրքիր ոլորտ է, բայց, ինչպես ՏՏ ոլորտում, այնպես էլ այստեղ, տարբեր նեղ մասնագետների է պետք անպայման լսել: Հարկավոր է նաև փորձել ըմբռնել հաշվարկների բարդ թվացող բանաձևերը, որպեսզի հասկանալի լինի, թե ոլորտն իրենցով արած անհատները որտե՞ղ են «քցում» թե՛ իշխանություններին, թե՛ ժողովրդին:
Բարեբախտաբար, էներգետիկների մեջ էլ կան ազնիվ, անկաշառ ու ոլորտի նվիրյալ մասնագետներ, որոնք լավ իմանալով ոլորտի մութ անկյուններն ու մանիպուլյացիոն բոլոր քայլերը ուզում են նոր իշխանություններին օգնել՝ հասկանալու համար, թե իրականում որտեղ է թաղված շան գլուխը: Բայց բնական մենաշնորհների տերերն իմանալով, որ ճշմարտությունը բացահայտվելու դեպքում, կարող է նաև սելավն իրենց էլ տանի, ոլորտի իրենց հավատարիմների համար ճանապարհներ են հարթում, որպեսզի վերջիններս տեղ հասնեն և վերևներին մոլորեցնող հեքիաթներ պատմեն:
Այս ճանապարհին, նրանք չեն մոռանում ամեն կերպ փակել բոլոր այն դռներն ու պատուհանները, որոնցով իրական նվիրյալները կկարողանան իրականությունը ներկայացնել վարչապետին: Եվ օգտվելով այն հանգամանքից, որ Փաշինյանը բավականին հեռու է էներգետիկայի ոլորտից, նրան ասվում է այն, ինչ ուզում են տերերը ու իրականությունը կրկին թաքցվում նրանից:
Արդյունքում ստացվում է, որ ոլորտի անաշառ մասնագետների ասածները մնում են թղթերի վրա, իսկ էլեկտրաէներգիայի, գազի, ջրի սակագների անվերջ աճող բանաձևերը շարունակում են գործել ի նպաստ ոլորտների սեփականատերերի: Երկիրն ու ժողովրդին թանկացումների շրջապտույտից դուրս բերելու համար հարկավոր է, որ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդամենը մեկ օր ժամանակ տրամադրի նրանց, ում դիմաց այսօր ամեն կերպ դռներ են փակվում:
Օրինակ՝ 1992-1993 թ.թ. էներգետիայի փոխնախարար, ներկայում էներգետիկ փորձագետ, Էդվարդ Արզումանյանին, վարչապետի էներգետիկայի հարցերով խորհրդական Ֆելիքս Թադևոսյանին և մյուս անաչառ մասնագետներին, որոնք հարգարժան վարչապետին կբացատրեն, թե ներկայում ինչպես է հաշվարկվում, օրինակ, գազի կամ էլեկտրաէներգիայի սակագինը, այդ բանաձևի որ մասն է հորինված, որն է իրական, և ինչու է արդյունքում այնպես ստացվում, որ ուզած, թե չուզած տարեց-տարի սակագները պետք է աճեն, իսկ սեփականատերերը ժողովրդի հաշվին հարստանան:
Եթե վարչապետ- ոլորտի նվիրյալներ հանդիպումը կայանա մասնագետները վարչապետին կպատմեն, թե սակագները հաշվարկելու բանաձևերում ինչ հետաքրքիր գործակիցներ կան, ինչ նպատակով են դրանք ներառված և այլն: Վստահ ենք, որ այդ ամենն ուսումնասիրելու արդյունքում շատ հարցեր կառաջանան նաև վարչապետի մոտ, որոնք չգիտես ինչու անցյալ տարիներին չեն առաջացել նախկին ղեկավարների մոտ: Ամեն դեպքում, վստահ ենք, որ նման հանդիպումից հետո վարչապետը բավականին ուշագրավ բացահայտումներ կանի և կկարողանա պատկերացում կազմել, թե որոն ք են իրականում գազի, ջրի, էլեկտրաէներգիայի թանկացումների պատճառները և մեծ հաշվով որտեղ է թաղված շան գլուխը:
Արմինե Գրիգորյան