«Պարոնայք ադմինիստրատորները գտնում են, որ ի վիճակի՞ են խնդիրներին լուծում տալ». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Դեռևս մարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցավ ժողովրդագրական իրավիճակին նվիրված խորհրդակցություն, որի ժամանակ գործադիրի ղեկավարը նշել էր, որ ժողովրդագրական վիճակի հետ կապված հարցերն առանձին վերցրած լուծում չունեն, և դրանք պետք է դիտարկել երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի զարգացման համատեքստում: Փաշինյանը նաև նշել էր, որ պետք է հասկանալ, թե պետությունը ժողովրդագրական վիճակի բարելավման ինչ ծրագրեր կարող է իրականացնել:
Օրերս հայտնի դարձավ, որ ստեղծվել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ, որը գլխավորելու է վարչապետը: Խորհրդի կազմում ընդգրկված են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, կրթության և գիտության, տարածքային կառավարման և զարգացման նախարարները, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը, վիճակագրական կոմիտեի նախագահը և մարդահամարի ու ժողովրդագրության բաժնի պետը, տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետը, վարչապետի օգնականը, աշխատակազմի ղեկավարի տեղակալը, սոցիալական հարցերի վարչության պետը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչը:
«Փաստի» հետ զրույցում ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը, լսելով հարցս՝ կապված խորհրդի ստեղծման հետ, նախ ինքն ինձ հարցրեց՝ իսկ ովքե՞ր են ընդգրկված այդ խորհրդում: Պատասխանս էր՝ նախարարներ, վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ և այլք: Պարոն Եգանյանի արձագանքը չուշացավ. «Պարոնայք ադմինիստրատորները գտնում են, որ լիովին ի վիճակի՞ են խնդիրներին որևիցե լուծում կամ ուղղություն տալ: Շատ հետաքրքիր է: Կարելի է ուղղակի փորձել հասկանալ, թե ինչի դա կարող է բերել»:
Ռուբեն Եգանյանը նախ տվեց ժողովրդագրության սահմանումը: Ակնհայտ է, որ շատերը կարծում են, թե ժողովրդագրությունը մարդկանց ծնելիության կամ մահվան, արտագաղթողներին վերաբերող ցուցանիշների վիճակագրությունն է:
«Սա գիտություն է բնակչության վերարտադրության, դրա օրինաչափությունների, առանձնահատկությունների, սոցիալ-տնտեսական իրավիճակի ազդեցությունների մասին: Ժողովրդագրությունն այն չէ, որ մարդիկ պետք է շատ ծնվեն, պետք է քիչ մեռնեն, պետք է մնան իրենց երկրում և չգնան ուրիշ երկիր, այլ երկրներից մարդիկ չպետք է գան: Դա պարզունակեցված վիճակն է: Կան ժողովրդագրության օրինաչափություններ, որոնք բոլորովին կախվածության մեջ չեն մեր ցանկություններից»:
Ժողովրդագիրը նշում է, որ իր համար մի քիչ տարօրինակ է հանգամանքը, որ նման խորհուրդ է ստեղծվում և այնտեղ չեն ընդգրկում գիտնականների, մարդկանց, որոնք քիչ թե շատ պատկերացում ունեն ժողովրդագրություն գիտության, բնակչության վերարտադրության մասին:
«Ասենք թե ինչ-որ տեղ գրված է, որ մի քանի տարի հետո մեր բնակչության թիվը պետք է կրկնապատկվի. ինչպե՞ս պետք է արվի, ինչի՞ հաշվին, հնարավո՞ր է, թե՞ ոչ: Ոչ ոք այս հարցերին պատասխան չի տալիս: Սա ընդամենը բարի ցանկություն է: Կարելի է ունենալ բարի ցանկություններ, որ, օրինակ, լավ կլիներ՝ ամեն ընտանիքում ծնվեր երեք երեխա, ոչ թե ընդհանրապես չունենային երեխա, որ վերարտադրողական տարիքի հասած բոլոր մարդիկ հնարավորություն ունենային ընտանիք ստեղծել և իրենց վերարտադրողական ներուժն առարկայացնել: Դժբախտաբար, այս ամբողջն այդպես չի կատարվում»:
Եգանյանը փաստում է, որ ցանկացած երևույթ ունի իր պատճառահետևանքային կապերը: «Մինչև դու չհասկանաս երևույթների պատճառները, հատկապես, եթե այդ երևույթը ցավոտ ընթացք է ստանում, դու որևէ կերպ դրանք կարգավորել ի վիճակի չես լինելու: Դա հայտնի ճշմարտություն է, որը վերաբերում է ոչ միայն ժողովրդագրությանը, այլև հասարակական կյանքի բոլոր դրսևորումներին: Այս դեպքում էլ պետք է հասկանալ պատճառները: Օրինակ, 90-ական թվականներից մեր բնակչության թվաքանակը շարունակաբար նվազում է: Որո՞նք են դրա պատճառները: Հիմնականում՝ միգրացիոն, մասամբ էլ՝ բնական վերարտադրության գործոնները: Դու կարող ես երևույթների վրա ազդել միայն պատճառների վրա ազդելով, բարեփոխումներ իրականացնելով», - ընդգծում է զրուցակիցս՝ հավելելով, որ այս խորհուրդը լավագույն դեպքում կարող է բարի ցանկությունների ինչ-որ հայտարարություն լինել. «Ավելին այդ խորհուրդը, կարծում եմ, չի կարող անել»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում