Ներկայումս ԵԿՄ-ն ավելի նման է հերթական հ/կ-ի
International newseadaily.com-ը «Փաշինյանը հսկողության տակ վերցրեց «Երկրապահին». վերելքի և անկման պատմությունը» վերնագրով հոդվածում գրում է, որ Երևանում «Երկրապահ» կամավորականների միության արտահերթ համագումարում կազմակերպության ղեկավարի պաշտոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանի սերտ գործընկեր Սասուն Միքայել յանի ընտրվելը փաստացի վկայում է վետերանների «կորպորացիայի» անցումը Հայաստանի վարչապետի վերահսկողության տակ: Միևնույն ժամանակ, «Երկրապահի» նախագահ դարձավ մարդ, որը դեռ անցյալ տարվա հունիսին հայտարարել էր, որ չի հավակնում այդ պաշտոնին՝ նույնիսկ եթե իրեն խնդրեն ստանձնել այն: Լրիվ հասկանալի է երբեմնի հասարակականքաղաքական տեսակետից ամենակարող կազմակերպություն հանդիսացող «Երկրապահի» անդամների տրամաբանությունը: Գոյատևելու համար օդի պես անհրաժեշտ են ռեսուրսներ և քաղաքական աջակցություն: Ի վերջո, «Երկրապահի» նախկին ղեկավար, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը հզոր հարված է հասցրել վետերաններ դարձած ղարաբաղյան պատերազմի կամավորների «կաստայի» ազդեցությանը և հեղինակությանը: «Երկրապահ» կամավորականների միությունը ստեղծվել է 1993 թվականին և միավորում է ղարաբաղյան պատերազմի վետերաններին: ԵԿՄ հիմնադիր և առաջնորդ Վազգեն Սարգսյանի՝ Հայաստանի խորհրդարանում ահաբեկչական ակտի հետևանքով 1999 թ. զոհվելուց հետո կազմակերպությունը ղեկավարում էր նրա գործընկեր, գեներալ Մանվել Գրիգորյանը: Սակայն վերջինս անցած տարվա հունիսին ձերբակալվել է հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում, և դրանից հետո «Երկրապահի» ղեկավարի պաշտոնը մնացել էր թափուր: Մյուս կողմից, Ադրբեջանի հետ «խաղաղության գործընթացի» ակտիվացման ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար չափազանց կարևոր է վետերանների կազմակերպության նկատմամբ հսկողություն ունենալը՝ կապված Իլհամ Ալիևի հետ բանակցային գործընթացում քննարկումներից գործնական փուլ անցնելու դեպքում կազմակերպության անդամների կողմից հնարավոր կտրուկ և անկանխատեսելի գործողությունները բացառելու ցանկության հետ: Սրանով էլ, ըստ երևույթին, բացատրվում է Սասուն Միքայելյանի՝ «իր սեփական կամքին հակառակ» նշանակումը որպես «Երկրապահի» ղեկավար: Ներկայումս կամավորականների միությունը կորցրել է իր նախկին ժողովրդականությունը: Կազմակերպության նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանը, որը ժամանակին ազդեցիկ գործիչ էր, ներկայումս ձերբակալված է և մեղադրվում է ապօրինի զենք պահելու և ուրիշի գույքի յուրացման մեջ: Մեղադրանքների և հանրային վրդովմունքի ծանրության ներքո կազմակերպությունը երկար ժամանակ չէր գտնում իրեն և փնտրում էր նոր առաջնորդ: Նման կարևոր և ազդեցիկ կառույցի անկումը ունի մի քանի պատճառներ, այդ թվում՝ կազմակերպության աստիճանական վերափոխումը բիզնես կառուցվածքի, Հայաստանում ընդհանուր քաղաքական «եղանակի» փոփոխությունը, սերնդափոխությունը և, վերջապես, վերջին 15-20 տարիների ընթացքում երկրում ընթացող քաղաքական գործընթացների վերաբերյալ «Երկրապահի» փոփոխվող դիրքորոշումը: Ներկայումս ԵԿՄ-ն ավելի նման է հերթական հ/կ-ի, քան թե ազդեցիկ կառույցի, որը վճռորոշ պահերին կարող է (ինչպես նախկինում) դառնալ երկրի համար ճակատագրական գործընթացների որոշման լոկոմոտիվ: 1999 թվականի հոկտեմբերին խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ Վազգեն Սարգսյանի ողբերգական մահից հետո «Երկրապահը» սկսել է աստիճանաբար հեռանալ Հայաստանի քաղաքական իրադարձությունների էպիկենտրոնից: Այս իրադարձությաը նախորդ ամբողջ ժամանակաշրջանում (1994-1999թթ.) զինվորականների ձեռքում էր կենտրոնացած երկրի կառավարման և գործարարության բոլոր լծակները: Անգամ 1998 թվականին Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերընտրությունից երկու տարի անց վետերանների «կաստան» իրականացրեց «պալատական հեղաշրջում», որի արդյունքում Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, իսկ այդ պաշտոնում ընտրվեց պատերազմի մասնակից և Ղարաբաղյան շարժման առաջնորդներից Ռոբերտ Քոչարյանը: Այս «փափուկ հեղաշրջման» պատճառը Ղարաբաղը և նրա շուրջ ընթացող գործընթացներն էին, քանի որ զինվորականները կոշտ դիրքորոշում էին զբաղեցրել: Մինչև վերջերս Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիսանում էր Հայաստանի միակ «քաղաքացիական նախագահը», այսինքն՝ միակը, որն անմիջականորեն ղարաբաղյան պատերազմի մարտերին չէր մասնակցել: Հայաստանի ներկայիս ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որը նախորդ տարվա «թավշյա հեղափոխության» ընթացքում մորուքն էր աճեցրել և, ըստ երևույթին, չի էլ պատրաստվում այն սափրել, նույնպես «քաղաքացիական նախագահ» է: Պատերազմից հետո ԵԿՄ-ում դադարել էր մարտական անցյալով նոր անդամներով համալրումը, հետո կազմակերպությունը աստիճանաբար վերածվել էր գործարար համայնքի, բայց ներկայումս այն լիովին ապակողմնորոշված է: Մարտական անցյալը և «Քաջության համար» մեդալները այլևս չեն ծառայում որպես անցաթուղթ դեպի բիզնես: Այժմ բիզնեսի հաջողությունը կախված է տնտեսական իրականությունից և անձնական գործարար ունակություններից: Միևնույն ժամանակ, մինչև ղարաբաղյան հակամարտությունը չկարգավորվի, զինված ուժերի ազդեցությունը Հայաստանի քաղաքականության վրա մնալու է շատ բարձր մակարդակի: Ներկայումս էլ հայկական քաղաքական իրականության մեջ ռազմական վերնախավի ձայնը շարունակում է ունենալ կարևոր, բայց ոչ վճռորոշ նշանակություն: Իսկ ներքաղաքական գործընթացներից Ղարաբաղը արհեստականորեն հանելու փորձերը դատապարտված են ձախողման, քանի որ ադրբեջանական բանակի յուրաքանչյուր կրակոցով կամ ճակատային գծում իրավիճակի սրացմամբ Ղարաբաղը վերադառնալու է հայոց քաղաքականության էպիկենտրոն:
Կամո Խաչիկյան