«Փաշինյանը վարչապետ է, թե՞ ծննդատան վարիչ․ ում բռնում՝ ազատում է»
AnalysisԱյսօրվա թոփ թեման Հայաստանի դրոշը սենյակի մի անկյունում թողած աշխատակցին աշխատանքից ազատելու Փաշինյանի հրահանգն էր: Նորագավիթի մաքսակետ այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրոշը աշխատասենյակի անկյունում՝ գետնին դրված հայտնաբերելուց հետո զայրացավ մաքսատան աշխատակցի վրա՝ «դիմումդ կգրես ու կգնաս, լսեցի՞ր», «Ինչի՞ համար է ինքը ստեղ: Որտեղ դրոշը դրել ա՝ տենց էլ աշխատանքը… ինքն ավելի բարձր է կանգնած, քան դրոշը: Ո՞նց կարա մարդն ամեն օր գա, մտնի իրա աշխատասենյակ, տենա դրոշը կեղտոտ գցած ա անկյունում… Էդ մարդը ո՞նց կարա Հայաստանում ուսադիրների տակ լինի: Կազատե՛ք բոլորին, մի մարդ չմնա էդ սենյակում աշխատող, մի մարդ չմնա»,- ասաց Փաշինյանը:
Քնից ձախ ոտքի վրա արթնացած Փաշինյանը նախքան դրոշի պատմությունն էլ աշխատասենյակ մտնելիս նույն երիտասարդին դիտողություն արեց՝ «երբ վարչապետն է գալիս, պետք է ձիգ կանգնած դիմավորել»:
Շրջայցի ընթացքում վարչապետի զայրույթը կրկնապատկվեց․ նկատելով մաքսատան տարածքի աղտոտվածությունը՝ այն խայտառակություն որակեց. «Պարգևավճարները կնվազեցնեք և այստեղ պատշաճ վիճակի կբերեք»,- դիմելով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ ասաց Փաշինյանը:
Համացանցում մեծ աղմուկ էր բարձրացրել Փաշինյանի կողմից հատկապես մաքսատան աշխատողին աշխատանքից ազատելու հանգամանքը: Օգտատերերից ոմանք պնդում էին, որ վարչապետը լիազորություն չունի աշխատակցին ազատելու և մեջբերում էին համապատասխան օրենքի նախագիծը: Նրանք սխալ էին համարում բոլորի ներկայությամբ մարդուն նվաստացնելն ու վրան ինքնահաստատվելը: «Փաշինյանը վարչապետ է, թե՞ ծննդատան վարիչ․ ում բռնում՝ ազատում է»,- կատակում են ֆեյսբուքի օգտատերերը:
Ոմանք էլ՝ վարչապետին հիշեցնում էին նրա և Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի եռագույն գուլպաները, որոնք հագել էին և լուսանկարվել էին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ժաամանակ: Որոշներն էլ հակառակվում էին՝ փորձելով համոզել, որ գուլպաների եռագույնը դրոշի գույների հետ կապ չունի և պետք չէ թացը չորի հետ խառնել:
Սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարկ է հիշեցնել՝ դեռևս հեղափոխության օրերին դրոշի գույներով կրծկալով մարմնի բարեմասնությունները փակած լայնաժպիտ աղջկան: Պարո՛ն վարչապետ, ինչո՞ւ այդ ժամանակ էլ դրոշը չէիք ծածանում: