Լիբիա. ռազմական երկրորդ ճակատ Մերձավոր Արևելքում
International newsՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդն ապրիլի 5-ի արտահերթ նիստում կոչ է արել Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆ Հաֆտարին դադարեցնել հարձակումը Տրիպոլիի վրա, որտեղ ՄԱԿ-ի ճանաչած կառավարությունն է: Նիստը Նյու Յորքում անցել է փակ դռների հետևում, արդյունքների մասին հաղորդել է Գերմանիայի ներկայացուցիչը:
Նշենք, որ 2011-ին Մուամար Քադաֆիի տապալումից հետո Լիբիայում ձևավորվել են իշխանության մի քանի կենտրոններ, որոնցից երկու հիմնականներն են` Ազգային միասնության կառավարությունը` ձևավորված ՄԱԿ-ի աջակցությամբ և երկրի արևմուտքը վերահսկող մարշալ Խալիֆ Հաֆտարի ուժերը, որ վերահսկում են արևելքը:
Ապրիլի 4-ին Հաֆտարն իր զորքերին հրաման տվեց սկսել Տրիպոլիի վրա հարձակումը: Նա խոստացավ, որ ռազմական գործողությունը չի վերաբերի խաղաղ քաղաքացիներին, արտասահմանցիներին ու պետական ինստիտուտներին: Տրիպոլիի պաշտպանական ուժերի կոալիցիան, որ աջակցում է Ֆաիզ Սարաջին, հայտարարեց հակահարձակման մասին: Երկրի արևմուտքում Միստրատի քաղաքի ռազմական ուժերը հայտարարեցին, որ պատրաստ են դիմադրել Հաֆտարի հարձակմանը: Ուրբաթ առավոտյան Հաֆտարի ուժերը պարտություն կրեցին մայրաքաղաքից 27 կիլոմետր արևմուտք ՊՊԿ-ում: Հաֆտարի մի քանի տասնյակ զինվորներ գերեվարվեցին, իսկ Լիբիայի ազգային բանակը հայտարարեց 5 զոհերի մասին:
Չնայած զուսպ լինելու ու ապաէսկալացիայի կոչերին` ուրբաթ օրը դաժան մարտեր բռնկվեցին Տրիպոլիից հարավ: Հաֆտարի ուժերը հայտարարեցին, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել մայրաքաղաքից 30 կիլոմետրի վրա գտնվող օդանավակայանը: Բայց կառավարական ուժերը հայտարարեցին, որ օբյեկտն ազատել են: ՆԳՆ-ն հայտարարեց, որ մարտերն օդանավակայանի մերձակա տարածքներում են:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հինգշաբթի Տրիպոլիում հանդիպեց Ֆաիզ Սարաջի հետո, հետո մեկնեց Բենգազի` Հաֆտարի հետ հանդիպելու: Լիբիայից հեռանալով` նա հայտարարեց, որ խորապես մտահոգ է ստեղծված իրավիճակով: Սրան զուգահեռ ուրբաթ օրը Մեծ յոթնյակի երկրների ԱԳ նախարարները հավաքվեցին Ֆրանսիայում և պահանջեցին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որ սպառնալիքի տակ են դնում քաղաքական կարգավորումը Լիբիայում:
Իր հերթին Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ աջակցում է ՄԱԿ-ի գործողություններին` Լիբիայում իրավիճակն ընտրությունների ու սահմանադրական բարեփոխումներով կարգավորելու ճանապարհով: Հավելենք, որ Հաֆտարը բազմիցս եղել է Ռուսաստանում: Վերջին անգամ նաՄոսկվայում էր 2018-ի նոյեմբերին, երբ հանդիպեց Սերգեյ Շոյգուի հետ: Մարտին բրիտանական ԶԼՄ-ները, հղում անելով Ուայթ հոլի աղբյուրներին, հաղորդեցին, որ Լիբիայի արևելքում 300 ռուս վարձկաններ կան Վագների մասնավոր ռազմականացված խմբից, որ կապվում է ռուս բիզնեսմեն Իոսիֆ Պրիգոժինի անվան հետ:
Ինչու՞ Խալիֆ Հաֆտարը հենց այս պահին որոշեց միավորել Լիբիան ու պատերազմ սկսել` համեմատաբար կայունացող երկրում, երկրի ներսում ո՞ր ուժերն են նրան աջակցում և ովքեր են հովանավորում դրսից, կերևա ժամանակի ընթացքում, փաստացի Սիրիային զուգահեռ երկրորդ ճակատ է բացվում Լիբիայում, որտեղ ևս հայտնի չէ` ովքեր, ում դեմ են պայքարում իրականում: