Քաղաքականության չգոյությունը. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է.
Սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է երկու փոխնախագահների՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ու ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեռակա «գաղափարական» բանավեճը։ Եթե հաշվի առնենք այն ակնհայտ իրողությունը, որ «բանավիճողները» նախկին ու ներկա իշխանությունների ինտելեկտուալ կադրերն են համարվում, ապա պատկերը շատ ավելի տխուր ու մտահոգիչ է դառնում ու խնդիրը, տվյալ դեպքում, ամենևին էլ այս երկու գործիչները չեն, որոնք լավագույնս բացահայտում են Հայաստանում քաղաքական հարաբերությունների ցածր նշաձողը։ Նրանք, ինչպես ասում են, մենակ չեն, մենակ չեն, մենակ չեն...
Նույնիսկ ավելորդ է ասել, որ Սիմոնյանն ու Աշոտյանը չեն վիճում քաղաքական որևէ հարցի կամ ծրագրի շուրջ ու իրար հասցեագրում են վիրավորանքներ, որոնք բնորոշ են կեցաղային պրիմիտիվ մակարդակին։ Շատ ավելի մտահոգիչ է այն հանգամանքը, որ այսօրվա իշխանության ու ՀՀԿ-ի ներկայացուցիչները «բանավիճում» են «հաճույքով»՝ միտումնավոր կամ ակամայից մենաշնորհելով քաղաքական համակարգը. հներն ու նորերն իրենց քաղաքական կենսունակությունը գտել են միմյանց հակադրվելու մեջ՝ արհեստականորեն ձևավորելով իշխանույուն-ընդդիմություն կոնֆիգուրացիան։ Փաշինյանի թիմը հասարակությանը վախեցնում է ՀՀԿ-ի գործոնով՝ մոբիլիզացնելով նրա իշխանությունից հիասթափված տասնյակ հազարավոր մարդկանց, ՀՀԿ-ն հարմար տեղավորվել է «սևի» կարգավիճակում՝ սպասեով «քայլողների» ֆիասկոյին։
Իհարկե, այս ամենն անգամ հեռավոր աղերս չունի քաղաքականության հետ, որովհետև նույն Ալեն Սիմոնյանն ու Արմեն Աշոտյանը վիճում են հայկական հայտնի հեքիաթի մոտիվներով։ Ուշագրավն այն է, որ հեղափոխության թիմը շարունակում է պայքարել հին համակարգի դեմ՝ նույնիսկ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ամբողջ իշխանության կրողն է, ու նույնքան պարադոքսալ է այն փաստը, որ ՀՀԿ-ն ռեբրենդինգի փոխարեն՝ գովազդում է այն համակարգը, որի գործունեությունը Հայաստանում հանգեցրեց հեղափոխության։
Հեղափոխությունից մեկ տարի հետո Հայաստանում քաղաքականությունը ոչ թե վերածնվում է, այլ վերանում է՝ մնալով «սևերի» ու «սպիտակների», «հեղափոխականների» ու «հակահեղափոխականների» ամուլ հակադրության փլատակների տակ։ Այս համատեքստում չեղարկվում են դեմոկրատական ընդդիմության ձևավորման քաղաքական, ինստիտուցիոնալ հիմքերը, ինչը հասարակությանը, մեծ հաշվով, զրկում է ընտրության հնարավորությունից։ Ընտրության ընթացակարգային օրինականությունը շատ արագ կարող է արժեզրկվել, եթե հասարակությունը չունենա բովանդակային ընտրության հնարավորություն։ Մյուս կողմից՝ դեմոկրատական այլընտրանքի բացակայությունը ծնում է ավտորիտարիզմի վերականգնման ակնհայտ ռիսկեր, որոնք արդեն իսկ նկատելի են կառավարութան վերջին շրջանի գործունեության մեջ։
Իշխանությունը պետք է ձերբազատվի այն մոլորությունից կամ քարոզչական մանիպուլյացիայից, երբ ցանկացած քննադատության հետևում փնտրում է նախկինների «ականջները», իսկ վերջիններս պետք է գիտակցեն, որ իրենց չարդարացված հավակնություններով ընդամենը լեգիտիմացնում են հեղափոխական իշխանության նույնիսկ ակնհայտ սխալ քայլերը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում