«Թվախեղդության» իներցիան ու քաղցրաբլիթները. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյբուքյան իր էջում տեղեկացրել է, որ 2019թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՃՏՊ հետևանքով զոհված քաղաքացիների թիվը նվազել է 17,3 տոկոսով։ «Սա այն դեպքում, երբ ավտոմեքենաների քիվը ավելացել է էականորեն, իսկ արագաչափերով և տեսախցիկների տուգանքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել են շուրջ 51 հազար հատով»,-գրել է Փաշինյանը։ Սա, իհարկե, վարչապետի նմանատիպ «վիճակագրական» առաջին գրառումը չէ ու հազիվ թե վերջինը լինի:
Տպավորություն է ստեղծվում, որ վարչապետին հենց մի բարենպաստ թիվ են զեկուցում, այն անմիջապես տեղադրում է ֆեյսբուքյան իր էջում՝ կառավարության դրական աշխատանքի ֆոն ստեղծելու նպատակով։ Այս առումով Հայաստանի գործող վարչապետը ամենևին էլ օրիգինալ չէ: Հայաստանը նախկինում էլ ունեցել է կառավարության ղեկավարներ, որոնք սիրել են զանազան թվերով «կերակրել» ժողովրդին։ «Թվախեղդությունը» իրականում մանիպուլ յացիայի ինքնատիպ դրսևորում է. որպես կանոն՝ վարչապետները սիրում են խոսել դրական թվերի մասին ու նույնքան հետևողականությամբ «մոռանում են» բացասական ցուցանիշների մասին, որոնք հիմա բավական շետ են։ Արդյունքում հասարակությունը զրկվում է իրավիճակին համապարփակ տեղեկանալու և կառավարության գործունեությունը օբյեկտիվ գնահատելու հնարավորությունից։
Մյուս կողմից՝ հեղափոխությունը Հայաստանում չի փոխել վիճակագրության նշանակությունը, կառուցվածքը, մեթոդաբանությունը։ Վիճակագրությունը շարունակում է մնալ որպես իշխանության պրոպագանդայի մաս ու իրենից ներկայացնում է ոչ թե ճշգրիտ փաստերի ու թվերի հանրագումար, այլ միջոց, որի շնորհիվ իշխանությունները ի ցույց են դնում իրենց համար ցանկալի պատկերներ։ Օրինակ՝ մեքենա ունեցող ցանկացած ոք կվկայի, որ հեղափոխությունից հետո փողոցը, մեղմ ասած, ավելի անվտանգ չի դարձել, եթե չասենք՝ լրիվ հակառակը, որովհետև ՃՈ աշխատակիցների համեստության ու առավել ներողամտության ֆոնին ավելացել է «դուխով» վարորդների թիվը։ Այս հարթության վրա վարչապետի ներկայացրած թվերը մի փոքր սուբյեկտիվ են թվում, կամ ընդհանուր ցուցանիշներից կտրված։
Այնպիսի տպավորություն է, որ հեղափոխությունը արմատապես չի փոխել մեր քաղաքական մշակույթը, կառավարության գործունեության տրամաբանությունը, փիլիսոփայությունը։ Հասարակությունն անընդհատ լսում է գեղեցիկ կարգախոսներ, տպավորիչ թվեր, սակայն դրանից նրա կյանքի որակը առանձնապես չի փոխվել։ Մյուս կողմից՝ հեղափոխությունից մեկ տարի հետո մարդիկ իրավիճակը սկսում են գնահատել ոչ թե հրամցվող թվերով, այլ իրենց սառնարանների ու գրպանների պարունակությամբ։ Երեկ հասարակությունը ծափահարում էր Փաշինյանի ցանկացած գրառմանը, իսկ այսօր ընդամենը չափավոր լավատեսությամբ է արձագանքում նրա ելույթներին։ Մի որոշ ժամանակ անց կառավարության թվերն ու կարգախոսները հասարակությանն առհասարակ չեն տպավորելու։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում