Հայաստանը՝ Բոլոնիայի գրքի միջազգային ցուցահանդեսում
Culture2019 թվականի ապրիլի 1-4-ը Հայաստանը մասնակցել է Բոլոնիայի գրքի միջազգային ցուցահանդեսին: Այն մանկական գրքի ամենամեծ ցուցահանդեսն է աշխարհում, որտեղ հավաքվում են մանկական գրքի հրատարակիչներ, գրողներ, նկարազարդողներ, գրական գործակալներ, թարգմանիչներ: Բոլոնիայի գրքիցուցահանդեսը լավ առիթ է մշակույթի նախարարության կողմից ներկայացնելու օտար լեզուներով հրատարակված մանկական հայ գրականությունը, կապեր հաստատելու օտարերկրյա հրատարակչությունների և գրական գործակալների հետ:
ՀՀ մշակույթի նախարարությունը նպատակ ուներ ներկայացնելու «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագիրը, որի շրջանակում յուրաքանչյուր տարի դրամաշնորհ է հատկացնում շուրջ քսան օտարերկրյա հրատարակչությունների՝ հայ դասական և ժամանակակից գրականություն թարգմանելու համար:
Համաձայն ձեռքբերված պայմանավորվածությունների՝ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանի կապկցությամբ այս տարի լույս կտեսնի Թումանյանի հեքիաթների գերմաներեն, իսկ մինչև 2021 թվականը հոլանդերեն հրատարակությունները` նոր նկարազարդումներով։
Բոլոնիայի մանկական ցուցահանդեսին հայաստանյան պատվիրակության կազմում էին «Անտարես», «Արևիկ», «Զանգակ», «ՋիԷսԷմ» հրատարակչությունները և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը:
Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առիթով ներկայացվել են «Արևիկ» հրատարակչության Թումանյանի հեքիաթների անգլերեն և ռուսերեն հրատարակությունները: Ձեռք են բերվել Թումանյանի հեքիաթները մի քանի այլ լեզուներով թարգմանելու նախնական պայմանավորվածություններ:
Ներկայացվեցին «IBBY»-ի հայաստանյան ազգային կոմիտեի հրատարակած գրքերը, մասնավորապես գերմանացի ժամանակակից մանկագիր Մանֆրեդ Թայզենի «Ապակյա Արամը» պատմվածքի հայերեն և «7 գույն» ժամանակակից հայ մանկագիրների պատմվածքների ժողովածուի անգլերեն տարբերակները:
Նկարազարդողների և հրատարակչությունների շրջանում իսկապես մեծ հետաքրքրություն առաջացրեց Հայաստանի տաղավարում ցուցադրված հայ իլյուստրատորների գիրք-ժողովածուն, որը 2018-ին հրատարակել է «Զանգակ» հրատարակչությունը։Իդեպ, սա խիստ կարևոր աշխատանք է, որ «Զանգակը» հետևողականորեն իրականացնում է։
Հայ իլյուստրատորների աշխատանքները ներկայացնելու նպատակով հաջորդ տարի պատվիրակության կազմում կընդգրկվեն նկարազարդողների, որոնք ցուցահանդեսի ընթացքում կմասնակցեն մասնագիտական աշխատանոցների։
Արմինե Գրիգորյան