Ով իրազեկված չի եղել, նա էլ տուժել է
Society«Գլոբբինգ» ընկերության թերի աշխատանքի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանռավող լուրը, պարզվում է, չի համապատասխանում իրականությանը: Խնդիրն այն է, որ դեռ մեկ ամիս առաջ է ընկերությունն իր հաճախորդներին սկսել իրազեկել, որ Ռուսաստանում գործող բեռնափոխադրող կազմակերպության ոչ պատշաճ աշխատանքի պատճառով ռուսական ուղղությամբ Հայաստան ուղարկվող բեռների մի մասը կարող է տեղ չհասնել և անհարմարություններից խուսափելու համար, օն-լայն գնում կատարելիս հարկավոր է այլ ուղղություն նշել:
Ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը Օrer.am-ի հարցին, թե արդյո՞ք չեն խախտվել սպառողների իրավունքները, պատասխանեց, որ իրենք որևէ մեղք չունեն, քանի որ իրենց բոլոր հաճախորդներին բավականին տեսանելի ու ընկալելի եղանակով տեղեկացրել են, որ եթե օն-լայն գնում իրականացնեն և ուղեբեռը Հայաստան ներկրելու ուղղությունը Ռուսաստան նշեն, ապա կարող է խնդիրների առջև կանգնեն:
«Շատ ընկերությունների հետ ենք աշխատում, բայց միայն ռուսական ուղղությամբ են խնդիրներ ծագում: Մեր հաճախորդներին անհարմարություններ չպատճառելու համար, ամիսներ շարունակ Ռուսաստանի մեր գրասենյակի աշխատակիցները գնացել և ռուսական ընկերությունից վերցրել են մեր գրասենյակ հասցեագրված բեռները: Բայց հիմա այլևս չենք կարող գնալ իրենց մոտից մեր բեռները մենք վերցնենք: Այդ մասին բոլոր մեր հաճախորդների էջերում պատշաճ իրազեկում իրականացրել ենք, բայց մենք ի՞նչ մեղք ունենք, որ մարդիկ չեն հետևել մեր խորհուրդներին»,- ասաց Դ. Հարությունյանը:
Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանի Դաշնության ներսում փոստային ծառայություններ մատուցող ընկերությունը, որի հետ աշխատում էր «Գլոբբինգ» ընկերությունը, բավականին վատ է աշխատում: Նրանց աշխատանքից դժգոհում են նաև մյուս ընկերությունները: Ավելին ռուսական հիշյալ ընկերություն հասած բեռների մոտ 30 %-ը պարզապես չեն հասնում իրենց հասցեատերերին:
Եվ ստացվում է, որ մի ընկերության վատ աշխատանքի պատճառով խաթարվում է ոչ միայն մյուսների բնականոն աշխատանքը, այլև խախտվում են նրանց ծառայություններից օգտվող շատ անձնաց իրավունքները: Եվ զավեշտալին այն է, որ այս ամենի պատճառ հանդիսացող ռուսական ընկերությունը չի էլ ցանկանում իր աշխատաոճը փոխել:
Ինչ վերաբերում է կորցրածը հետ բերելուն, ընկերության տնօրենը խորհուրդ տվեց, որ գնումներ իրականացրած և բեռնը չստացած հաճախորդները նամակներ գրեն այն ընկերություններին, որտեղից գնել են իրենց ապրանքները և փորձեն իրենց հարցերը օն-լայն խանութների հետ պարզել: Այնպես որ, ևս մեկ անգամ հաստատվում է այն թեզը, որ եթե տեղեկացված չես, կարող ես կորցնել ոչ միայն թանկարժեք ժամանակը, այլև գումար, գնված ապրանք և այլն:
Այնպես որ հարգելի սպառողներ, եթե օգտվում եք որևէ ծառայությունից աշխատեք լինել մաքսիմալ տեղեկացված, հակառակ դեպքում կորուսները կարող են անխուսափելի լինել:
Արմինե Գրիգորյան