Կառավարության որոշումը խախտել է օրենքներն ու միջազգային կոնվենցիաները
InterviewՍահմանադրության համաձայն յուրաքանչյուր պետական մարմին պետք է իր լիազորություների սահմաններում կատարի իր վրա դրված պարտականությունները, սակայն պարզվում է, որ նախորդ իշխանությունների ժամանակ այս դրույթին այնքան էլ ուշադրություն չեն դարձրել: Բացի այդ, եթե օրենքով սահմանված է եղել, որ կառավարությունը պետք է այս կամ այն որոշումն ընդունի, ապա այն պետք է դրա բովանդակաությունը համապատասխանի վերնագրին:
Հետաքրքիր է, որ ժամանակին որոշումների վերնագիրն ու բովանդակությունն իրար խառնելու «ավանդույթ» էլ է եղել, որպեսզի հետագայում հնարավոր չլինի պարզել, թե որտեղից է սկսվում այս կամ այն խախտումը և որտեղ այն ավարտվում: Նման օրինակ է կառավարության կողմից 2014 թվականի հունիսի 31-ին ընդունված N 781-Ն որոշումը, որը, փաստորեն, կառավարության լիազորություների չարաշահում կարելի է համարել: Այս մասին Orer.am-ի հետ զրույցում ասաց «Իրավունքի ազգային կենտրոն» ՍՊԸ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը:
Նրա համոզմամբ, որոշման մեջ թեև վկայակոչված են բուսական աշխարհի պահպանման մասին օրենքի հոդվածներ, սակայն նշված որոշման վերնագիրը չի համապատասխանում բովանդակությանը: Ն. Վարդանյանի համոզմամբ վիճահարույց այդ որոշումը հակասում է «Բուսականության մասին» և «Կենսաբազմազանության մասին» օրենքներին, ինչպես նաև «Վայրի բնության պահպանության» և «Կենսաբազմազանության մասին» միջազգային կոնվենցիաներին, ինչը լուրջ խնդիր է:
«Այսինքն՝ երկու կարգ խառնել են իրար, որոնք չեն համապատասխանում բովանդակությանը, որը նախկին «Իրավական ակտերի մասին» և ներկա «Նորմատիվ ակտերի մասին» օրենքների խախտում է: Այդ օրենքներում հստակ գրված է, որ իրավական ակտի վերնագիրը պետք է արտահայտի բովանդակությունը և համապատասխանի դրան: Սակայն, այս խառնաշփոթի արդյունքում բնապահպանական տեսանկյունից ստացվել է, որ հաշվի չի առնվել տարածքի կենսաբազմազանության պահպանման պարտավորությունը: Խոսքը բույսերի բաց տարածքներում և բնական պայմաններում աճեցնելու մասին է, որտեղ թեև մեկ կետով անդրադարձել են «Կարմիր գրքի» տեսակներին, որը, սակայն, հակասում է «Բուսական աշխարհի մասին» օրենքի այն հոդվածին, որտեղ նշված է, որ «Կարմիր գրքային» տեսակները կարող են օգտագործվել միայն գիտական ուսումնասիրություների համար, այն էլ բաց տարածքում»,- ասաց Նազելի Վարդանյանը:
Փաստաբանի դիտարկմամբ, մեկ այլ հոդվածով սահմանված է, որ «Կարմիր գրքում» գրանցված բուսատեսակների աճելավայրերը պետք է պահպանվեն պետության կողմից, սակայն, կառավարության վիճահարույց կարգի համաձայն թույլատրվել է, որ «Կարմիր գրքում» գրանցված բույսերը տեղափոխվեն հատուկ պահպանվող տարածքներ կամ բուսաբանական այգիներ, ինչը ևս օրենքի խախտում է:
«Սա էլ է հակասում այն վերնագրին, որտեղ ասվում է, որ էնդեմիկ տեսակները պետք է բնական տարածքներում աճեն: Իսկ բուսաբանական այգիները բնական տարածքներ չեն, այլ արհեստական խնամվող տարածքներ են: Հատուկ պահպանվող տարածքներ համարվում են այն վայրերը, որտեղ այլ վայրից բուսականություն տեղափոխել ընդհանրապես չի կարելի, օրինակ, բուսաբանական այգիների արգելոցային գոտիները: Սա բնապահպանական լուրջ խնդիր է: Եվ, պատկերացրեք, որ կարմիր գրքային բույսը եթե վերցնեն ու մի վայրից տեղափոխեն բուսաբանական այգի, որը ո՛չ տվյալ բույսի կլիմայական պայմաններին է համապատասխանում, ո՛չ էլ աճելու վայրի պայմաններին, նշանակում է մենք տվյալ տեսակը կորցնում ենք, քանի որ տվյալ բուսի բուսական միջավայրը համարվում է այն տարածքը, որի էկոլոգիան համապատասխանում է դրա աճելու բնական պայմաններին»,- ասաց կազմակերպության ղեկավարը:
Այսինքն, ինչպես մասնագիտական, այնպես էլ օրենսդրական տեսանկյունից հստակ է, թե «Կարմիր գրքում» գրանցված բույսերն ինչպես պետք է պահպանվեն: Ու եթե դրանք տեղափոխվում են ինչ-որ տեղ, նույնիսկ բնակարան, ապա բուսը կորցնում է իր արժեքը: Ժամանակին, սակայն այս ամենին առանձնապես ուշադրություն չեն դարձրել իշխանությունները և, փաստորեն, թույլ են տվել, որ «Կարմիր գրքում» գրանցված բույսերի հետ ով ինչպես ուզում է վարվի:
«Փաստորեն այդ կարգը՝ կառավարության որոշումն ընդունվել է օրենքների և միջազգային նորմերի կոպիտ խախտումներով և այդ պատճառով ես, մեր կազմակերպության անունից դիմել եմ վարչապետին, որպեսզի այն ուժը կորցրած ճանաչվի: Եթե կառավարությունն այդ որոշում ուժը կորցրած չճանաչի, մենք կդիմենք դատարան և հարցը դատական կարգով կվիճարկենք»,- ասաց Ն. Վարդանյանը:
Կազմակերպության նախագահը նշեց նաև, որ իրենք այդ հարցով չեն դիմել բնապահպանության նախարարին, քանի որ որոշումը կառավարությունն է ընդունել և կառավարությունն էլ պետք է այն չեղարկի:
Արմինե Գրիգորյան