Գուստավ Մալերի 9-րդ սիմֆոնիայի կատարմանը հանդիսատեսի արձագանքը բուռն էր
CultureԱպրիլի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հնչեցրեց Գուստավ Մալերի 9-րդ սիմֆոնիան։ Այն հայտնի է որպես բավականին բարդ ստեղծագործություն, իսկ երաժշտագետների ու փորձագետների գնահատմամբ նվագախմբի երկացանկում այս սիմֆոնիայի առկայությունը խոսում է նվագախմբի և դիրիժորի կատարողական վարպետության մասին:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ կարևորը ոչ թե կոմպոզիտորի ստեղծագործության ընտրությունն է, այլ դրա կատարողական մակարդակը: Ուստի միայն երկացանկը բավարար չէ նվագախմբի մասին բարձր գնահատական հնչեցնելու համար: Խոսելով հայաստանյան մշակութային կյանքի մասին՝ դիրիժորը նշեց, որ Հայաստանում թեև շատ է խոսվում մշակույթի մասին, ակտիվ է նաև մշակութային անցուդարձը, սակայն քիչ է նշվում այն արժեքների մասին, որոնք մարդկանց շուրջ մշակույթ են ձևավորում:
«Մալերի 9-րդ սիմֆոնիան նման չէ հեղինակի նախորդ ստեղծագործություններին: Մալերը նշում էր, որ այն իր երիտասարդական տարիների արտացոլումն է: Կոմպոզիտորը կյանքի վերջին տարիներին կարծես ամփոփել է իր ստեղծագործական ուղին, և իր մտքերն ու կենսափորձը նա արտահայտել է նվագախմբի հնչողության միջոցով։ Այդ ժամանակաշրջանում Մալերը ներկայացավ նաև որպես համակարգային մտածող անհատ, ինչն ամփոփված է նրա 9-րդ սիմֆոնիայում»,- ասաց Ս. Սմբատյանը:
Նշենք նաև, որ նվագախումբը մինչև 9-րդ սիմֆոնիայի կատարումն անդրադարձել էր Մալերի սիմֆոնիաներին՝ հնչեցնելով 1, 5 և 6-րդ սիմֆոնիաները: Հետաքրքիր էր, թե արդյո՞ք Մալերի մյուս ստեղծագործությունները նույնպես կհնչեն նվագախմբի կատարմամբ։
Ս. Սմբատյանը նշեց, որ կոմպոզիտորի ստեղծագործությունների հնչեցման համար թեև հայ երաժիշտների կատարողական հմտությունները բավարարում են, սակայն այն սիմֆոնիաներում, որտեղ ներգրավված են երգչախմբեր, հնարավոր է, խնդիրներ լինեն՝ կապված լեզվի, ընկալման և արտաբերման հետ, քանի որ մենք գերմաներենի կրողը չենք, և մեր երգչախմբերը ոչ հաճախ են գերմանական տեքստերով ստեղծագործություններ կատարում:
«Մալերի տեքստերի բովանդակային իմաստն այնքան ծանր է, որ նույնիսկ գերմաներեն մտածող մարդիկ շատ հաճախ մտորում են՝ անդրադառնա՞լ այդ ստեղծագործություններին, թե՞ ոչ: Այսինքն, խիստ սիմֆոնիզմի պարագայում վանկերի ճիշտ բաշխումը և մատուցումը պետք է համապատասխանեն կոմպոզիտորի ստեղծագործությանը, ինչը մեր դեպքում կարող է բավականին բարդ լինել: Իսկ այն սիմֆոնիաները, որտեղ չկա երգչախումբ, մենք պատրաստվում ենք կատարել, քանի որ մեր նվագախմբի համար դա կարևորագույն չափանիշ է»,- ասաց Ս. Սմբատյանը:
Դիրիժորը նշեց նաև, որ չկա այնպիսի ընկալում, որ եթե սիմֆոնիկ նվագախումը կատարել է այս կամ այն հեղինակի ստեղծագործությունը, ապա համարվում է բարձրակարգ: Կարևոր է, թե ստեղծագործությունների կատարումը օգնո՞ւմ է ունկնդրին աշխարհայացք փոխել: Ուստի, միայն այդ դեպքում կարելի է համարել, որ նվագախմբի կատարումը ստացվել է:
«Այս տեսանկյունից իսկապես Մալերն այն կոմպոզիտորն է, որին անդրադառնում են այն նվագախմբերը, որոնք ուզում են դա հասկանալ: Առաջնային խնդիրը ոչ թե այդ ստեղծագործությունները պարզապես կատարելն է, այլ այն, թե ինչպես են դրանք հնչում: Մալերի բոլոր ստեղծագործությունների ժամանակ դիրիժորը պետք է կարողանա կառավարել նաև այն էներգիայի փոխանակումը, որը թեև դժվար է բառերով մեկնաբանել, բայց շատ հարուստ է զգացական առումով: 9-րդ սիմֆոնիայի դեպքում չկա ավարտ։ Սիմֆոնիայի վերջում դեռ ասելիք կա, որը, սակայն, այդպես էլ չի մեկնաբանվում»,- ասաց Ս. Սմբատյանը:
Արմինե Գրիգորյան