Արթուր Մկրտչյանի մահվան հանգամանքների հետ կապված նոր պայթյուն է սպասվում
AnalysisԱրցախի գերագույն խորհրդի նախկին նախագահ Արթուր Մկրտչյանի մահվան հանգամանքերի հետ կապված Արցախում նոր պայթյուն է սպասվում: Ինչպես երևում է առաջիկայում Արցախում կրքերը նոր ուժով են բորբոքվելու: Պատճառը օրեր առաջ իր հանդիպումներից մեկում Սամվել Բաբայանի՝ Արցախի ԱԺ առաջին նախագահ, դաշնակցական Արթուր Մկրտչյանի մահվան հանգամանքների հետ կապված մեկնաբանությունն է՝ ուղեկցված նվաստացուցիչ որակումներով, ինչն անխուսափելիորեն հղի է նոր սրացումներով:
Բանն այն է, որ հանդիպման մասնակիցներից մեկի հարցմանն ի պատասխան, Սամվել Բաբայանն ասել է, որ տեղի ունեցածը ինքնասպանություն է եղել և պետք չի սրա նրա վրա գցել՝ ընդգծելով, որ դեպքի մանրամասները կան, կա նաև Մկրտչյանի կնոջ ձայնագրություն, որը ևս հաստատում է, որ Արթուր Մկրտչյանն ինքնասպան է եղել:
Ավելին, գեներալ Բաբայանը նշել է, որ առկա են գործով ապացույցներ ատրճանակը, փամփուշտը, որոնք Արցախի գերագույն խորհրդի պաշտպանության, անվտանգության հանձնաժողովի նախկին նախագահ, այդ ժամանակվա ՀՅԴ-ի ղեկավարներից Վալերիա Բալայանը (Բիստրի Ալեն) փորձել է թաքցնել:
Սամվել Բաբայանը նշել է, որ ժամանակին այդ միջադեպը չեն հանրայնացրել, որպեսզի ազգային խայտառակությունից խուսափեն, սակայն եթե այսօր որոշ մարդիկ թեման շահարկում են, ապա ինքը ստիպված կլինի այդ դեպքով ու այդ մարդկանց մասին շատ ուրիշ բաներ պատմել:
Բաբայանի խոսքերով, դաշնակցականերն ու Արթուր Մկրտչյանի՝ քաղաքական սպանություն թեզն առաջ քաշողները դեմագոգիայով են զբաղված և նման ձևով շարունակվելու դեպքում իրավիճակը կարող է բերել նրան, որ մի օր ողջ ճմշարտությունը կբացվի:
Թե ինչպես և ովքեր կարձագանքեն Սամվել Բաբայանի այս հայտարարությունը և արդյո՞ք այդ ուժերն ու գործիչները կհակադրվեն Սամվել Բաբայանին, ցույց կտա ժամանակ, սակայն այսպիսի մեկնաբանությունն անարձագանք թողնելը քաղաքական աղբանոց կտանի այն ուժերին, գործիչներին որոնք մինչ այս պահը Արթուր Մկրտչյանի մահը սպանություն էին որակում:
Նշենք, որ տարբեր փուլերում ՀՅԴ-ն, ինչպես նաև՝ մի շարք գործիչներ նշում էին, որ իրականում Արթուր Մկրտչյանն ինքնասպան չի եղել, ուղղակի ժամանակին «ծածկադմփոց» է եղել, նույնիսկ կային մարդիկ, ովքեր հայտարարում էին, թե անհրաժեշտություն կա գործը վերանայելու, նույնիսկ անուններ էին հնչում, ովքեր ըստ իրենց կապված է միջադեպի հետ:
Այս գծի կողմնակիցներից են նաև Վահան Բադասյանն ու իր համակիրների խումբը՝ Գագիկ Ավանեսյանը, Լևոն Հայրյանը, Վաչագան Զախարյանը, Գրիշա Հայրապետյանը, Հայաստանից, Արթուր Մկրտչյանի հին ընկերներից՝ Հրանուշ Խառատյանը, ով վերջերս հրապարակայնորեն անդրադարձել էր թեմային:
Ինչևէ, Սամվել Բաբայանն այս հարցում վերջակետ է դրել՝ ընդգծելով, որ եթե անհրաժեշտ լինի բաներ կասի, որոնք հաճելի չեն լինի շատերի համար, սակայն իրականությունն այն է, որ Արթուր Մկրտչյանն ինքնասպան է եղել ու դա անքննարկելի է:
Անդրանիկ Հարությունյան