Բաբկեն Թունյանը՝ կլինկերի ներկրման ժամանակ տուրք չսահմանելու մասին
EconomicsԱպրիլի 16-ին, ԱԺ-ում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն՝ անդրադարձել է «Արարատցեմենտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակին և տեղեկացրել, որ նախապես խնդիրը քննարկվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ, սակայն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը տրամագծորեն հակառակ եզրակացության է հանգել:
«Սկզբում ճիշտ որոշում էր կայացվել, այդ պատճառով էլ ցեմենտի գինը 50 հազար դրամից դարձավ 40 հազար, որպեսզի ավելի մեծ պահանջարկ լինի, բայց չգիտեմ ինչ անձնական շահերից ելնելով, ԱԺ տնտեսական հանձնաժողովը որոշում է կայացրել, որ ներկրվող կլինկերի վրա տուրքը չդրվի և այդքան ընտանիք աշխատանքից զրկվի»,- ասաց Գ. Ծառուկյանը:
Նա մանրամասնել է նաև, որ «կլինկեր» կոչվող նյութը ցեմենտի արտադրության ամենակարևոր բաղադրիչն է, որի արտադրման վրա ներդրվում է ընդհանուր ծախսերի 90 տոկոսը:
«100 հազար տոննա կլինկեր ստանալու համար պետք է 3 մլն դրամ գազի գումար վճարել, 1,5 մլն դրամ հոսանքի գումար վճարել և 1350 մարդու աշխատավարձ տալ: Իսկ իրենք որոշում են կայացրել, որ դրսից եկող կլինկերի վրա տուրք չկիրառվի, որ իրենց անձնական շահերի, իրենց ծանոթ-բարեկամի համար խնդիր լուծեն: Պրովոկատորներին ուղարկում են ցեմենտի գործարան, որոնք ընդհանրապես կապ չունեն գործարանի հետ: Ասում են՝ ինչո՞ւ եք եկել, ասում են՝ եկել ենք ցեմենտի գործարանի աշխատողների շահերը պաշտպանենք:
Ցեմենտի գործարանի շահերը վարչապետը պաշտպանում է, սեփականատերը պաշտպանում է, պետք է միայն պահանջել ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահից, որ նման մոտեցում չցուցաբերի, դա անընդունելի է: Եվ եթե հանձնաժողովը որոշել է, որ ներկրվող կլինկերի վրա տուրք չպետք է լինի, մենք էլ ցեմենտ չենք արտադրի: Մենք էլ կներմուծենք: Եթե իրենք չեն մտահոգվում, որ մի հարյուր ընտանիք էլ անգործ կմնա, թող այդպես լինի»,- հայտարարեց Ծառուկյանը:
ԲՀԿ առաջնորդը նշեց նաև, որ ցեմենտի գինն իջեցվել է, քանի որ իրենք աջակցելով կառավարության կողմից հայտարարված տնտեսական հեղափոխությանը, կատարել են իրենց քայլը և ցեմենտի գինը 50 հազարից իջեցրել են 40 հազար դրամ, պայմանով, որ իշխանություններն էլ տեղական արտադրողի շահերը կպաշտպանեն, սակայն, հիմա ճիշտ հակառակն է տեղի ունեցել:
Եթե որևէ մոտեցում չփոխվի, փաստորեն, հունիսի 15-ից գործարանը կփակվի և շուրջ հազար աշխատակից գործազուրկ կդառնա: Կառավարության հետ ավելի վաղ համաձայնության արդյունքում որոշում էր կայացվել Իրանից ներկրվող ցեմենտի և ցեմենտի հումքի ներկրման վրա 22 հազար դրամ պետական տուրք կիրառել: Սակայն արդեն ԱԺ տնտեսական հանձնաժողովում որոշվել է, որ տուրքը կիրառել միայն ցեմենտի վրա:
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը Orer.am-ի հարցին՝ ինչո՞ւ է հանձնաժողովը նման որոշում կայացրել, պատասխանեց.
«Կառավարությունը առաջարկում էր կլինկերի վրա նույնպես պետտուրք սահմանել, մենք առաջարկել ենք չանել, որովհետև Հայաստանում կլինկերով ցեմենտ արտադրողներ էլ կան ու եթե խոսում ենք տեղական արտադրողին աջակցելու մասին՝ չի կարելի մեկին աջակցել, մյուսին վնասել»:
Բ. Թունյանը տեղեկացրեց նաև, որ Հայաստանում երեք ընկերություն է ցեմենտ արտադրում: Ինչ վերաբերում է խնդրահարույց հարցին, ապա այն ավելի մանրամասն քննարկվելու է առաջիկա ԱԺ քառօրյայի ժամանակ, որի ընթացքում հնարավորություն կլինի ավելի շատ հարցերի պատասխանել:
Արմինե Գրիգորյան