ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը՝ Արփինե Հովհաննիսյանի գրառման մասին
EconomicsԱրդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում դիտարկումներ է ներկայացրել այն մասին, թե իր կարծիքով ինչով պետք է զբաղվի ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը, իսկ ինչով չպետք է զբաղվի: Նա մասնավորապես գրել է.
«2018թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՊԵԿ-ը ներկայացրել և հիմա էլ լրամշակում է փոփոխությունների նախագիծ, որով ցանկացած ՀԿ պետք է հրապարակի օրենքով սահմանված հաշվետվությունը, մինչդեռ գործող կարգավորմամբ նման պարտականություն ունեն միայն հանրային միջոցներից ֆինանսավորվող ՀԿ-ները։ 2016 թվականին որպես այն ժամանակ գործող արդարադատության նախարար օրենքը ներկայացնելիս ունեի հստակ նպատակ՝ ավելի ազատական կարգավորումներ նախատեսել ՀԿ-ների գործունեության համար։
Այդ կարգավորումները ոչ միայն ազատական էին, այլ իրենցից ներկայացնում էին եռամակարդակ կոնսենսունս, քանի որ նախագիծը ստեղծվել էր պետություն-միջազգային կազմակերպություններ-քաղաքացիական հասարակություն սերտ համագործակցությամբ։ ՊԵԿ-ի ներկայիս քաղաքականությունը այդ պատճառով համարում եմ ուղղակի միջամտություն ՀԿ-ների գործունեությանը, ինչի մասին տեղեկացնելու եմ մեր միջազգային գործընկերներին։
Այդ պատճառով «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը նույնպես միանում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի հետ համատեղ 102 հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների՝ հիշյալ կարգավորումների վերաբերյալ դիմում-դիրքորոշմանը։ Միևնույն ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հորդորում եմ ՀԿ-ների գործունեությանը միջամտելու փոխարեն զբաղվել ավելի օգտակար գործունությամբ, օրինակ՝
• Հորդորեք Ձեր տեղակալին գիշերները չզանգել մաքսատների ղեկավարներին և սրտի ուզած մեքենաները բաց թողնելու հրամաններ չարձակել (այո, կոռուպցիան իսպառ «վերացել է)
• Մյուս տեղակալին հորդորեք, որ օպերատիվ -հետախուզական միջոցառման անվան տակ ԿԲ-ի Ֆինանսական դիտարկումների կենտրոնից բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկատվություններ չվերցնի։ Պատասխան տալու եք հաստատ։
• Նույն տեղակալին հորդորեք, որ տնտեսվարողիներին չկանչի իր մոտ ու մաքուր թուղթ տալով, չպահանջի գրել «մուծվելիք» գումարի չափը
• Հիշեցում՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 9-րդ հոդվածը սահմանում է ՝ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումն ապահովում է միայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը»։
Եվ ուրեմն մյուս իրավապահ մարմիններին մի խառնեք ու մի հանձնարարեք, օրինական չէ։ Առայժմ այսքանը։ Ցանկը երկար է: Հետևողական եմ լինելու, որ վարչապետի ու ձեր հնչեցրած կեղծ տվյալներն ու թվերը հիմնավորելու համար մարդկանց վրա շինծու գործեր չսարքեք»,- գրել է Ա. Հովհաննիսյանը:
Հնչեցված հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով Orer.am-ը դիմեց ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանին:
«Արփինե Հովհաննիսյանի հնչեցրած մտքերի վերաբերյալ ուղղակի կարող եմ ասել հետևյալը, որ Արդարադատության նախկին նախարարն ու ԱԺ-ի նախկին փոխնախագահը եթե իսկապես ունի իր հնչեցրած մտքերի հիմնավորումները, ապա ցանկացած պահի կարող է դիմել իրավապահ մարմիններին։ Այս ճանապարհը, վստահ եմ, իրեն որպես իրավաբանի քաջ ծանոթ պետք է որ լինի: Հակառակ պարագայում, այն ինչ հրապարակվել է տիկնոջ ֆեյսբուքյան էջում՝ նորմալ է որպես սոցցանցային գրառում և ընկալվում է որպես քաղաքական PR, ինչը ևս ընկալելի է»,- ասաց Լ.Մկրտչյանը:
Արմինե Գրիգորյան