«Մեկ տարվա ընթացքում մեր երկիրը 20 տարով հետ է գնացել». փորձագետ. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Պետական, մասնավոր և հանրային հատվածները կառավարման կարևորագույն ուղղություններն են: Հանրային կառավարման մասնագետ Սիրանուշ Սերոբյանը, սակայն, նշված ոլորտում և ուղղություններում մեկ տարվա կտրվածքով գրեթե փոփոխություններ չի նկատում:
«Ակնկալիքներ ունեինք, որ լուրջ քաղաքականություն կմշակվի, հստակ օրակարգեր կսահմանվեն, քաղաքականությունը մի անձի ձեռքում չի կենտրոնանա, այլ կլինի բալանսավորված՝ զսպումներով ու հակակշիռներով: Այդուհանդերձ, այդ սպասելիքները չարդարացան: Պետական կառավարման ապարատի արդյունավետության ապահովման համար նախ անհրաժեշտ է, որ ճիշտ կադրը ճիշտ տեղում լինի: Հետո արդեն պետք է օրակարգ մշակել: Բայց այս ամենի համար կառավարությունը նախ պետք է նպատակ ունենա՝ դեպի ո՞ւր է գնում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց մասնագետը՝ հավելելով, որ իշխանությունն այդ հարցի պատասխանն այսօր չունի:
«Նախկին ընդդիմությունը, որն այսօր իշխանության է, բազմիցս է ներկայացրել ոլորտային խնդիրները: Մեր երկրում ամենամեծ խնդիրն այն է, որ բոլորը բարձրաձայնում են խնդիրների մասին, տեսնում են դրանք, բայց հարց է՝ ովքե՞ր են առաջարկելու լուծումները: Իհարկե, առաջարկելու են այն մասնագետները, որոնք աշխատում են կառավարությունում, ԱԺ-ում և այլն: Բայց մենք միշտ կանգ ենք առնում հիմնախնդրի սահմանման փուլի վրա և երբեք գործնական քայլերի չենք գնում: Իշխանափոխությունը տեղի ունեցավ, որ համակարգը փոփոխության ենթարկվի: Բայց հանրային կառավարման համատեքստում մենք տեսնում ենք, որ բացի դեմքերից, անձերից ու ազգանուններից, որևիցե փոփոխություն չի եղել: Սխալ կադր՝ սխալ տեղում, և սխալ կառավարման համակարգ: Այս ամենը երկիրն անհայտ ուղղությամբ է տանում: Չեմ կարող ասել՝ ո՞ր ուղղությամբ ենք գնում: Մենք գործողությունների պլան չենք տեսնում. միայն ՀԴՄ պահանջել, մաքրություն ապահովել ու օպտիմալացնել»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ կառավարությունը գործիքակազմ չունի:
«Եթե տվյալ պաշտոնը, անձին կամ որևէ կառուցվածքային ստորաբաժանում ենք կրճատում, պետք է հիմնավորում ունենանք, ինչը ձեռք է բերվում մոնիթորինգի և գնահատման արդյունքում: Կարճ ժամանակում անհնար է ամբողջական համակարգերի վերաբերյալ մոնիթորինգ ու գնահատում իրականացնել ու պարզել, որ, օրինակ, այս կամ այն մարմնում կա տասը հոգի, որից հինգը խաղ է խաղում, հինգը աշխատում է: Պետական ապարատում որևէ մեկը մինչ օրս հստակ մոնիթորինգ չի իրականացրել ու պարզել, թե ստորաբաժանումներն ի՞նչ հիմքերով են կրճատվում: Մինչ օրս հաշվարկ չկա, թե օպտիմալացման քողի տակ կատարվելիք կրճատումներից պետական բյուջեն ի՞նչ օգուտ է ստանալու»,-նշեց նա՝ խոսելով նաև անարդյունավետ ծախսերի մասին:
«Երբ պետության մեջ ռեֆորմներ են լինում, բյուջեն դրանից շատ հարվածների է ենթարկվում, բայց այդ հարվածները պետք է բալանսավորված լինեն: Փոխարենը ճոխ վոյաժների ենք ականատես լինում: Տեսնում ենք նաև, որ տենդերները հաղթում են իշխանական թիմին մոտ կանգնած մարդիկ, տարբեր մարզպետներ աստղաբաշխական թվերով պարգևավճարներ են ստանում: Սա այն դեպքում, երբ իրենց մարզում շատ մարդիկ ծայրահեղ աղքատության մեջ են. այդ մարդիկ դուրս էին եկել պայքարի, որ այսօր իրենց մարզպետը աստղաբաշխական պարգևավճարներ ստանա, բայց իրենց մարզում իրավիճակ չփոխվի՞: Եթե հեղափոխությունը եղավ նրա համար, որ երկրում իրավիճակ չփոխվի, այլ իրավիճակ փոխվի նախկին ընդդիմության, այժմյան իշխանության անդամների, նրանց հարազատների, խնամի, ծանոթ, բարեկամների շրջանում, ապա անիմաստ է պահել մի կառավարման համակարգ, որը չի ծառայում իր նպատակին»,- ընդգծեց Սիրանուշ Սերոբյանը:
Նրա խոսքով, փոփոխությունների գնալու համար նախ կամք, հետո նոր գործիքակազմ է պետք. «Երբ «թոզ փչելու» էֆեկտով ասում են, որ ռեալ ռեֆորմներ իրականացնելու կամք ունեն, բայց մենք այդ գործիքակազմը չենք տեսնում, անիմաստ է խոսել որևէ փոփոխության մասին: Ճիշտ է, նախկիններից իրենք ժառանգություն են ստացել, բայց անընդհատ դիմացինի վրա մեղքը գցելը սխալ է: Այստեղ տեղին է հնչեցնել հետևյալ հարցը. այդ դեպքում ժողովուրդն ինչո՞ւ է ավելի քան 80 տոկոս վստահության քվե տվել: Տվել է այն պարզ պատճառով, որ նախկինների սխալներն այլևս չլինեն: Բայց այսօր նախկինների սխալներից ավելի վատ սխալներ են լինում: Մեկ տարվա ընթացքում մեր երկիրը 20 տարով հետ է գնացել: Իսկ անընդհատ նախկինների վրա մեղքը բարդելով ու ասելով՝ ժամանակը քիչ է, առաջընթաց չի լինի»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում