Ես ցավակցում եմ, որ չեն կարողացել ընտրել ավելի համապատասխան մասնագետի
EconomicsԷներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Գարեգին Բաղրամյանը, որը մինչև նախարար նշանակվելը եղել է ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետը և «Վեոլիա ջրի» գործով ներգրավված էր որպես վկա, հիմա էլ առաջադրվել է Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
Ու թեև Ազգային ժողովում կայացած հարց ու պատասխանի ժամանակ նա նշեց, որ նախկինում իր զբաղեցրած պաշտոններն այն մակարդակի չեն եղել, որ իր ընդվզումները հասարակության համար տեսանելի լինեին: Որևէ ընկերության հետ բիզնես և այլ շահերով կապված չէ և որևէ կաշկանդվածություն չունի ինչ-որ մեկի շահերը պաշտպանելու հարցում:
Հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո պատրաստ է իր ողջ գիտելիքը ու փորձը ներդնել և՛ սպառողների և՛ տնտեսվարողների շահերի հավասարակշռման և այն գործառույթի իրականացման համար, ինչն օրենքով վերապահված է այդ հանձնաժողովին:
Հիշեցնենք, որ նույնը ժամանակին ասում էր նաև Ռոբերտ Նազարյանը, բայց սպասարկում էր միայն տնտեսվարողների շահերը: Այդ պատճառով էլ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում տարեց-տարի էնեկտրաէներգիայի, գազի և ջրի սակագները միայն բարձրանում էին:
Փորձագետները բազմիցս բարձրաձայնել են նաև այն մասին, որ սակագների հաշվարկման բանաձևերում արհեստականորեն այնպիսի գործակիցներ են ներառված, որ ուզած թե չուզած դրանք պետք է բարձրանան: Սա գիտի պարոն Բաղրամյանը, բայց սիրահոժար շարունակում է լռել:
Էնեգետիկ փորձագետ Էմիլ Սահակյանը Orer.am-ի հետ զրույցում ափսոսանք հայտնեց իշխանությունների կողմից նման ընտրություն կատարելու համար և նշեց, որ իր կարծիքով այդ պաշտոնում պետք է նշանակվեր այնպիսի որակներ ունեցող անձնավորություն, որը կկարողանա պայքարել հզոր ընկերությունների դեմ:
«Տասնյակ տարիներ ճանաչում եմ Գարեգին Բաղրամյանին, բայց չեմ հիշում գոնե մեկ դեպք, որ նա ընդհանուր պահանջին հակառակվող կարծիք արտահայտի: Ես համոզված եմ, որ նա ո՛չ կաշառաեկեր է, ո՛չ էլ կոռուպցիոն հատկություններ ունի, բայց կատարողի կերպարում կարծրացած անձնավորություն է, որը չի կարող այնպիսի կառույցում աշխատել, որտեղ պետք է կռիվ տալ գիգանտ ընկերությունների հետ:
Նա «Գազպրոմի», ՀԷՑ-ի և «Վեոլիա Ջուր» ընկերությունների դեմ պայքարելու կարողություններ չունի, բայց ես ցավ եմ ապրում նրա համար, որ կառավարությո՛ւնն է նրան առաջարկել: Մի մարդ, որը 15 տարի և ավելի աշխատել է հանձնաժողովում և մշտապես եղել է ուշադրության կենտրոնում, բայց չեմ հիշում, որ գոնե մի անգամ հասարակության խնդիրներին նպաստող քայլ արած լինի:
Ես ցավակցում եմ մեր ղեկավարությանը, որ չեն կարողացել ընտրել ավելի համապատասխան մասնագետի: Գարեգին Բաղրամյանը քարացած մտածելակերպ ունեցող և հանձնարականները խելոք կատարող անձնավորություն է, մինչդեռ այդ պաշտոնում պետք էր ավելի ուժեղ կամային հատկություններ ունեցող անձնավորության նշանակել: Ինձ համար նաև ցավալի է, որ նոր իշխանությունները կամաց-կամաց սկսում են հին ղեկավարների նման մտածել ու գործել»,- ասաց Է. Սահակյանը:
Արմինե Գրիգորյան