Ադրբեջանը անօրինական պահում է Արցախի տարածքի 15 տոկոսը
International newsrealtribune.ru-ն գրում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ռուսական «NVO» թերթում մի հրապարակումից հետո վիճաբանություններ են ծագել: Փետրվարի 15-ին «NVO» հրատարակությունում հոդված է տպագրել Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը՝ «Լեռնային Ղարաբաղը՝ Անդրկովկասի վառոդի տակառ» վերնագրով: Հոդվածը ընթերցողների և փորձագետների հակասական արձագանքին է արժանացել: Նրանցից մեկի ՝ քաղաքական վերլուծաբան Ֆուադ Ախունդովի հեղինակությամբ լույս է տեսել նոր հոդված արդեն ապրիլի 12-ին նույն «NVO» - ի էլեկտրոնային տարբերակում: Պարզվում է, որ Ալեքսանդր Խրամչիխինի «Լեռնային Ղարաբաղը՝ Անդրկովկասի վառոդի տակառ» հոդվածը վրդովվեցրել է Ֆուադ Ախունդովին, որն իրեն ներկայացրել է որպես «քաղաքական վերլուծաբան», սակայն փաստացի (առնվազն մինչև վերջերս) նա հանդիսանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի ղեկավարը: Այնպես չէ, որ Խրամչիխինի հոդվածը կարելի է համարել անդրկովկասյան իրողությունների, այսպես ասած, «իդեալական արտացոլում»: Ինչ արժե միայն նրա այն մտահանգումը, թե «խորանալ Լեռնային Ղարաբաղի պատմություն մեջ և փորձել պարզել, թե ում պետք է այն պատկանի «ճշտով», անիմաստ է՝ առնվազն այն պատճառով, որ անհասկանալի է, թե որ պահից պետք է հաշվել այդ պատմության սկիզբը»: Իրականում Լեռնային Ղարաբաղի, Արցախի պատմությունը (հայտնի է հունական աղբյուրներից որպես «Օրհիստենա») ամբողջովին թափանցիկ է դեռևս հին հունական պատմաբանների, այդ թվում՝ «պատմության հայր» Հերոդոտոսի ժամանակներից, և կապված է բացառապես Հայաստանի հետ: Իսկ Արաքսից հյուսիս գտնվող ի՞նչ «Ադրբեջանի» մասին կարող է խոսք լինել, եթե այդ պետությունը միայն 1918 թվականի մայիսին է ստեղծվել թուրքական սվինների օգնությամբ: Ըստ Անտոն Դենիկինի դիպուկ արտահայտության, «Ադրբեջանի Հանրապետությունում ամեն ինչ արհեստական է, ոչ իրական՝ սկսած պարսկական գավառներից մեկի անունը վերցնելուց. արհեստականորեն ստեղծված տարածք, որը ներառում է լեզգիական Զաքաթալան, հայթաթարական Բաքվի և Ելիզավետպոլի նահանգները, ռուսական Մուղանը»: Իսկ Ֆուադ Ախունդովի «Մի խաղացեք կրակի հետ «վառոդի տակառի» մոտ» փոխադարձ հոդվածը իր հերթին պարունակում է փաստերի և իրականության բազմաթիվ կանխամտածված աղավաղումներ: Այդ իսկ պատճառով, առանց այդ «քաղաքագետի» քարոզչական ապատեղեկատվության ամբողջ զանգվածը վերլուծելու, կանգ առնենք միայն նրա արտահայտած մեկ «փաստի» վրա: Այսպիսով, պարոն Ախունդովը գիտակցաբար ստում է՝ ասելով, որ «Հայաստանը այսօր զբաղեցնում է Ադրբեջանի տարածքի 20% -ը, ոչ թե 13.4% -ը, քանի որ Խրամչիխինը «պատահականորեն» մոռացել է, որ Լեռնային Ղարաբաղը ևս մտնում է օկուպացված տարածքների մեջ»: Դիմենք փաստերին: Ադրբեջանի ներկայացուցիչների ցուցադրած քարտեզների համաձայն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի գրաված տարածքները, ենթադրաբար, կազմում են 8780 քառակուսի կիլոմետր, իսկ Ադրբեջանի Հանրապետության ընդհանուր տարածքը 86 600 քառակուսի կիլոմետր է: Պարզ թվաբանական գործողությունը ցույց է տալիս, որ ԼՂՀ-ին հարակից Ադրբեջանի յոթ շրջանների տարածքը կազմում է երկրի տարածքի ընդամենը 10% -ը: Նույնիսկ եթե ընդունենք Ադրբեջանի ղեկավարների պաշտոնական հայտարարությունները առ այն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անգամ ինքն իր «տարածքն է օկուպացրել», ապա անգամ այդ դեպքում այդ տարածքները 20% չեն կազմում, ստացվում է ընդամենը 13%: ՄԱԿ-ի բանաձևերից կամ ԵԱՀԿ փաստաթղթերից որևէ մեկում երբևէ չի նշվել, որ «Հայաստանի կողմից են ադրբեջանական տարածքները օկուպացվել»: Այս միտքը ադրբեջանական ստահոդ քարոզչության ջանքերի պտուղն է: Քանի որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբևէ չի կարող որևէ կերպ օկուպացնել ինքն իրեն, հետևաբար 1991 թվականին հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հսկողության տակ գտնվող տարածքը (մոտավորապես 4 300 քառակուսի կիլոմետր ու ևս 700 քառակուսի կիլոմետր ` ադրբեջանական ուժերի օկուպացիայի տակ), բնականաբար, ոչ մի դեպքում չի կարող համարվել «գրավյալ տարածք»: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով բոլոր հաշվարկները, կարելի է նշել, որ պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի վերահսկողության տակ գտնվող նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքների մակերեսը ևս ավելացված է: Ադրբեջանի տվյալներով («Ադրբեջանի ԽՍՀ-ի վարչատարածքային բաժին», Ազպետհրատ, Բաքու, 1979), այդ տարածքների մակերեսները հետևյալն են՝ Քելբաջար 1936 քկմ, Լաչին - 1835 քկմ, Կուբաթլի - 802 քկմ, Ջեբրայիլ - 1050 քկմ, Զանգելան - 707 քկմ, Աղդամ - 1094 քկմ, Ֆիզուլի - 1386 քկմ: Առաջին 5 շրջանների ընդհանուր տարածքը կազմում է 6 330 քառակուսի կիլոմետր: Աղդամի և Ֆիզուլիի ընդհանուր տարածքը 2480 քկմ է: Սակայն դրանցից միայն Աղդամի տարածքի 35% -ը և Ֆիզուլիի 25% -ն են գտնվում ԼՂՀ Պաշտպանության բանակի վերահսկողության տակ, կամ, համապատասխանաբար, 383 և 347 քառակուսի կիլոմետր: Այսպիսով, ադրբեջանական պաշտոնական տվյալները առ այն, որ գրավյալ տարածքները կազմում են 8 780 քառակուսի կիլոմետր՝ նույնպես կեղծիք են: ԼՂՀ-ի վերահսկողության տակ գտնվող նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 7059 քառակուսի կիլոմետր, ինչը հանդիսանում է նախկին Ադրբեջանական ՍՍՀ-ի տարածքի 8 % -ը : Ստացվում է, որ, այսպես կոչված, գրավյալ տարածքը երկուսուկես անգամ պակաս է, քան այդ «տխրահռչակ» «20 % -ը», որը Ադրբեջանի ղեկավարությունը և ներկայացուցիչները Ֆուադ Ախունդովի հետ մշտապես կրկնում են՝ դիտավորյալ մոլորության մեջ գցելով միջազգային հանրությանը և НВО- ի ընթերցողներին: Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանը, իր հերթին, զավթել է ԼՂՀ տարածքի 15% -ը, իսկ ԼՂՀ-ն անկախացել է միջազգային իրավունքի նորմերին, ՄԱԿ-ի կանոնադրությանը և ԽՍՀՄ այն ժամանակվա գործող օրենսդրությանը լիովին համապատասխան:
Կամո Խաչիկյան