«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագծով նախատեսված՝ տվյալ համայնքներում էլեկտրաէներգիայի, գազի և ոռոգման ջրի վճարների մասնակի փոխհատուցումը կտրվի ոչ թե քաղաքացիներին, այլ ծառայություններ մատուցողին: Ազգային ժողովում «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի հարցին:
«Փոխհատուցումը կտրվի ծառայությունները մատուցողներին, համամասնաբար քաղաքացու կողմից սպառած ծավալների և իր կողմից վճարված գումարի պարագայում»,- ասաց Տերտերյանը՝ նշելով, որ փոխհատուցումը կարող է ստանալ քաղաքացին միայն այն դեպքում, երբ բնական գազի սպառող չի լինի և պետք է տրվի որոշակի փոխհատուցում՝ ջեռուցում ապահովելու համար:
Այս պարագայում մենք այլ լուծում դեռևս չենք կարողացել գտնել»,- նշեց Տերտերյանը:
Տերտերյանի խոսքով՝ նրանք փորձում են սահմանամերձ համայնքներում խրախուսել գազի, էլեկտրաէներգիայի սպառումը: Նա նշեց, որ կառավարությունը չի կարող վստահ լինել, որ իրենց կողմից քաղաքացուն տրամադրված գումարը կօգտագործվի հենց այդ նպատակներով, դրա համար էլ կառավարությունը որոշել է փոխհատուցումը տրամադրել ծառայությունները մատուցողներին և սահմանամերձ համայնքների բնակիչների համար երաշխավորել գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի սպառման որոշակի ծավալներ: