Ավտոներկրողներն ուզում են, որ խնդիրների վրա աչք փակելու փոխարեն դրանք լուծվեն
SocietyԱվտոներկրողները դժգոհ են: Կուտակված խնդիրներ կան, բայց իրենց լսող չկա: Իրենց բողոքի ձայնը լսելի դարձնելու համար «Ավտովարորդների պաշտպանության լիգա»-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ու ավտոներկրող անհատներն այսօր հավաքվել էին ՊԵԿ-ի վարչական շենքի դիմաց և հանդիպում էին պահանջում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ:
Հանդիպումը կայացավ: ՊԵԿ նախագահը հրահանգեց աշխատանքային խումբ ձևավորել, որպեսզի կուտակված հարցերը համատեղ քննարկեն և դրանց լուծումները գտնեն:
Տ. Հովհաննիսյանն Orer.am-ին տեղեկացրեց, որ իրենք գոհ են այդ առաջարկից, քանի որ շատ հարցեր կան, որոնք հերթով պետք է քննարկվեն:
«Խնդիրներն այնքան շատ են, բայց ամեն անգամ աչք են փակում դրանց վրա, բայց աչք փակելով չի: Մենք ուզում ենք, որ խնդիրները լուծվեն, ոչ թե շարունակեն մնալ չլուծված: Կան ավտոներկրողներ, ովքեր ընտանիքի անդամների անունով մեքենա են ներկրում, բայց իրենց չեն ասում, որ ապօրինի ձեռնարկատիրությամբ են զբաղվում: Եթե դրա վրա աչք են փակում, թող 20 % տուգանքի վրա էլ աչք փակեն, բայց մեր ուզածն այն է, որ խնդիրները լուծվեն»,- ասաց Տ. Հովհաննիսյանը:
Խոսքը ավտոմեքենաների առք ու վաճառքի կամ նվիրատվություն ձևակերպելու ժամանակ 20 % ավելացված արժեքի հարկի մասին է: Գործարքներից հետո վաճառողները ծանուցվել են այդ մասին, ինչն էլ դժգոհության ալիք էր բարձրացրել: ՊԵԿ-ից ակցիայի մասնակիցներին տեղեկացրել են, որ այդ հարցը կառավարությունում քննարկման փուլում է և հնարավոր է, որ քննարկումների արդյունքում այն կչեղարկվի:
«Հույս ունենք, որ այս հանդիպումից հետո ամեն ինչ լավ է լինելու: Աշխատանքային խմբում բոլոր տեղակալներն են ներգրավվելու, դրանից շատ գոհ ենք: Ինչ արդյունքի կհասնենք, ժամանակը ցույց կտա, բայց հիմա գոհ գնում ենք տուն: Բայց մեր ասածն այն է, որ պետք չի խնդիրների վրա այնքան աչք փակել, որ մարդիկ էլ ստիպված լինեն փողոց փակելու ճանապարհով հարց լուծեն: Լավ չէր լինի՞, որ մեզ այն ժամանակ լսեին, երբ խնդիրների մասին բարձրաձայնում էինք: Եթե այն ժամանակ հարցերը լուծվեին, հիմա այս քայլին չէինք գնա»,- ասաց Տ. Հովհաննիսյանը:
Արմինե Գրիգորյան