Հասարակությունն այսօր Թեհլերյանի կեցվածքն ունի
Interview«Մադաթյան» հոգեբանական կենտրոնի ղեկավար, հոգեբան Միհրդատ Մադաթյանի դիտարկմամբ երկար ժամանակ է հայ հասարակությունն իրեն ոչ թե զոհի կարգավիճակում է պատկերացնում, այլ՝ պահանջատիրոջ: Եվ դա արտահայտվում է հասարակական տարբեր խմբերի կողից Հայոց Ցեղասպանության նախօրեին կազմակերպվող տարբեր ակցիաների, միջոցառումների, ինչպես նաև Եղեռնի զոհերի հուշարձան այցելելու միջոցով:
«Եթե նկատել եք, նույնիսկ հեռուստատեսությամբ ելույթ ունենալու ժամանակ մարդիկ այլևս չեն ասում, որ զոհ ենք, մեզ մորթել են և այլն: Դրա փոխարեն խոսում են այն մասին, որ աշխարհի մասշտաբով մեզ հետ տեղի է ունեցել անարդար և սխալ մի իրադարձություն, որն անհերքելի պատմական փաստ է: Եվ հարգանքի տուրքը, որը ապրիլի 24-ին մենք մատուցում ենք մեր պապերի հիշատակին, բավականին արժանապատիվ կերպով ենք իրականացնում, ոչ թե խեղճացած: Ի դեպ, այս հարցում մենք մշտապես ազգովի ունեցել ենք Թեհլերյանի կեցվածքը, որը նաև պահանջատիրոջ կեցվածք է»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Մ. Մադաթյանը:
Հոգեբանը նշեց նաև, որ եթե այսօրվա կեցվածքը համեմատենք նախկինի հետ, ապա այն փոխվել է, քանի որ այդ մասին զրույցներն են այլ բնույթ ստացել: Երբ ավելի շատ խոսվում էր այն մասին, թե ինչպես են հայերին կոտորել, սպանել, մարդկանց մոտ մանկուց ձևավորում էր զոհի կերպար, որը հետագայում կա՛մ ագրեսիայի ձևով էր արտահայտվում, կա՛մ զոհի կերպար էր ձևավորում: Մադաթյանի խոսքով՝ դրանք երկուսն էլ լավ և առողջ կերպարներ չեն կարող ձևավորել: Բայց, բարեբախտաբար, Ցեղասպանության մասին դատողությունների ճիշտ մատուցման շնորհիվ այդ կերպաների փոխարեն հայն այսօր փոխել է Ցեղասպանության հանդեպ ունեցած իր մոտեցումը:
Ինչ վերաբերում է երեխաներին Ցեղասպանության մասին իրազեկելուն, ապա տարբեր տարիքում երեխաներն ունենում են հոգեբանական ձևավորման տարբեր շրջաններ և յուրաքանչյուր շրջանում հոգեբանական առումով տարբեր ծանրություն ունեցող բեռի կարող են դիմանալ:
«Չի կարելի մանուկ հասակում երեխաներին պատմել այնպիսի բաներ, որոնք տարիքի բերումով անհասկանալի և անընկալելի են նրա համար: Խոսքը ոչ թե երեխաներին Եղեռնի հուշարձան տանելուն կամ չտանելուն է վերաբերում, այլ Հայոց Ցեղասպանության երևույթի բացատրությանը: 6 կամ 8 տարեկան երեխան ի վիճակի չէ նույնիսկ պատերազմի գաղափարը հասկանալ, ուր մնաց Ցեղասպանության երևույթը հասկանա: Եվ այդ տարիքում այնպիսի խորությամբ բացատրել, որը մենք ենք անում, այդքան էլ ճիշտ չէ: Երեխաները կարող են մասնակցել արարողություններին, բայց Ցեղասպանության մասին պետք է այլ բացատրություն տալ: Ավելի հասուն տարիքում՝ 12-14 տարեկանում, այսինքն այն տարիքում, երբ երեխան ի վիճակի է հասկանալ և որոշակի դատողություններ անել, երեխան ամեն ինչ կհասկանա: Այդ ժամանակ նրա մեջ կձևավորվի նույն այն արժանապատիվ մոտեցումը, որը հիմա կա հասարակության շրջանում»,- ասաց Մ. Մադաթյանը:
Արմինե Գրիգորյան