Հարդն ու ցորենը խառնել են իրար
AnalysisԵրկար տարիներ սրա նրա կրունկի տակից սեփական հացը փախցնողների համար, բնական է, հասկանալի չի կարող լինել, թե ինչ է տնտեսական հեղափոխությունը: Նրանք չեն կարող հասկանալ նաև, թե ինչ ասել է՝ աղքատությունը մարդկանց ուղեղներում է, քանի որ Խոհրդային Միության փլուզումից հետո, 30 տարի շատերը սովորել են թփից թուփ թռչելով գլուխը պահել, այդպես էլ չհասկանալով, թե ինչպես կարող է մարդը սեփական ծնկներին ապավինելով ոտքի կանգնել ու պայքարել աղքատության դեմ:
Եվ չնայած նախկին իշխանությունների օրոք ամեն ինչ արվում էր, որ ինքնուրույն մտածելու և գործելու ունակություններ ունեցողներն առանձնապես հաջողություններ չունենան, որպեսզի վերևներից իրենց նետվող հացի կտորով գոհանալու բնազդին վարժվեն, բայց եղան մարդիկ, որ այդպես էլ չկարողացան դրան վարժվել: Իսկ նրանք, ովքեր լպրծուն իրավիճակներին հարմարվելու բավականին մեծ ճկունություն ունեին այդ ընթացքն անցան իրենց հաղթողի կամ իրավիճակի տեր զգալով, ինչը ևս նորմալ է:
Ուստի, բնական է, որ կրունկի ծանրությանը սովորած և դրա տակ մեծացած, տիրոջ ու ծառայի հոգեբանությունը սերտած մարդկանց համար հասկանալի չի կարող լինել, թե ինչ ասել է անկախություն, ազատություն, տնտեսական հեղափոխություն և նմանատիպ այլ հասկացություններ: Նրանց համար օրվա կտրվածքով գրպանում եղած քյաշ գումարի առկայությունն է չափանիշ: Ու եթե դա ապահովող չկա՝ ուրեմն վատ է, իսկ մեղավորներ՝ ինչքան ուզես:
Ինչ վերաբերում է հարցադրումներին, թե այս մեկ տարվա ընթացքում ինչ է փոխվել, ապա պետք է հիշեցնել, որ հոգեվարքի մեջ գտնվող հիվանդին մեկ օրում ոտքի կանգնեցնել հնարավոր չէ: Մարդու համար մեկ օրը պետության դեպքում հավասար է մեկ տարվան: Եվ բնական, է, որ անցած մեկ տարում ո՛չ մարդկանց ստամոքսը կարող էր լցվել, ո՛չ սառնարանը, ո՛չ էլ գրպանը: Դրա համար որոշակի ժամանակ ու քրտնաջան աշխատանք է հարկավոր, ինչի հավեսը տարիների թմբիրին սովոր հասարակությունը կարծես թե չունի:
Միամտություն կլինի նաև կարծելը, որ այս մեկ տարում բոլոր օրենքներն ու կոռումպացված համակարգերը հնարավոր կլիներ վերացնել, բայց որ դրա սաղմերը կան ու տեսանելի են՝ միանշանակ է: Եվ այս պարագայում ամենօրյա ռեժիմով քննադատելը, մուննաթ գալը և դրա շուրջ կեղծ օրակարգ ձևավորելը, համաձայնեք, որ այնքան էլ առողջ մոտեցում չէ: Ուստի առողջ քննադատության ուղենիշն ու արդարության զգացումը չկորցնելու համար հարկավոր է ընդամենը հիշել նախորդ ռեժիմների կողմից ժողովրդի ուսերին դրած պետական պարտքի բեռն ու իշխանությունը զավթած քրեաօլիգարխիկ համակարգի նախկին վոյաժները, և ամեն ինչ իր տեղը կընկնի:
Իսկ նրանք, ովքեր փաստացի կանգնել են անցյալում կուտակածը կորցնելու վտանգի առջև, բնական է, որ սկզբում պետք է գոռգոռան, հետո աղմուկ բարձրացնեն, թե նոր իշխանություններն իրենց կուլակաթափ են անում, առանց ասելու, թե աղքատ երկրում ինչպե՞ս են կարողացել պետական համակարգում աշխատելով այդքան հարստություն կուտակել, հետո դրանք դղյակների ու այլ կապիտալի վերածել: Այնպես որ, ինչպես դասականն էր ասում՝ դժվարը զանգ կախելն է, իսկ ճառ ասող ինչպես բոլոր ժամանակներում ինչքան ասես կլինի, պարզապես հարկավոր է հարդն ու ցորենն իրարից տարբերել և ամենին ինչ իր տեղը կընկնի:
Արմինե Գրիգորյան