«Մշակույթը հզոր զենք է, իշխանությունները չպետք է անտեսեն այն». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» օրաթերթի զրուցակիցն է ռեժիսոր, դերասան Արեն Վաթյանը:
Մշակույթի ոլորտում առկա խնդիրներին լուծում տալը պետք է սկսել կադրային փոփոխություններից
Այս պահի դրությամբ մշակույթում տիրող վիճակը, մեղմ ասած, անմխիթար է: Հասկանալի է, թե ինչու ենք հիմա այս վիճակում, բայց միևնույն ժամանակ անհասկանալի է, թե ինչպես են ոլորտում այժմ ղեկավար պաշտոն զբաղեցնողները, որոնք ամենևին գիտակ չեն, փորձելու մեզ դուրս բերել ստեղծված դրությունից: Խնդիրները կային ու կան, բայց պետք է հասկանալ՝ երբ լինում է հեղափոխություն, երկիրը որոշ ժամանակ հետ է ընկնում, այսինքն՝ զրոյական կետից ավելի հետ է գնում, հետո պահանջվում է ժամանակ, որպեսզի հասնի այդ նույն զրոյական կետին և շարունակի առաջ ընթանալ: Այն պետությունների համար, որոնք մեզ նման ֆինանսապես ոչ բարվոք վիճակում են, դժվար է գումարներ հատկացնել մշակույթին: Բացի դա, իրավիճակը բարդացնում է այն, որ մշտապես պատերազմի վտանգի առաջ ենք: Կան կարևորագույն խնդիրներ, որոնց լուծումը պետությունն առաջնային է համարում: Բայց մշակույթի մարդիկ, այդ թվում՝ ես, վստահ ենք, որ մշակույթը հզոր զենք է, որով աշխարհում հանդես են գալիս բոլոր երկրները, իսկ նրանք, ովքեր այդ զենքը ժամանակին չեն «մոդիֆիկացնում», նաև այդ պատճառով են ավելի ցածր կարգի երկիր համարվում: Այդ պատճառով ամբողջ աշխարհում, իհարկե ոչ բոլոր դեպքերում, անմրցունակ ենք դառնում:
Ըստ իս, մշակույթի բնագավառում առկա խնդիրներին լուծում տալը պետք է սկսել կադրային փոփոխություններից, գործը վստահել այն մարդկանց, որոնք խելացի որոշումներ կկայացնեն: Բայց եթե հարցնեք՝ ո՞ւմ վստահել, ապա կդժվարանամ պատասխանել: Ճիշտ է, կան մշակութային կարկառուն գործիչներ, կարելի է նրանցից որևէ մեկին վստահել, բայց պետք է ուշադրություն դարձնել այն խնդրին, որ կողմնապահություն չլինի: Որևէ բնագավառում, ի դեպ, չեմ ուզենա տեսնել այդ կողմնապահությունը: Երբ մշակույթի նախարար նշանակվեց ինձ համար անհայտ Լիլիթ Մակունցը, դրանում լավ բան տեսա, մտածեցի, որ մենք իրեն չենք ճանաչում, ինքը՝ մեզ, ուրեմն կողմնապահություն չի լինելու, բայց որ առհասարակ ոչինչ չի կատարվելու, դրան պատրաստ չէինք:
Չի կարելի բարձիթողի վիճակում պահել
Մշակույթի ասպարեզում անհասկանալի իրավիճակը, բնականաբար, նաև ինձ վրա է անդրադառնում: Ես էլ չգիտեմ, թե ինչ է սպասվում: Առաջ համագործակցում էի մշակույթի նախարարության, կինոկենտրոնի հետ, ֆիլմեր, հաղորդաշարեր էի նկարում, իսկ հիմա անհասկանալի իրավիճակ է: Ինձ ինչ-որ մեկի օգնությունն է պետք լինելու, քանի որ թղթաբանության վարպետ չեմ: Ես ռեժիսոր եմ, դերասան և ցանկանում եմ զբաղվել բացառապես իմ գործով: Կան մարդիկ, որոնք կարողանում են զբաղվել թղթաբանությամբ, իրենց մոտ այդ ջիղը կա, որը երբեմն շատերի մոտ ավելի զարգացած է, քան արվեստինը: Պետք է փնտրել այլընտրանքային ճանապարհներ այս հարցերով պետության հետ հարաբերվելու համար, ամեն ինչ այս առումով բավական անորոշ է հատկապես կինոյի բնագավառում:
Լավ նորություններ եմ լսում այլ ոլորտներից, որ գործ է արվում, դրական փոփոխություններ կան, բայց չի կարելի բարձիթողի վիճակում պահել մշակույթը:
Կարևորը, որ գործի
Էական չէ, թե ինչպես կկոչվի մշակույթի նախարարությունը: Կարևոր է, որ այն գործի, ոչ թե ձևական բնույթ կրի: Երկար տարիներ հենց այդպես էլ եղել է: Շատ քիչ հարցեր էին լուծվում, լուծվելուց էլ ամեն ինչ իրար մեջ էր արվում, ծախսերը չէին արդարացվում: Թող ճիշտ օրենքներ մշակեն, մտածեն՝ ինչ են ուզում անել և սկսեն աշխատել, որովհետև այս բարձիթողի վիճակը բացասական հետևանքներ կունենա: Մշակույթի գործիչները բարդ մարդիկ են, եթե այսպես երկար շարունակվի, ինձ նման համբերատարները գուցե սկսեն կորցնել համբերությունը ու ավելի շատ արտահայտվեն: Հանրային մարդիկ իրենց հետևից տանող ուժ են, որոնք անհրաժեշտ են այսօրվա իշխանությանը: Մտավորականությանն իշխանություններն այնպես պետք է վերաբերվեն, որ այդ ուժն էլ թեքեն իրենց կողմը:
Դրական փոփոխություններ տեսնում եմ: Հասկանալի է, որ ամեն ինչ չի կարող միանգամից փոխվել: Ես էլ շատ հարցերում դժգոհություն ունեմ: Այս պահին չեմ համագործակցում պետության հետ, բայց մեկ է՝ դեմ եմ այն համակարգին, որը կար: Բայց այս համակարգն էլ պետք է խելացի գործի: Թող լինի օրենք, բայց ոչ այնպիսին, որ ծերանամ, մինչև ֆիլմը հասցնեմ հանձնաժողովին, հետո էլ սպասեմ պատասխանին:
Չի կարելի ու վերջ
Ես գիտեմ՝ ինչպես պայքարել անորակի դեմ: Պրոցեսը կլինի ծախսատար, դժվար, կլինեն դժգոհներ, բայց դրա դեմ պայքարելու միակ տարբերակը պետական մակարդակով այն արգելելն է: Չի կարելի ու վերջ: Պետք է ստեղծվեն ցենզուրայի հանձնաժողովներ՝ բաղկացած կոմպետենտ մարդկանցից, որոնք կդիտեն և կասեն, որ տվյալ արտադրանքը չի կարելի ցուցադրել հեռուստատեսությամբ, կինոթատրոնում և այլն: Մեկ, երկու, հինգ տարի անց այս դեգրադացիան կամաց-կամաց կսկսի վերանալ: Ինձ թվում է՝ սա միակ տարբերակն է: 30 տարվա մեջ անճաշակությունը հասել է կրիտիկական աստիճանի: Չեմ կարծում, որ ներկայիս իշխանությունները ցանկություն ունեն սա շարունակելու:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում