Նիկոլ Փաշինյանի դեմ աշխատում է ժամանակը, իսկ Սերժ Սարգսյանը սպասում է
International newseadaily.com-ը «Ով է ճիշտ, ով սխալ՝ ժամանակը ցույց կտա. ինչո՞ւ է լռում Սերժ Սարգսյանը» վերնագրով հոդվածում գրում է, որ մեկ տարի առաջ, երկարատև բողոքի ակցիաներից հետո, գործող վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Նա փողոցի ճնշման տակ զիջման գնաց՝ չնայած նրան, որ այդ պաշտոնում ընտրվել էր խորհրդարանի կողմից, որի լեգիտիմությունը ճանաչել էր միջազգային հանրությունը: Սերժ Սարգսյանն իր հրաժարականի տեքստում մի քանի կարևոր ուղերձներ է հղել, որոնք աննկատ մնացին «թավշյա հեղափոխության» և ներքաղաքական բուռն իրադարձությունների պայմաններում: «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ: Ներկա իրավիճակը մի քանի լուծումներ ունի, բայց ես նրանցից որևէ մեկին չեմ գնա: Դա իմը չէ: Ես հեռանում եմ պետության ղեկավարի պաշտոնից: Ես ձեր պահանջը կատարում եմ», - իր ուղերձում այդ օրերին գրել էր Սերժ Սարգսյանը: Քաղաքագետներն ու փորձագետները շարունակում են զարմանալ, թե ինչու Հայաստանի նախկին վարչապետը, պահպանելով Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնը, շարունակում է լռել և պատրաստվում է միայն ապագայում մեծ հարցազրույց տալ ու պատասխանել բազմաթիվ հարցերի: Սերժ Սարգսյանը, որպես փորձառու քաղաքական գործիչ և նախկինում ազգային անվտանգության ծառայության ղեկավար, ուներ շատ տեղեկություններ, այդ թվում`«հույժ գաղտնի» մակագրությամբ, և հասկացել էր, որ «թավշյա հեղափոխությունը» փաստացի ունի բազմաթիվ աջակիցներ ֆինանսական կենտրոններից, այդ թվում՝ Ջորջ Սորոսի, ԱՄՆ-ի և Եվրամիության վերահսկողության ներքո գործող հիմնադրամներից և, ինչու չէ, նաև ամերիկյան հետախուզական ծառայությունից: Հավանաբար աչքի առաջ ունենալով «մայդանյան սցենարը»՝ նա չցանկացավ Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին բախումներ սկսել, ուստի և գնաց առավել ցավոտ, բայց ամենաարագ և անսպասելի որոշմանը և հրաժարական տվեց՝ լիցքաթափելով պայթյունավտանգ իրավիճակը: Սերժ Սարգսյանն իր հրաժարականի մասին հայտարարության մեջ ընդգծել է, որ ինքն ընդառաջ է գնում «փողոցի», այլ ոչ թե ժողովրդի պահանջին: Իրականում Սերժ Սարգսյանը, հասկանալով, թե հրապարակում ովքեր են կանգնած, Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի մասին բավականին տեղեկացված լինելով, իշխանությունը տվեց այդ անփորձ կոհորտային, որը հաղթանակից առաջացած էյֆորիայի ֆոնին ստիպված էր նաև լուծել նախորդ տարիներից մնացած՝ Հայաստանի տնտեսական խնդիրների հսկայական ծանրությունը, գումարած դրան՝ փակուղի մտած ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Ավելին, Սարգսյանը չէր կարող չհասկանալ, որ նախորդ տարիների ընթացքում հակառուսական պայքարի բնագավառում աչքի ընկած երիտասարդ ակտիվիստները, այդ թվում՝ Փաշինյանը, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և Մոսկվայի աչքերում չեն ունենա բարձր լոյալություն և ստիպված կլինեն քաղաքական երջանկություն փնտրել Արևմուտքում: Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները՝ Սերժ Սարգսյանը արդեն մեկ տարի է՝ լռում է, սակայն վերջերս սկսել է ՀՀԿ-ի «ռեբրենդինգի» գործընթացը: Այս պահին ՀՀԿ-ն համալրվում է երիտասարդ կադրերով՝ ազատվելով օլիգարխիկ թևից, և փորձում է տեղ գրավել ազգային-պահպանողական ճամբարում, որտեղ կա մեծ դատարկություն: Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի դեմ ոչ թե վարչական ռեսուրսներ, սև փիառ կամ այլ միջոցներ է օգտագործում, այլ օգտագործում է միայն ժամանակը: Նա Փաշինյանին ժամանակ է տվել, որպեսզի վերջինս իր գործողություններով, ներառյալ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստը, Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացումը, տնտեսական բարձիթողի վիճակը և այլն, սպառի իր բարձր վարկանիշը, ինչին մեծապես նպաստում են նաև հազարավոր ֆեյքերը սոցիալական ցանցերում: Սերժ Սարգսյանն այժմ հեռու է մնում բաց քաղաքական խաղից և ներքաղաքական գործընթացներին մասնակցում է երիտասարդների միջոցով, որոնք ՀՀԿ-ի քաղաքական անցյալից են և փորձառու են: Նա կարող է նաև փորձել ստեղծել Նիկոլ Փաշինյանի դեմ ձևավորվող «միացյալ ճակատ», այդ թվում՝ իր փեսայի լրատվամիջոցների հնարավորությունների միջոցով, որոնք վերջերս սկսել են ակտիվանալ քաղաքական դաշտում, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի, հնարավոր է նաև քաղաքական այլ ուժերի հետ: Այս պահին Սերժ Սարգսյանը սպասողական վիճակում է, հիմա Նիկոլ Փաշինյանի դեմ աշխատում է ժամանակը, քանի որ նրա թիմը չի արդարացնում իրեն, իսկ բազմաթիվ սոցիալական ու տնտեսական խնդիրներ լուծում չեն գտնում: Չմոռանանք նաև ղարաբաղյան հիմնախնդիրը: Պատերազմի վերսկսման դեպքում ճակատային գծի ձախողումները կարող են հանգեցնել Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հրաժարականին, որը կօգտագործվի նախկին իշխանությունների կողմից, որոնք ներկայումս սպասում են ռևանշի ցանկացած հնարավորության: Այս տեսակետից ուշադրության է արժանի քաղաքագետ Ներսես Հարությունյանի կարծիքը առ այն, որ ժամանակի պակասը, ցայտնոտային վիճակը, լուրջ ներքին հակազդեցությունը հատկապես ֆինանսատնտեսական ոլորտում, Մերձավոր Արևելքի տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Մոսկվայի հետ բարդ հարաբերությունները ստիպել են թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ լուծման ուղիներ փնտրել: Ըստ քաղաքագետի, աշխարհի ուժերը խրախուսում են Հայաստանի «գորդյան հանգույցը» քանդելու վարչապետի ցանկությունը, որը կբերի Հայաստանի տնտեսության սահմանները բացելուն, ուղիների ապաարգելափակմանը ու նոր շունչ կտա առևտրին ու գործարարությանը, և միայն Բաքվի հետ բանակցություններում լուրջ առաջընթացի հասնելու միջոցով Նիկոլ Փաշինյանը կարող է ժամանակ ու ռեսուրսներ ձեռք բերել ու ամրապնդել իր օրինական իշխանությունը: Ընդ որում, Փաշինյանը Հայաստանի պատմության մեջ որպես «դրական փոփոխությունների առաջնորդ» մնալու միայն մեկ տարբերակ ունի, դա ղարաբաղյան հարցի լուծումն է: Հարությունյանը համոզված է, որ Ղարաբաղում նոր պատերազմ չի լինի, իսկ Ալիևի և Փաշինյանի միջև ուղղակի երկխոսություն առկա է, ռազմական սցենարին նախապատվությունը տալը Իլհամ Ալիևի համար վտանգավոր և անընդունելի է հենց այն նույն պատճառով, ինչի պատճառով անընդունելի է Նիկոլ Փաշինյանի համար՝ այն կուժեղացնի իր հակառակորդների դիրքերը:
Կամո Խաչիկյան