Վրաստանում Հայաստանի դեսպանությունը իր դժգոհությունը կհայտնի տեղի իշխանություններին
AnalysisԱպրիլի 24-ին` Հայոց Ցեղասպանության հիշատակի օրը, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տհաճ երևույթ տեղի ունեցավ, ինչը բավականին վրդովեցրել էր ինչպես տեղի հայ համայնքին, այնպես էլ համայն հայությանը: Խնդիրն այն է, որ քաղաքային իշխանությունները, Թուրքիայի դեսպանատան դիմումը բավարարելով, իրավունք էին տվել, որ թուրքական կողմը ևս այդ վայրում իրականացնի իր միջոցառումը: Այսինքն՝ թուրքական կողմին հաջողվել էր իրենց երեխաների օրվա միջոցառման համար թույլտվություն ստանալ Հայերի ցեղասպանության միջոցառման վայրի հարևանությամբ:
Ու թեև իշխանություններն ամեն ինչ արեցին, որ հայկական և թուրքական կողմերի միջև բախում տեղի չունենա, այնուամենայնիվ կա հարցի բարոյական կողմ, որը, փաստորեն, չի պահպանվել:
Տեղի իշխանություններն իրենց քայլը մեկնաբանում են, որ այն պարտավորությունը, որն ունեն հայերի հանդեպ, նույն պարտավորությունը ունեն նաև թուրքական կողմի հանդեպ, և իրենք չէին կարող միջոցառում անցկացնելու մի դիմումը բավարարել, իսկ մյուսը՝ մերժել:
Սա իրավունքի տեսանկյունից գուցեև ճիշտ է, բայց այս նուրբ հարցին հասցված բարոյական հարվածը շրջանցել հնարավոր չէ:
Պարզելու համար, թե Վրաստանում հայկական դեսպանատունը դիվանագիտական մակարդակով ինչ քայլեր է ձեռնարկել, Orer.am-ը զրուցեց Վրաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի գծով պատասխանատու Հարություն Հայրապետյանի հետ:
«Իրադարձությանը հաջորդած րոպեներից սկսած Վրաստանում հայկական դեսպանատունը դրանով էր զբաղված, սակայն այս օրերին և նաև երկուշաբթի օրը Վրաստանում ոչ աշխատանքային օր է: Այդ իսկ պատճառով մեր կողմից պատրաստած բողոքի նամակը երեքշաբթի օրը կհանձնենք տեղի իշխանություններին:
Թեև տեղի ունեցածը գեղեցիկ չէր, սակայն, բարեբախտաբար, որևէ միջադեպ տեղի չունեցավ, քանի որ վրացական իշխանությունների հետ կապ պահպանելով հասանք նրան, որ անվտանգության այնպիսի միջոցառումներ ձեռնարկվեցին, որ որևէ սադրիչ քայլ չեղավ: Ինչ վերաբերում է հարցի բարոյական կողմին, ապա Ցեղասպանություն վերապրած ժողովրդի հանդեպ նման վերաբերմունքն անընդունելի է»,- ասաց Հ. Հայրապետյանը:
Orer.am-ի տեղեկություններով թուրքական կողմը նման միջոցառում ամեն տարի կազմակերպվում է, սակայն այս տարի փոխել է միջոցառումն անցկացնելու վայրը, ինչը, փաստորեն, բավարարվել է քաղաքային իշխանությունների կողմից: Հուսանք, որ այլևս նման բացթողում տեղի չի ունենա, և Թբիլիսիի քաղաքային իշխանությունները թույլտվություն տալուց առաջ այնպիսի լուծում կտան հարցերին, որ ոչ մի կողմից դժգոհություն չլինի:
Արմինե Գրիգորյան