Մի «50000»-ի պատմություն. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է.
2019 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 562 հազար 43 աշխատատեղ` 2018 թվականի 511 հազար 902 աշխատատեղի դիմաց, և աճը 2019 թվականի հունվարին՝ 2018 թվականի հունվարի նկատմամբ կազմել է 50 հազար 141, երեկ առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա փոխանցմամբ, այսպիսով հեղափոխությունից հետո Հայաստանում ստվերից դուրս է եկել և/կամ ստեղծվել է շուրջ 50 հազար աշխատատեղ։ Սա թիվ է, որն, ըստ վարչապետի, չի կարող կասկածի տակ առնվել, որովհետև ձևավորվել է ձեռնարկությունների, ընկերությունների ներկայացրած հարկային հաշիվների հիման վրա։
Բնավ մտադիր չենք կասկածի տակ առնել Փաշինյանի ներկայացրած թվերը, սակայն ևս մեկ անգամ պնդենք, որ միանգամայն այլ պատկեր է ուրվագծվում, երբ ուսումնասիրում ենք Զինծառայողների սոցիալական ապահովության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան հաշվետվությունը։ Սակայն հիմա այս անհամապատասխանությունը չէ, որ ցանկանում եմ քննարկել, այլ այն, որ «50000»-ը Նիկոլ Փաշինյանի համար դառնում է բրենդային թեմա՝ որպես ապացույց, որ գոյություն ունի տնտեսական առաջընթաց։ «Ես հասկանում եմ նաև, որ սա այսպիսի քննարկումների տեղիք տվեց, որովհետև սա, ըստ էության, կարող է նույնիսկ ֆանտաստիկայի ժանրից թվա, բայց այս ֆանտաստիկան այսօր Հայաստանի Հանրապետությունում իրականություն է, և դա շատ լավ է»,- իր հեղինակած թվի մասին հայտարարում է Նիկոլ Փաշինյանը։
Ֆանտաստիկա կլիներ, եթե հեղափոխության առաջին տարում Հայաստանում իսկապես բացված լիներ 50000 աշխատատեղ։ Այդ դեպքում՝ մարդկանց կյանքի որակն էապես բարելավված կլիներ, իսկ տնտեսական հեղափոխությունը ոչ թե վիրտուալ կարգախոս, այլ գործողության մեջ դրված ծրագիր կլիներ։
Եթե Հայաստանում ստվերից դուրս է եկել 50000 աշխատատեղ, դա նույնպես գովելի է, որովհետև, ի վերջո, կրճատվել է ստվերային տնտեսությունը։ Սակայն այստեղ էլ առաջանում են այլ հարցեր, որոնց մասին Փաշինյանը գերադասում է լռել։
Արդյո՞ք Հայաստանում ստվերային տնտեսության ծավալն այնքան սահմանափակ է եղել, որ ֆանտաստիկ է համարվում 50000 աշխատատեղի ֆորմալացումը։ Իհարկե՝ ոչ, սակայն նույնիսկ սա չէ հիմնական մտահոգությունը։
Բանն այն է, որ բազմաթիվ տեղեկություններ կան այն մասին, որ ստվերից դուրս գալուց հետո մարդկանց իրական եկամուտները կրճատվել են, այլ խոսքով՝ նախկինում մարդը ստացել է շատ ավելի բարձր աշխատավարձ, քան հիմա։ Մյուս կողմից՝ գործ ունենք այլ երևույթի հետ, երբ աշխատատեղերի ստվերից դուրս գալու գործընթացը մի շարք ձեռնարկություններում ուղեկցվել է աշխատակիցների կրճատումներով։ Այս ցուցանիշների մասին վարչապետը, բնականաբար, լռում է, ու հասարակությունն այդպես էլ չի կարողանում հստակ պատկերացում կազմել, թե ինչպիսի միտումներ կան մեր տնտեսության մեջ։
Ընդհանրապես՝ վիճակագրությունն իշխանությունների համար, հեղափոխությունից առաջ ու հետո, դարձել է քարոզչական ու քաղաքական մանիպուլ յացիաների միջոց։ Իշխանության առաջին դեմքերը միշտ սիրում են «թվախեղդ» անել հասարակությանը, երբ դա սպասարկում է իրենց քաղաքական շահերը, ու համառորեն լռում են, երբ թվերը խոսում են տնտեսության հետընթացի կամ սոցիալական անբարենպաստ համատեքստի մասին։
Նույն շարքից է Փաշինյանի «50000»-ի պատմությունը։ Մեր հասարակությանն ավելի պերճախոս խոստումներ են տրվել, իհարկե՝ Հայաստանն այդպես էլ Սինգապուր չի դարձել կամ «վագրային թռիչք» չի ունեցել, սակայն դրանից կարգախոսները չեն կորցրել իրենց քաղաքական «կենսունակությունը»։ Բոլոր ժամանակներում, բոլոր իշխանությունների համար։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում