Փաշինյանը Մարտի 1-ն օգտագործում է մրցակիցներին պայքարից հանելու համար. Ռուսաստանյան մամուլ
International newseurasia.expert-ը ««Թավշյա հեղափոխության» մեկ տարին. ի՞նչ փոխեց Փաշինյանը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում ապրիլի վերջին շաբաթ օրը նշվելու է Քաղաքացու օրը` տոնակատարություն ի նշան 2018 թվականին տեղի ունեցած «թավշյա հեղափոխության»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության համաձայն, այն պետք է դառնա «այնպիսի տոն, ինչպիսին եղել է հեղափոխությունը»: Հայաստանում «թավշյա հեղափոխության» հաղթանակից մեկ տարի է անցել, և շատ բան է փոխվել: Այնուամենայնիվ, չնայած սոցիալական, քաղաքական, տնտեսական և այլ բնագավառներում իրավիճակը դեռևս չի կայունացել, Հայաստանի կառավարությունը որոշել է «Քաղաքացու օր» նոր տոն ունենալ: Հիմա կարևոր է հասկանալ այն իրադարձությունների տրամաբանությունը, որոնք տեղի ունեցան և տեղի են ունենում Հայաստանում: Հայաստանում քաղաքական փոփոխությունները չի կարելի անվանել «հեղափոխական», քանի որ հետագա իրադարձությունները ցույց են տալիս, որ իրականում այս ամենը էվոլ յուցիոն է: Սա պարադոքս է, որը կապված է արմատական վերափոխումների ակնկալիքի և արդյունքում իշխանափոխության սահմանադրական գործընթացի դանդաղընթաց հոսքում սկսված փոփոխությունների հետ: Նկատենք, որ բոլորը «արմատական» ակնկալիքներ ունեին, նույնիսկ Նիկոլ Փաշինյանի հակառակորդները, ինչը նկատվում է ընդդիմադիր ԶԼՄ-ների հռետորաբանության մեջ: Ի՞նչն է հիմք տալիս այդպիսի մտքերի: Նախ և առաջ տնտեսության մեջ արմատական փոփոխությունները տեղի չեն ունեցել, ինչպես նաև չկան կանխատեսված «արագ վերելքները» և «սարսափելի ձախողումները»: Երկրորդն այն է, որ իշխանական ինստիտուտները շատ դանդաղ են փոխվում, ինչը պայմանավորված է երկրի քաղաքականության և տնտեսության հիմնարար փոփոխությունների առումով կառավարության ծրագրի բացակայության հետ: Մեկ այլ հետաքրքիր դիտարկում ևս՝ անգամ իշխանության բարձր լեգիտիմության պայմաններում Փաշինյանը ունակ չէ մոբիլիզացնել բնակչությանը ոչ ժողովրդահաճո քաղաքական որոշումներ կայացնելու համար, քանի որ քաղաքական հայտարարությունների պոպուլիստական ոճը և իշխանության ոչ բռնի փոփոխության տրամաբանությունը հեղափոխական զանգվածներին «հանել» են որոշումների կայացման գործընթացից: Արդյունքում բնակչությունը մնացել է մեծ սպասելիքներով, իսկ այսօրվա իշխանությունները չեն կարող հրաժարվել օրենսդրական դաշտում, ինչպես նաև քաղաքական համակարգում փոփոխություններ կատարելու հարցում «զգուշավոր» գործողություններից: Կառավարության և խորհրդարանի ամենօրյա բյուրոկրատական աշխատանքին անցնելը մեծապես հարվածել է «հեղափոխական աճի» իմիջին: Բացի դրանից, հասարակության մեջ բուռն դժգոհություն են առաջացնում պաշտոնյաների պարգևավճարները և ժողովրդի բյուջեից այլ «անհասկանալի» ծախսերը: Այս համատեքստում նոր կառավարության և հասարակ քաղաքացիների միջև թյուրըմբռնումն ավելի ու ավելի է խորանում: Եթե խորհրդանիշների մասին խոսենք, ապա ստացվում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «սահմանադրական կարգը տապալելու» մեղադրանք ներկայացնելով՝ ընտրել են որպես «հեղափոխական դիցաբանության հիմնական ոճրագործ»: Բացի դա, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանը, այնպես էլ հիմա Փաշինյանը 2018 թվականի մարտի 1-ն օգտագործում է մրցակիցներին պայքարից հանելու համար, ինչի արդյունքում տուժում է այս ողբերգական իրադարձության վերլուծության օբյեկտիվությունը: Այսօր իշխանությունները դիմում են հանրային գիտակցության մանիպուլ յացիաների, քանի որ անգամ հեղափոխական պայքարի խորհրդանիշները չեն արտացոլում սեղմող սոցիալական խնդիրները: Հասարակության հիասթափությունը կսկսի դրսևորվել դժգոհության և քաղաքական զարգացման ռազմավարությունը չհասկանալու մեջ: Հիմնական խնդիրը սոցիալական բնագավառում հավասարակշռված քաղաքական որոշումների և արագ արդյունքների բացակայությունն է: Նույնիսկ նեոլիբերալ բարեփոխումների հաջողությունը, որի արդյունքը կարելի է ակնկալել առնվազն մեկ տարի անց, չի կարող ապահովել հասարակական կարծիքի կայունությունը և կհանգեցնի արմատականացման: Դրական պահերից, որոնք նպաստում են իշխանությունների նոր ներկայացուցիչների բարձր վարկանիշին, կարելի է առանձնացնել բաց լինելը, կայուն փոխադարձ կապը բնակչության հետ տարբեր տեղեկատվական կայքերի և սոցիալական ցանցերի միջոցով: Առհասարակ կոռուպցիայի դեմ պայքարը նույնպես իշխանության լեգիտիմությունը ապահովող հիմնական գործոն է: Ահա հենց այս պայմաններում էլ Հայաստանի քաղաքացիները ստիպված կլինեն տոնել իրենց նոր տոնը: Ի դեպ, այս նշանակալի տոնակատարության մեծ ծախսերը ևս (124 մլն դրամ) քննադատության պատճառ են դարձել ամբողջ երկրում: Տոնի բովանդակության վերաբերյալ հասարակական քննարկումներ չեն եղել: Սա է Հայաստանում փոփոխությունների էությունը. ցավոք, հեղափոխական տրամադրությունները հասարակության համախմբման համար հիմք չեն դարձել, այլ ընդհակառակը: Ինչ վերաբերում է «քաղաքացու տոնին», ապա մարդիկ դրան նայում են «սոցիալական ակնոցներով», երկրում առկա աղքատության 27 տոկոս մակարդակի ֆոնին: Տարվա ընթացքում շատ բան է փոխվել, սակայն բնակչության ակնկալիքները հիմնականում վերաբերել են սոցիալական ոլորտին, որտեղ դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ: Իշխանության թափանցիկությունը, խոսքի ազատությունը, քաղաքական գրաքննության բացակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը և այլ երևույթները պետք է համակարգվեն և համապատասխանեցվեն հայոց պետականության զարգացման ընդհանուր տրամաբանությանը: «Հեղափոխական» իրադարձությունների հիմնական հետևանքը եղել է իշխանության կառուցվածքի փոփոխությունը և ներպետական ու հանրային հարաբերությունների թափանցիկության բարձրացումը, բայց միևնույն ժամանակ ներքին քաղաքականության մեջ պահպանվում է բարձր մակարդակի անորոշությունը: Քաղաքացու օրը պետք է լինի միասնական տոն բոլոր քաղաքացիների համար, այլ ոչ թե հասարակության երկատվածության ապացույց: Այս համատեքստում սիմվոլները կարևորագույն դեր են խաղում ներկայումս և խաղալու են նաև ապագայում:
Կամո Խաչիկյան