Հին կերպարների հանդեպ նոստալգիան զայրացնում է հներին
AnalysisՂեկավարի կարծրատիպային կերպարներին սովոր անձինք դժվարանում են ընկալել նոր ոճի ղեկավարի կերպարը, քանի որ ձևավորված «ավանդույթի» համաձայն մարդը, եթե ղեկավար պաշտոն է ստանձնում, ապա պետք է իր ենթականերին նսեմացնի, ահ ու սարսափի մթնոլորտ ձևավորի, որ իրեն տեսնելիս մարդիկ շունչները պահած զգաստ կանգնեն մինչև հեռանալը: Հին ընկալմամբ, նսեմացնելուց բացի, ղեկավարները պետք է սիգարետի մոխիրը լցնեն իրենց կողքից քայլող մեկ այլ աշխատակցի հրամցրած մոխրամանի մեջ, մեկը պետք է պաշտոնյայի կոշիկների կապերը կապի, մյուսը՝ կոշիկները փայլեցնի և այլն:
Անկեղծ ասած, թեև սրանք ղեկավարի դիկտատորական կամ թագավորական դարաշրջանի ու ոճի մոտեցումներ են, բայց այսօր էլ, շատերին թվում է, թե նման դրսևորումներն աթոռից բխող ուժի անմիջական ցուցադրություն է, որը պակասում է ժամանակակից ղեկավարներին: Եվ եթե նման դրքավորում չկա, ուրեմն էլ ի՞նչ ղեկավարի ուժի մասին կարող է խոսք լինել:
Ողջ աշխարհում նման դրսևորումներ դեռ կան: Դրանք ավելի վառ արտահայտվում են ասիական, աֆրիկյան երկրներում, որտեղ օրենքի փոխարեն անհատների կապրիզներն են գործում: Իսկ զարգացած երկրներում, որտեղ իրավունքի գերակայությունը վաղուց դարձել է նորմ, նման բան չեն հանդուրժի ոչ միայն ենթակաները, այլև սովորական քաղաքացիները: Զարգացած երկրներում մարդիկ քաջ գիտակցում են, որ երկրի ղեկավարն իրենց քվեների շնորհիվ է հայտնվել երկրի ղեկավարի աթոռին: Եվ ինչպես ստանձնել է այդ բարձր պաշտոնը է, այնպես էլ կարող է դրանից զրկվել:
Հիմա դժվար է ասել, թե Հայաստանը որ տիրույթում է գտնվում, բայց այստեղ շատերի մոտ դեռ այն մտայնությունն է, որ եթե քաղաքական գործիչը բարձր պաշտոն է ստանձնում, ուրեմն պետք է դադարի երկրի քաղաքացի լինելուց, ուստի չպետք է գետնից վերցնի թուղթը, կամ՝ ծխախոտի մնացորդը:
Սա տիպիկ ստրկատիրական, ճորտատիրական մտածելակերպ է, որը, ցավոք ցույց է տալիս, որ մեզ մոտ ժամանակի ընթացքում այնքան են վարժվել ղեկավարների առջև խոնարհվելու բնազդին, որ չեն էլ պատկերացնում, որ եկել է ժամանակը, երբ այլևս պաշտոնյաների առջև խոնահրվելու կարիք չկա, որ նրանք ոչ թե ժողովդի վզին նստած վասալներ են, այլ ընդամենը նույն այդ ժողովրդին ծառայողները: Ուստի պարտավոր են ամեն ինչ անել, որ քաղաքացին ամեն քայլափոխի իրեն ապահով ու պաշտպանված զգա, իսկ դրան հասնելու համար պետք է օրական 24 ժամ զգոն լինեն ու կրկնակի աշխատեն, ոչ թե օրվա 24 ժամը մտածեն, թե ինչ անեն, որ ժողովուրդն իրենց տեսնելիս ահ ու սարսափի մեջ ընկնի այն մտքից, որ հանկարծ ղեկավարի սև ցուցակներում չհայտնվի:
Մինչդեռ այսօր, Հայստանը գնում է իրական ժողովրդավարություն կառուցելու ճանապարհով, որտեղ իշխանության տերը ժողովրդին է պատկանում, ոչ թե աթոռի վրա նստած անձին: Ու եթե դեռ կան այնպիսիք, ովքեր դեռ դա չեն հասկացել, ուստի, ինչպես «դասականը» կասեր՝ սթափվեք, գժուկներ, ուզեք, թե չուզեք, նոր ժամանկներն արդեն եկել են, մնում է դրան հարմարվել և առաջ նայել:
Արմինե Գրիգորյան