Դիվանգաիտական «նոու հաու» Արցախի շո՞ւրջ
AnalysisՀայկական շրջանակներում՝ Երևանում ու Ստեփանակերտում, ուշի ուշով հետևում էին վերջերս Մոսկվայում կայացած Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Սերգեյ Լավրովը։ Հետո նրանց միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շեֆերը։ Այն, որ բանակցությունները կայացան Մոսկվայում, և նրանց մասնակցեց Լավրովը, փորձագետներին բազմաթիվ խորհրդածությունների առիթ տվեց։ Ակնհայտ էր, որ հակամարտող կողմերը հերթական անգամ մոտեցան արցախա-ադրբեջանական հակամարտությունների սուր խնդիրներին, ընդ որում, ունենալով ինչ-որ «տնային պատրաստություններ»։
Տեղին է փաստել այն հանգամանքը, որ 2016-ին Կրեմլն առաջարկում էր ինչ-որ սցենար, որը Հայաստանում և ԱՄՆ-ում հակառուսական շրջանակները հետո անվանում էին «Լավրովի պլան», որն իրականում երբեք չէր էլ եղել։
Երբ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը 2017-ին իր լիազորությունները հանձնում էր Էնդրյու Շեֆերին, «Ամերիկայի ձայն» ռադիոկայանն այդ փաստաթղթերն անվանեց «Հոգլանդի պլան», ոչ թե Լավրովի։ Հոգլանդը հավաստիացնում էր, որ դա ԵԱՀԿ ՄԽ-ի բոլոր համանախագահների դիրքորոշումն է։ Նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում գտնվող և Ադրբեջանի կողմից չվերահսկվող տարածքները «պետք է ստանան միջանկյալ կարգավիճակ, որն առնվազն երաշխավորում է անվտանգություն և ինքնակառավարում։ Լեռնային Ղարաբաղի շրջակա օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողության տակ»,- ասվում է այդ փաստաթղթում։Չի կարող լինել «որևէ կարգավորում առանց Ադրբեջանի ինքնիշխանությունը հարգելու և ընդունելու, որ այդ տարածքների նկատմամբ նրա ինքնիշխանությունը պետք է վերականգնվի»։
2017 թ. մարտին Հոգլանդը հայտարարում էր, որ «ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ կա մի քանի խելամիտ պլան, որոնց շուրջ կողմերը պետք է բանակցեն, և նրանք «Լավրովի պլան» չեն կոչվում»։Նա երկո ւանգամ ընդգծել է, որ «ոչ մի փաստաթուղթ չկա «Լավրովի պլան» անվանումով և բանակցային գործընթացում առկա չէ։ Շրջանառվում է երեք մասից բաղկացած պլան, բայց տվյալ փուլում նրա մանրամասները չենք կարող հրապարակել, ժամանակը չէ։ Կողմերն աշխատում են դրա վրա»,-մի առիթով ասել էր նա։ Ավելացնենք, որ Լավրովն ինքը բազմիցս ժխտել է իր անվամբ պլանի առկայությունը և ճշտել։
Մոսկվայի հանդիպման մասին համանախագահների եզրափակիչ հայտարարությունը որոշակի մանրամասներ է մտցնում։ Պարզվում է, որ հակամարտող կողմերը «հայտնել են իրենց շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացմամբ, մասնավորապես գյուղատնտեսական գործունեության ընթացքում», «նաև համաձայնել են փոխադարձաբար միջոցներ ձեռք առնելու, որպեսզի ընտանիքներին թույլ տան հանդիպել իրենց այն հարազատների հետ, որոնք կալանված են կողմերի համապատասխան կենտրոններում» և «պատրաստակամություն են հայտնել կոնկրետ աշխատանք սկսելու մարդկանց միջև շփումներ հաստատելու ուղղությամբ, այդթվում՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխայցերի միջոցով»։ՄԽ-ն նշում է, որ «հանդիպման մասնակիցները պայմանավորվեցին շարունակել շփումները մոտակա ժամանակում»։
Դատելով Մամեդյարովի արձագանքից՝ սեղանին են դրվել բազմաթիվ կոնկրետ առաջարկներ, նախ և առաջ, այսպես կոչված, մարդասիրական բնույթի, որոնք նախատեսում են Երևանի ու Բաքվի դիրքորոշումների քայլ առ քայլ մոտեցում։ Միայն այդ ուղղությամբ առաջընթացը կերաշխավորի, որ Մոսկվա-Բաքու-Երևան եռանկյան մեջ կկայանա բարձր մակարդակի հանդիպում։ Առանց այդ ուղղությամբ շոշափելի քայլերի և երկխոսությանը ՌԴնախագահ Պուտինի մասնակցության անիմաստ է «դիվանագիտական լարախաղացությունը», որն առաջվա պես ընթանալու է հայտնի հին ձևաչափերով։ Նույնիսկ քիչ հավատալի է, թե կան ուժեր, որոնք կարող էին խթանել Արցախի հարցով Ադրբեջանի ու Հայաստանի պետական քաղաքականության վրա ազդելու ունակ այլ երկխոսություն։ Իսկ առայժմ մի բան է պարզ. Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-երի ղեկավարների հանդիպումը ճեղքում չառաջացրեց, ինչը և կանխատեսվում էր։
Անդրանիկ Հարությունյան