Հարգարժան նախարարը երևի չգիտի, որ խնայելու համար նախ պետք է փող ունենալ
EconomicsԿառավարության ծրագրում նախատեսված է, որ առաջիկա 5 տարիներին պետք է երկիրը ՀՆԱ-ի 23 տոկոսը գերազանցող ներդրումներ ունենա: Ու թեև դրան հասնելու ցանկությունը բավականին մեծ է, բայց այն դժվար կլինի այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկիրը առաջիկա 5 կամ 10 տարիներին ներդրողների համար կանխատեսելի հարկային քաղաքականություն չվարի:
Ըստ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի՝ 2018-ին այդ ցուցանիշը 17 տոկոսի սահմաններում է եղել: Նախարարը նշել է նաև, որ, այդուհանդերձ, դեռ շատ բարդ ճանապարհ ունենք անցնելու: Եվ որքան էլ զարմանալի է, նա տնտեսական աճը պայմանավորել է ինչպես օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ միջավայր ստեղծելու անհրաժեշտությամբ, այնպես էլ երկրում ապրողների վարքագծով:
«Դեռ ներդրումներն այն մակարդակին չեն, որ կուզեինք ունենալ, և դա մեզ մտահոգում է: Մենք ամեն ինչ անում ենք, որ դրանք ավելանան: Մյուս կողմից՝ որպես հասարակության անդամներ, որքանո՞վ ենք պատրաստ խնայողություններ ստեղծել և դրանք ուղղել ներդրումների: Պետք է աշխատենք բոլոր ուղղություններով, որ արդեն 4-5 տարի հետո հասնենք այդ ցուցանիշին»,-ասել է նախարարը:
Ցավով արձանագրենք, որ հարգարժան նախարարը հավանաբար չգիտի, որ օրվա հաց վաստակող քաղաքացին, որ մի կերպ է ամիսը գլորում, չի կարող խնայողություն «ստեղծել»: Երբ մասսայաբար բոլոր ընտանիքների բոլոր անդամները բանկերի տոկոսների տակ ճռռում են, չեն կարող խնայողություններ անել: Եվ վերջապես, ֆանտաստիկ բարձր կոմունալ վճարներ մուծող քաղաքացին, ինչքան էլ ցանկանա, չի կարողանալու խնայողություններ ունենալ:
Այնպես որ, խնայողություններ «ստեղծելու» և դրանք ներդնելու համար նախ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, նոր միայն խոսել քաղաքացու ներդրումների մասին: Իսկ երբ այդ պայմանները ստեղծվեն՝ բանկային տոկոսադրույքները նվազեցվեն, հստակեցվեն խաղի բոլոր կանոնները և իշխանությունները դադարեն մանր ու միջին բիզնեսը որպես սեփական դրամապանակի վերաբերվել ու արհեստականորեն հարկախեղդ անել, այդ ժամանակ արդեն մարդիկ սեփական կյանքն առավել բարեկեցիկ դարձնելու համար հաստատ ներդրումներ կանեն:
Արմինե Գրիգորյան