Ստրոնսկու «ազդանշանը» ոչ մի լավ բանի մասին չի խոսում
International newsregnum.ru-ն «Վաշինգտոնը կորցնում է Փաշինյանին» հոդվածում գրում է, որ ընդամենը մի քանի օր է մնացել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչապետության առաջին տարեդարձին: Այս ժամանակահատվածի կեսը նա ծախսել է իշխանության օրինականացմանն ուղղված գործողությունների և ոչ միայն գործադիր, այլ նաև օրենսդիր իշխանության նկատմամբ լիարժեք վերահսկողություն ձեռք բերելու վրա: Իհարկե, ինչպես լինում է գրեթե միշտ, նոր իշխանությունները այդ ընթացքում շատ առատաձեռն խոստումներ տվեցին, խոսեցին տնտեսական աճի ապահովման մասին, խոսեցին ցավալի բարեփոխումների անհրաժեշտության մասին և հաճախ հակասական հայտարարություններ արեցին արտաքին քաղաքականության մասով: Փաշինյանի խոսքով, ավարտվել է միայն Հայաստանում կայացած «եզակի թավշյա հեղափոխության» «առաջին փուլը», և հիմնական իրադարձությունները դեռ առջևում են: Հավանաբար այդպես էլ կա: Այնուամենայնիվ, այն հարցը, թե ինչ է իրականում տեղի ունեցել երկրում , թե՛ Հայաստանում, թե՛ դրսում բաց է մնում: Այո, Փաշինյանը իշխանության եկավ երկրում ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի և սուր քաղաքական ճգնաժամից դժգոհության ալիքների աճի պայմաններում, որոնք ստեղծեցին դասական մարքսիստական բանաձև ՝ երբ «վերևինները չեն կարողանում, իսկ ներքևինները չեն ուզում»: Այս ճգնաժամից ելքը կարող էր տարբեր լինել: Սակայն ընտրվեց միայն մեկ ելք՝ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, չնայած նախօրեին բողոքի ակցիայի առաջնորդ Փաշինյանի հետ ձախողված բանակցությունների ժամանակ հայտարարել էր, որ երբեք չի համաձայնի վերջնագրերի լեզվին: Ի՞նչը նրան դրդեց կտրուկ փոփոխություն կատարել նախնական մոտեցումներից: Նման բան չէին արել Տեր-Պետրոսյանը 1996-ին, Ռոբերտ Քոչարյանը՝ 2003-ին: Սկզբի համար նախանշենք նախնական դիրքերը, որոնք առնվազն ամրագրվել են այն ժամանակվա տեղեկատվական-քաղաքական դաշտի կողմից: Սարգսյանը պահպանում էր «ռուսամետ» քաղաքական գործչի կերպարը, որը երկիրը տարել էր ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամակցության: Փաշինյանը «արևմտամետի» համբավ ուներ և քննադատում էր գործընկերների ընտրության հարցում Երևանի միակողմանիությունը , այսինքն՝ միայն Ռուսաստան ընտրությունը: Արդյունքում հայաստանյան իշխանափոխությունը Արևմուտքում ընկալվեց որպես «ժողովրդավարության հաղթանակ»՝ թերևս համակցված Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածության աստիճանական փոփոխությամբ: Այն ժամանակ Կարնեգիի հիմնադրամի ավագ գիտաշխատող Պոլ Ստրոնսկին հայտարարել էր, որ «ԱՄՆ-ը և Ռուսաստանը հայկական իրադարձությունները չեն վերածել աշխարհաքաղաքական խնդրի՝ որոշելով չկրկնել 2014-ին Ուկրաինայում կատարված սխալները»: Նա նաև նշել էր, որ «ԱՄՆ-ը Հայաստանի ներքաղաքական փոփոխություններից հետո արտաքին քաղաքականության մեջ լուրջ տեղաշարժ չի ակնկալում՝ հասկանալով Հայաստանի եզակի աշխարհագրությունը, հայթուրքական փակ սահմանը և չլուծված ղարաբաղյան հակամարտությունը»: Այսինքն, ստացվում է, որ Վաշինգտոնը հավատում էր, որ Երևանը, չնայած ՀԱՊԿ-ին անդամակցությանը, «պետք է պահպանի հավասարակշռություն Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում»: Փաշինյանը, իր հերթին, հավաստիացրեց, որ «Հայաստանում հեղափոխությունը տեղի է ունեցել առանց արտաքին ուժերի ներգրավվածության» և իրենց արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքը կլինի «բազմավեկտորությունը»: Դա մի քիչ զգուշացրեց Ռուսաստանին, որը Հայաստանը համարում է իր ռազմավարական դաշնակիցը: Սակայն հիմա հանկարծ նույն Ստրոնսկին որոշել է հարվածել Փաշինյանին: Twitter- ի մի շարք գրառումներով նա դիմել է Հայաստանի վարչապետին` պահանջելով ամրապնդել Հայաստանի արտաքին քաղաքականության «ամերիկամետ» ուղղվածությունը՝ նշելով, որ «Վաշինգտոնը արդեն 25 մլն դոլար է վճարել Երևանին հեղափոխության համար»: Իրավիճակի տարօրինակությունն այն է, որ փորձագետը որոշել է արձագանքել Փաշինյանի՝ դեռևս մարտին «Հայաստանի կառավարության ծրագրի իրականացման գործընթացի և արդյունքների մասին» վերջնական զեկույցի ժամանակ արված արտահայտությանը, երբ վերջինս ասել էր, որ ԱՄՆ-ը վաղուց է աշխարհում հանդես գալիս որպես ժողովրդավարության կողմնակից, սակայն ինչպե՞ս է նա արձագանքել հայաստանյան աննախադեպ ժողովրդավարական փոփոխություններին՝ զրոյական արձագանք: Ներկայումս Ստրոնսկին ի պատասխան գրել է, որ դա պարզապես ճիշտ չէ և ԱՄՆ-ը իշխանափոխությունից հետո զգալիորեն ավելացրել է օգնությունը երկրին ի տարբերություն Եվրամիության, որը փող է խոստանում, բայց դանդաղ է այն ապահովում: Նա նշել է նաև, որ 1992 թվականից ի վեր Վաշինգտոնի կողմից Հայաստանին հատկացվել է ավելի քան 1 միլիարդ դոլար: Ավելին, Ստրոնսկին շեշտել է, որ «ԱՄՆ-ը պատրաստ է ավելի շատ տրամադրել, եթե Փաշինյանի կառավարությունը հստակեցնի իր քաղաքական առաջնահերթությունները և գործողությունների ծրագիրը»: Ամերիկացիների կողմից նման գործառնական տեղեկատվության «լույս աշխարհ բերելու» պատճառները, որոնք իրականում ուղղված են Փաշինյանի քաղաքական վարկաբեկմանը, հատուկ վերլուծության կարիք ունեն: Վաշինգտոնն առայժմ բացահայտորեն դժգոհում է նրանից, որ Երևանը խաղաղապահներ է ուղարկում Սիրիա` անվանելով դա «անզգույշ սխալ», և որ «հայ սակրավորների՝ ռուսների հետ Սիրիայում գտնվելը մեծ խնդիր է ԱՄՆ-ի համար»: Լրիվ հասկանալի է, որ ռուսական ուղղությամբ Փաշինյանի կատարած որոշակի քայլերը դադարել են ամերիկացիներին վարդագույն թվալ և նրանք սկսել են կորցնել, այսպես կոչված, «հայաստանյան հեռանկարը»՝ տեսնելով, որ իշխանափոխությունը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում որոշակի տարբերությունների չի հանգեցրել անվտանգության ոլորտում, չի բերել ռազմատեխնիկական համագործակցության և փոխգործակցության նվազեցման:
Ինքը Փաշինյանը առայժմ միայն բացվում է որպես քաղաքական գործիչ: Նա, ըստ էության, հրաժարվել է ռիսկային քայլեր ձեռնարկել ՀԱՊԿ-ի , մասնավորապես Ռուսաստանի հետ հարաբերությունների ուղղությամբ և կարողացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով անձնական շփումներ հաստատել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, չնայած չի հաջողացրել Արևմուտքի հետ հարաբերություններում հատուկ նախապատվություններ ստեղծել: Դժվար է ասել, թե ինչպես կդրսևորի իրեն ԱՄՆ-ը Հայաստանի նկատմամբ հիմա: Սակայն Ստրոնսկու «ազդանշանը» ոչ մի լավ բանի մասին չի խոսում:
Կամո Խաչիկյան