Ազնավուրի 95-ամյակին մեծ համերգին քիչ ժամանակ է մնացել
CultureՇառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված մեծ համերգին քիչ ժամանակ է մնացել, սակայն ֆրանսիացի կատարողների խոսքով՝ այս 20 օրն էլ իրենց շատ է թվում: Ասում են `անհամբեր են, թե երբ պիտի ժամանեն Երևան, աշխարհահռչակ հայի երգերի կատարումներով հանդես գան Շանսոնիեի սիրահարների համար: Հելեն Սեգարայից հետո հաջորդ ուղերձը հայ հանդիսատեսին Սլիմանն է ուղարկել: Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեծամասշտաբ համերգ է նախատեսել ֆրանսահայ պրոդյուսեր Հայկ Շահբազյանը հայաստանցի իր գործընկերոջ հետ միասին: «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող երեկոյի ընթացքում հանդես կգան համաշխարհային ճանաչում ունեցող սիրված ֆրանսիացի երգիչներ Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Սլիմանին, Քեյթ Ռայանը, Րաֆֆի Արտոն և այլք: Ֆրանսիացի արտիստներին կնվագակցի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Երգիչները կատարելու են ստեղծագործություններ ոչ միայն Ազնավուրի, այլև իրենց սեփական երգացանկից: Ֆրանսիացի հայկական արմատներով երգչուհի, աշխարհի լավագույն Էսմերալդա Հելեն Սեգարան անհամբեր սպասում է լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի 95-ամյակի կապակցությամբ մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգին։ Մինչ Հայաստան ժամանելը հայկական արմատներով երգչուհի Սեգարան հանդես էր եկել տեսաուղերձով, որում մասնավորապես նշված էր «Ողջունում եմ իմ բոլոր հայ ընկերներին: Ցանկանում եմ ասել, որ շուտով գալու եմ Հայաստան, մայիսի 26-ին մեծանուն Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին: Մինչ հանդիպում: Ուղարկում եմ համբույրներ»: Նշենք նաև, որ երեկոյի հյուրերը հնարավոր է լինեն նաև Ազնավուրի ընտանիքի անդամները՝ Նիկոլա և Քրիստինա Ազնավուրները: Ազնավուրի հիշատակին նվիրված համերգային նախագիծը, որի մենկարկը կտրվի Երևանից, և ապա կշարունակվի Մոսկվայում ու Փարիզում, կազմակերպել է ArmCentre կենտրոնը՝ ֆրասնական «Շահբազյան» պրոդյուսերական կենտրոնի հետ համատեղ: Համերգի տոմսերը հնարավոր է ձեռք բերել tomsarkgh.am կայքից: