Երկիրը՝ «ավտոպիլոտի» ռեժիմով. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է.
Առաջիկա օրերին լրանում է Նիկոլ Փաշինյանի վարչապետության մեկ տարին, ու քաղաքական ավանդույթի ուժով հաշվետվություններ ներկայացնելու ժամանակն է։ Թեև վարչապետը խոստացել է մայիսի 8-ին ասուլիս հրավիրել ու հանգամանալից ներկայացնել իր մեկամյա գործունեության հաշվետվությունը, սակայն արդեն այսօր մոտավորապես պարզ է, թե ինչի մասին է խոսելու Փաշինյանը։
Հեղափոխությունները, որպես կանոն, բաղկացած են լինում «տեսարաններից ու հացից»։ Մինչև խորհրդարանական արտահերթ ընտրությունները հասարակությանը կարելի էր կերակրել տեսարաններով, մանավանդ, որ ԱԺ-ում մեծամասնություն էր կազմում ՀՀԿ-ն: Թեև, հանուն արդարության պետք է նշել, որ չի եղել մի դեպք, երբ Սերժ Սարգսյանի թիմը սկզբունքային հարցում մերժի կառավարության ներկայացրած որևէ օրինագիծ։ Այնուամենայնիվ, մինչև անցած տարվա դեկտեմբերը տեսարանների պակաս չկար, «գետնին պառկեցվեցին» նախկին համակարգի մի շարք նշանային դեմքեր, ու ընտրությունների «սևն» ու «սպիտակը» «Իմ քայլին» օժտեցին սահմանադրական մեծամասնությամբ։
Իհարկե, ԱԺ ընտրություններից հետո նույնպես տնտեսության ու աշխատավարձերի թռիչքաձև աճ չարձանագրվեց, 50 հազար աշխատատեղի միֆն էլ շար արագ բացահայտվեց, որովհետև, Հայաստանում, բարեբախտաբար, չկա պրոֆեսիոնալ տնտեսագետների պակաս, որոնք, ի տարբերություն իշխանության ներկայացուցիչների, քարոզչական հնարքներով չեն առաջնորդվում ու հեղափոխական էյֆորիայից վաղուց դուրս են եկել։
Անցած մեկ տարում մարդկանց կյանքի որակը չի լավացել, փոխարենը եղել են հիմնավորված ու ոչ այնքան հիմնավորված թանկացումներ։ Դրանց կառավարությունը փորձում է պատասխանել դարձյալ տեսարաններով, որոնք ոչ միայն արդեն տպավորիչ չեն, այլ նաև շատ դեպքերում հարուցում են քաղաքացիների մեծամասնության զայրույթը։
Ասենք՝ Քաղաքացու օրվա խորհուրդն իջեցնել փողոցում խորոված ուտելու «մշակույթին» կարող է մի իշխանություն, որը դեռևս դուրս չի եկել փողոց փակելու կոմպլեքսից։ Համենայն դեպս, Քաղաքացու օրվա առաջին տոնակատարությունից հիշվելու են հենց փակված փողոցներն ու խորովածի մանղալները։ Նույնը կարելի է ասել օրերս Արարատում անցկացված բիզնես ֆորումի մասին, որի բովանդակային մասը ստվերվեց կադրերով, որոնք պատկերում էին «տնավարի» բրդուճ ուտող վարչապետին։ Այդ կադրերն էլ, ցավոք, դարձան հանրային դիսկուրսի հիմնական թեման:
Նույնը վերաբերում է նաև այլ խնդիրներին, այդ թվում՝ ԼՂ հարցին։ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքականության մեծագույն նվաճում էր համարում, այսպես կոչված, «վերելակային դիվանագիտությունը», այլ խոսքով՝ իր ու Ադրբեջանի նախագահի բանավոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել Դուշանբեում։ Առնվազն ապրիլի 30-ից առաջնագծի հայաստանյան ու արցախյան հատվածներում անհանգիստ վիճակ է, ունենք վիրավորներ, սակայն իշխանությունը չտեսնելու է տալիս վտանգավոր զարգացումները՝ այդպես էլ բացատրություններ չներկայացնելով հասարակությանը։
Այնպիսի տպավորություն է, որ երկիրն ապրում է ավտոպիլոտի ռեժիմով, տեղի են ունենում քաոտիկ գործընթացներ, իսկ «փողոցից» չկտրվող իշխանությունը չունի հայեցակարգային լուծումներ։ Հեղափոխության հաղթանակից մեկ տարի հետո զարգացման փոխարեն ունենք անորոշության, անկանխատեսելիության շատ մեծ ու օրըստօրե ահագնացող զգացում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում