Տնտեսության մեջ «ընդդեմ»-ներ չկան
AnalysisՕրերս Արարատի մարզում տեղի ունեցավ «Իմքայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումը: Նիկոլ Փաշինյանի ելույթի հիմնական առանցքը տնտեսական հեղափոխությունն էր։ Այստեղ միանգամից հարց է առաջանում՝ ՀՀ տնտեսության մեջ իրո՞ք կատարվել են փոփոխություններ, որ տնտեսական հեղափոխության նախադրյալներ լինեն: Գյուղատնտեսությամբ ու զբոսաշրջությամբ երկիրը կդառնա՞ բարձր տեխնոլոգիական: Կաթիլային ոռոգման մասին խոսողները պատկերացնու՞մ են համակարգի ներդրման գինը: Կաթիլային ոռոգումը փրկություն է, բայց՝ Իսրայելում: Նույնիսկ եթե Հայաստանում, ինչպես Իսրայելում է, ջուրն էժան լինի նրանց համար, որ մեկ հեկտարից ավելի շատ բերք են ստանում: Իսրայելի 60 %-֊ն անապատ է, իսկ Հայաստանում ջրի 70 % կորուստ ունենք: ՀՀ ջրային ավազանի ջրի հիմնական մասը հոսում է Թուրքիա: Կաթիլային ոռոգումը ոչինչ չի տա, քանի լուծված չեն սերմնացուի, անասունների սելեկցիայի, մշակաբույսերի տեսակի ծրագրման, ապահովագրության, կոոպերացիայի, կարկտահարությունից պաշտպանության հարցերը:
Ի դեպ՝ պատմության մեջ որոշակի ուսումնասիրություն կատարելով պարզ է դառնում, որ դեռևս 1999-ի ամռանը Վազգեն Սարգսյանը ջրի հարցով արտագնա խորհրդակցություն էր կազմակերպել՝ ոլորտի պատասխանատուներին ու մասնագետներին Արարատի մարզ տանելով: Դեռ այն ժամանակ էր նա խնդիր դնում ՀՀ ջրային պաշարների քարտեզ ունենալը՝ խորքային ջրեր, արտեզյան, ջրամբարներ, գոլորշացման մակարդակի հաշվառում: Նաև ասում էր, որ հեռանկարում ջուրը սիմվոլիկ գնով պիտի գյուղացուն տրվի՝ գյուղմթերքի արտահանումն էժանացնելով:
Ըստ էության, քանի՞ խորհրդաժողով է պետք, որ վարչապետն ու կառավարությունը հասկանան՝ գյուղատնտեսությամբ ու զբոսաշրջությամբ արդյունաբերական հեղափոխություն չես անի, փողն արդյունաբերության մեջ է, իսկ արդյունաբերության վերականգնումը կառավարության օրակարգում առաջնահերթություն չէ:
Այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը քանիցս խոսում է, որ ՀՀ-ում վերջին մեկ տարվա ընթացքում 50000 աշխատատեղ է ավելացել, ընդամենը այս կամ այն ոլորտից քերված ու բացահայտված փաստեր են. իհարկե նման պրիմիտիվ քայելրով տնտեսության զարգացում չես իրականացնի: Կարևոր է փաստել նաև, որ վարչապետն անընդհատ զուգահեռներ է անցկացնում քաղաքական ու տնտեսական հեղափոխությունների միջև՝ հույսը դնելով մարդկանց գլխում աղքատության հաղթահարման վրա. Նա պետք է մտածի, որ ինքը ՀՀ ամենահպարտ քաղաքացին է, որ ամենից շատ պիտի մտածի արդյունաբերության զարգացման մասին: Մի կարևոր բան ևս՝ եթե քաղաքականության մեջ առ այսօր աշխատում է «ընդդեմի» սկզբունքը, տնտեսության մեջ «ընդդեմ» չկա:
Դեկտեմբերի 9-ի ընտրություններից անցել է չորս ամիսը, ինչը միանշանակ, գերկարճ ժամանակ չէ, հակառակը՝ անցած 4 ամիսները պիտի լինեին համակարգային փոփոխությունների ներկայացման ու հիմնավորման շրջան, որ մնացած 4 տարում հնարավոր լինեին փոփոխությունները: Հեղափոխությունից հետո անցած մեկ տարում կառավարության հաստատված կառուցվածքից ու վարած քաղաքականությունից, մենք նույնիսկ չունենք պետական ձևավորված ու գործող համակարգ, հայեցակարգ կամ ծրագիր, որ առարկայական է դարձնում տնտեսական հեղափոխության հնարավորությունը: Փոխարենն ավելի ու ավելի հաճախ ենք լսում թվեր ու վիճակագրական հաջողությունների հայտարարություններ, իսկ կյանքի որակը փաստացի նույնն է:
Անդրանիկ Հարությունյան