«Այս կառավարությունը չունի այն թիմը, որը պատրաստ է հեղափոխական մտքեր մշակել, սպասարկել և կյանքի կոչել դրանք». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ Հայաստանի տնտեսության հիմնական խնդիրը եկամուտների բևեռվածությունն է: Խոսելով վերջին մեկ տարվա ընթացքում առկա տնտեսական իրավիճակից՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Մանրամասնելով եկամուտների բևեռվածության խնդիրը՝ նա շեշտեց. «Մեր երկրի տարածքում ստեղծված արդյունքը հասարակության անդամների միջև անհավասարաչափ է բաշխվում. հարուստներն ավելի են հարստանում, աղքատներն՝ ավելի աղքատանում: Այս երևույթը կար թե՛ նախկինում, թե՛ ներկայում: Դրա վառ ապացույցը տնտեսական աճի որակն է:
2017թ. մենք ունեինք 7,5 % տնտեսական աճ, որն ապահովել են հիմնականում խոշոր տնտեսվարողները, մոնոպոլիստներն ու օլիգարխները: Ազգաբնակչության մեծ մասը չէր օգտվել այդ աճից, և նրանց եկամուտները հիմնականում նույնն էին մնացել: Նույն երևույթն առկա էր նաև 2018թ.ին, երբ գրանցված 5,2 % տնտեսական աճն ապահովվել էր ի հաշիվ ծառայությունների ոլորտի և առևտրի: Իսկ առևտրի հիմնական աճը գրանցվել է ի հաշիվ ստվերի բացահայտման: Նշված գործընթացը շարունակվում է նաև 2019թ.-ին»,ասաց տնտեսագետը:
Նա ընդգծեց, որ 2019թ. առաջին եռամսյակի ընթացքում 6,5 % տնտեսական աճ ունենք, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ունեինք 8,3 % աճ:
«Այս տարի տնտեսական աճի տեմպը 2018թ. համեմատ դանդաղել է, բացի այդ, ի հայտ են եկել մտահոգիչ նոր խնդիրներ: Մասնավորապես, նախորդ տարվա համեմատ արտահանման ծավալները 8,6 %-ով նվազել են: Սա վկայում է այն մասին, որ մեր տնտեսությունը դառնում է ոչ թե արտահանող, այլ սպառող, ինչը լուրջ խնդիր է»,ասաց Ս. Պարսյանը՝ հավելելով, որ այնպիսի արտահանման աճ պետք է ունենանք, որը բազային հիմք կլինի մյուս տարիների տնտեսական աճի համար:
Սուրեն Պարսյանի խոսքով, տնտեսական նախկին քաղաքականությունը շարունակելով՝ տնտեսական հեղափոխություն հնարավոր չէ անել. «Այս կառավարությունը շարունակում է նախորդ կառավարության նեոլիբերալ տնտեսական քաղաքականությունը, ինչի արդյունքում տնտեսական հեղափոխություն չի կարող լինել: Հին տնտեսական մոդելով նոր տնտեսություն կառուցել հնարավոր չէ: Եթե մենք ուզում ենք տնտեսական հեղափոխություն անել, պետք է փոխենք տնտեսական քաղաքականությունը և նոր մոդել որդեգրենք, ինչն այս կառավարությունն առ այսօր չի մշակել և չի ներկայացրել: Բացի այդ, տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ է թիմ: Այս կառավարությունը չունի այն թիմը, որը պատրաստ է հեղափոխական մտքեր մշակել, սպասարկել և կյանքի կոչել դրանք: Սա լուրջ խնդիր է: Շատ հաճախ խոշոր ներդրումային նախագծերը հենց այդ թիմի բացակայության պատճառով թղթի վրա են մնում»:
Տնտեսագետը շեշտեց՝ կառավարությունը չունի տեսլական, թե ինչպիսի տնտեսություն է ուզում ունենալ, բայց առանձին ուղղություններով փորձում է որոշ բարեփոխումներ իրականացնել. «Սա նման է մի իրավիճակի, երբ չես որոշել, թե ինչ ավտոմեքենա ես ձեռք բերելու, բայց արդեն անվադող ես գնում: Կառավարությունն անցած մեկ տարվա ընթացքում գոնե պետք է մշակեր իր տնտեսական մոդելը, որ առանձին ուղղություններով դրան համապատասխան քաղաքականություն կամ մեխանիզմներ մշակեր և ներդներ: Բայց այս տրամաբանական շղթան այս դեպքում չի գործում»:
Հաշվի առնելով, որ շատ հաճախ այս կառավարությունը միայն առանձին ճնշումների տակ է հրաժարվում իր որոշումներից կամ դրույթներից, տնտեսագետը նշեց. «Իրենց գործողությունների մեջ տրամաբան ա կան հա ջորդ ա կ ա նու թ յ ա ն շ ղ թ ա ն խախտվում է: Բայց համակարգը պետք է ամբողջական լինի, որ հասարակական ճնշման դեպքում միանգամից այս կամ այն դրույթը չհանեն: Բացի այդ, ի դեմս Ազգային ժողովի, կառավարությունը չունի աջակցող թիմ: Ազգային ժողովի պատգամավորների մեծ մասը շատ պասիվ է:
Նրանք հիմնականում հայտարարությունների մակարդակում են ակտիվ, բայց օրենքի նախագծեր գրեթե չեն ներկայացնում և չեն առաջարկում: Եվ, բնականաբար, ամբողջ ծանրաբեռնվածությունը մնում է կառավարության վրա»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում