Դոնալդ Թրամփը չի համապատասխանում Բուշի եւ Օբամայի «դասին»․ Լոնդոնի քաղաքապետ
International newsԼոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը հաջորդ ամիս Բրիտանիա ԱՄՆ նախագահի այցից առաջ հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը չի համապատասխանում երկրի ղեկավարի պաշտոնում իր նախորդների «դասին»՝ հայտնում է Fox News-ը։
Բրիտանական LBC ռադիոկայանին տված վերջին հարցազրույցում Խանին հարցրել են Դոնալդ Թրամփի առաջիկա պետական այցի մասին։
«Իհարկե, մենք պետք է մոտ հարաբերությունների մեջ լինենք Միացյալ Նահանգների նախագահի հետ, սակայն մենք չպետք է կարմիր գորգ փռենք, մենք չպետք է պետական ընդունելություն կազմակերպենք»,- հայտարարել է Խանը։
«Պատմությունը մեզ հուշում է, որ միայն երկու նախագահ է այցելել պետական այցով․․․ Ես կարծում եմ, որ նախագահ Թրամփը որոշակիորեն նույն դասից չէ, ինչ այն երկուսը»,- հայտարարել է նա՝ նկատի ունենալով Բուշին եւ Օբամային։
Բուշը Մեծ Բրիտանիա է այցելել 2003-ին, իսկ Օբաման՝ 2011-ին։
Խանը նաեւ հայտարարել է, որ եթե իրեն հրավիրեին պաշտոնական ճաշի, ինքը չէր գնա եւ կսատարեր լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Կորբինին, որը չի այցելի այդ միջոցառմանը։
Քաղաքապետը նաեւ իր դժգոհությունն է հայտնել այն մասին, թե ինչպես է Թրամփը խոսում կանանց մասին։
Անցյալում Խանը եւ Թրամփը նույնպես «սիրալիրություններ էին փոխանակել»։ Այսպես, The Sun-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել էր, որ Լոնդոնի քաղաքապետը ահաբեկչության եւ հանցավորության հետ կապված «ահավոր աշխատանք է կատարել» բրիտաանական մայրաքաղաքում։
Իր հերթին BBC-ին տված հարցազրույցում Խանը Թրամփի արտահայտություններն անվանել է անհեթեթ եւ հայտարարել է, որ հանցավորության ալիքը բարձրացել է երկրով մեկ, եւ մայրաքաղաքը ստիպված է պայքարել դրա դեմ ոստիկանական փոքր բյուջեով։