«Ոգևորված էի հեղափոխությամբ, բայց մեկ-մեկ հիասթափություններ են լինում». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
«Այսօր ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի մշակութային կյանքում սկսել է գերիշխել անորակն ու անճաշակը: Ամեն ինչի հիմքում գովազդն է: Այն արվեստագետը, որը կարողանում է ժամանակին գովազդ ապահովել, ճիշտ պահին հայտնվում է ճիշտ տեղում: Հայաստանում ավելի շատ գործում է խնամիծանոթ- բարեկամ համակարգը: Բայց կան, իհարկե, որակյալ արվեստագետներ», «Փաստի» հետ զրույցում ասում է Վանաձորի կերպարվեստի թանգարանի նկարիչ-վերականգնող, ICOM թանգարանների միջազգային կոմիտեի Հայաստանի ազգային խորհրդի անդամ Արփինե Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է մշակութային կյանքում առավել մեծ տեղ տրվում անճաշակությանը: Նա նշում է, որ չնայած ընդհանուր բացասական միտումներին` Վանաձորում փորձում են առաջ մղել որակյալ արվեստը: «Ինքս աշխատում եմ կերպարվեստի թանգարանում, ունենում ենք միջքաղաքային և միջմարզային ցուցահանդեսներ: Հունիսին կունենանք նաև հանրապետական ցուցահանդես: Մասնակցում են նկարիչներ բոլոր մարզերից, նաև Երևանից: Գործերն ընտրում է հատուկ ժյուրին: Աշխատում ենք հնարավորինս առաջ մղել որակյալ աշխատանքները», – ընդգծում է նկարիչ- վերականգնողը՝ հավելելով, որ երեխաների մոտ նկատում է հետաքրքրություն դեպի արվեստը: «Երբ ցուցահանդեսներ ենք կազմակերպում Վանաձորի կերպարվեստի թանգարանում, այցելուներ ենք ունենում դպրոցներից, համալսարաններից, անգամ մանկապարտեզներից: Տարիքային տարբեր խմբերի համար կազմակերպում ենք համապատասխան էքսկուրսիաներ, միջոցառումներ, դասընթացներ: Երեխաները տարբեր են, բայց մեծամասամբ նկատում ենք հետաքրքրություն արվեստի նկատմամբ: Շատ երեխաներ գալիս են թանգարան, չգիտեն, թե դա ինչ է, արվեստն ինչ է: Տարբեր մեթոդներով փորձում ենք շարժել նրանց հետաքրքրությունը: Օրինակ, թանգարանում ունենք նկարներ, որոնց փազլները կան, և, երեխաները նայելով նկարին, սկսում են այդ փազլը հավաքել: Սա որոշակիորեն մեծացնում է հետաքրքրությունը արվեստի գործի նկատմամբ», - ասում է մեր զրուցակիցը:
Փաստում ենք. թանգարանը փորձում է փոքր, բայց կայուն քայլերով պայքարել անորակի դեմ, իսկ արդյոք պետությունը չպե՞տք է ունենա մշակութային հստակ քաղաքականություն: Իսկ գուցե պետք է գնալ «չի կարելիի» ճանապարհով: «Մանկապարտեզից սկսած` երեխաներին պետք է մատուցել ճաշակով արվեստ, ծանոթացնել ազգային և համաշխարհային մշակույթի բարձր արժեքներին: Ճաշակը պետք է զարգացնել փոքրուց: Հեռուստատեսությունը շատ մեծ դեր ունի այս ամենում: Հեռուստադիտողին մատուցվում է անճաշակ արվեստ: Որ հեռուստաալիքը միացնում ես, հնդկական ցածրարժեք ֆիլմեր են: Ծնողն անընդհատ չի կարող վերահսկել, թե իր երեխան ինչ է դիտում, ինչով է զբաղված:
Մշակութային քաղաքականության մասին: Եթե մեր պետությունն այսօր համարում է, որ իրեն մշակույթի նախարարություն հարկավոր չէ, չգիտեմ՝ ի՞նչ մտածեմ: Շատ են խոսում, որ նախարարությունը պարապուրդի էր մատնված: Եթե այդ տեսանկյունից նայենք, ապա շատ ոլորտներում էր պարապուրդ: Գիտենք՝ ինչպես էր ամեն ինչ արվում: Մշակույթը մեր ազգային դեմքը պահպանող կարևորագույն ոլորտներից մեկն է, չի կարելի մատերի արանքով նայել դրան: Ուղղակի անհրաժեշտ է խիստ վերահսկողություն բոլոր ոլորտներում», - կարծում է նկարիչ- վերականգնողը:
Արփինե Հովհաննիսյանի հետ զրույցում անդրադառնում ենք նաև թանգարանում առկա խնդիրներին: «Խնդիրները հիմնականում կապված են պայմանների հետ: Ինքս նկարիչվերականգնող եմ: Թանգարանում բացակայում են նկարների պահպանման տարրական պայմանները: Ունենք ջեռուցման խնդիր, չունենք օդորակիչներ: Ձմռանը՝ ցրտից, իսկ ամռանը՝ շոգից, այսինքն ջերմախոնավային ոչ ճիշտ պայմաններից նկարները վնասներ են կրում: Մեր թանգարանի շենքի վերանորոգման հարցը քննարկել են քաղաքապետարանն ու մշակույթի նախարարությունը: Գուցե վերանորոգումից հետո համապատասխան պայմանները ևս ապահովվեն: Լավատես ենք», - նշում է Հովհաննիսյանը:
Չենք շրջանցում նաև հեղափոխությունը: «Ակնկալիքներ շատ կային և հիմա էլ կան: Դեռևս չեն արդարացել, մեկ-մեկ հիասթափություններ են լինում: Ինքս շատ ոգևորված էի հեղափոխությամբ: Բայց չեմ հուսալքվում, կարծում եմ՝ ամեն ինչ դեռ առջևում է: Միանգամից ոչինչ անել հնարավոր չէ», - եզրափակում է մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում